Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Նշենք, որ այցի նախօրեին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը, որում մասնավորապես ընդգծել է․«Առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Սա շատ լավ հասկանում ու այս մասին բարձրաձայնում են միջնորդները»:
ArmLur.am-ն այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանից հետաքրքրվեց, թե՞ այս հանդիպումն առհասարակ ի՞նչ կտա Հայաստանին, մասնավորապես՝ Արցախին:
Ըստ նրա՝ հանդիպումը պայմանավորված է ԼՂՀ հիմնախնդրով:
«Երկու դաշնակից գործընկերների և մի շարք ձևաչափերով միմյանց հետ համագործակցող երկրների արտգործնախարարների հանդիպումներն օրինաչափ երևույթ են: Եվ քննարկել, թե ինչ կտա այդ հանդիպումն այս կամ այն հարցով, կարծում եմ, ճիշտ չէ, քանի որ հանդիպման օրակարգը կարող է բազմապրոֆիլ լինել, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում և գործընկեր, բարեկամ երկիր, համագործակցություն ԱՊՀ-ի շրջանակներում, համագործակցության խնդիրները միջազգային շրջանականերում»,-ասաց նա:
Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ նման այցելությունները ո՛չ միայն անհրաժեշտն են, ո՛չ միայն ողջունելի են, այլ նաև շատ կարևոր են երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից:
Սակայն, նկատենք, որ «ձևական» այս հանդիպումների շարքն, ըստ էության, դրական ոչ մի ազդեցություն չի ունենում թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի վրա:
Հավելենք, որ առաջիկայում Մոսկվայի հրավերով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ևս պաշտոնական այց կունենա:
Լիդա Եղիազարյան