Վերջին շրջանում մի շարք դեպքեր գրանցվեցին, ըստ որոնց քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել էին փաստաբանների մուտքը, խուզարկել նրանց և խոչընդոտել մասնագիտական գործունեությանը: Փաստաբան Մուշեղ Շուշանյանին «Արմավիր» ՔԿՀ վարչակազմը թույլ չէր տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սէֆիլյանին:
Բացի այս, նման վարքագծի դրսևորումներ արձանագրվել են նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ տարբեր փաստաբանների նկատմամբ:
Այս առիթով ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, քրեակատարողական վարչությունից էլ արձագանքել էին կատարվածին:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ: Վերջինիս խոսքով՝ հայտարարության մեջ կետ կա, ըստ որի քրեակատարողական հիմնարկ մուտք գործելիս փատաբանի փաստաթղթերի զննությունը պետք է իրականացվի առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու:
«Դա իմ կամ մյուս փաստաբանների, ովքեր առնչվել են նմանատիպ իրավիճակների, բավարարել չի կարող: Նախորդ շաբաթվա ընթացքում երկու անգամ փորձել եմ հանդիպել իմ պաշտպանյալների հետ, սակայն երկու անգամ էլ իմ գործունեությունը խոչընդոտվել է, թույլ չի տրվել տեսակցել նրանց»,-ընդգծեց նա:
Ըստ փաստաբանի՝ պատճառ է հանդիսացել նրա մոտ եղած փաստաթղթերը. «Խուզարկելու կամ զննելու ինձ նման պահանջ է առաջադրել քրեկատարողական հիմանարկի ադմինիստրացիայի կողմից: Քրեակատարողական հիմնարկի պետի երկու տեղակալներն ինձ ասացին, որ ես պետք է իրենց տրամադրեմ իմ ձեռքում եղած փաստաթղթերը: Նրանք պետք է դրանք կարդան, ծանոթանալուց հետո նոր կորոշեն, ես կարող եմ տեսակցել, թե ոչ»:
Ըստ նրա՝ նպատակը Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հրապարակային խոսքը սահմանափակելն է, քանի որ նրանք պարբերաբար հանդես են գալիս հոդվածներով:
«Այսինքն՝ փորձ է արվում փաստաբանին խուզարկելու, հսկելու շնորհիվ նրանց խոսքը սահմանափակել»,-եզրափակեց նա:
Լիդա Եղիազարյան