ԿԸՀ-ն հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների միջոցառումների նախապատրաստման ժամանակացույցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում հաստատել է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումն երի ժամանակացույցը: Նիստի մեկնարկին ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ Երևանի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին:

«Մենք նախապատրաստել ենք ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույց` հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի պահանջները: Ժամանակացույցում, ընդհանուր առմամբ, ներկայացված է 77 միջոցառում, որոնք պետք է իրականացվեն Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մուկուչյանը:

Երևանի ավագանու հերթական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ժամկետը 2017թ. մարտի 30-ից մինչև 2017թ. ապրիլի 9-ն է, ժամը 18:00-ն: Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ցուցակների գրանցումը կիրականացվի 2017թ. ապրիլի 9-14-ը: Ընտրական տեղամասերը կկազմվեն մինչև 2017թ. մարտի 30-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի 2017թ. ապրիլի 21-ից և կշարունակվի մինչև մայիսի 12-ը ներառյալ:
Մուկուչյանը նաև հայտնեց, որ ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն և դրանց վերաբերյալ որոշում կընդունվի 2017թ. մայիսի 21-ին: Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագծին կողմ քվեարկեցին ՀՀ ԿԸՀ բոլոր անդամները:




Լրահոս