Առողջապահության էլեկտրոնային համակարգը՝ մտահոգության առիթ. ինչ է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առողջապահական ոլորտում ներդրվող նոր համակարգով հիվանդի բժշկական քարտն էլեկտրոնային եղանակով հասանելի կլինի տարբեր բուժհաստատությունների մասնագետներին: Սակայն էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման հետ կապված մի շարք հասարակական կազմակերպությունների եւ բուժհաստատությունների մոտ մտահոգություններ են առաջ եկել:

Նախատեսվում է, որ 1-1.5 տարվա ընթացքում առողջապահական էլեկտրոնային համակարգն ամբողջությամբ պետք է փոխարինի ներկայում կիրառվող թղթային համակարգին: Անցումն իրականացվելու է երեք փուլով. առաջին փուլ՝ բուժհաստատությունները միանում են համակարգին եւ մուտքագրում իրենց տեխնիկական եւ մարդկային ռեսուրսների, մատուցվող ծառայությունների մասին տվյալներ: Երկրորդ փուլ՝ պացիենտների հոսքի կառավարում՝ հերթ կանգնելու փոխարեն օնլայն ռեժիմով հերթագրում: Այս փուլում ոչ մի առողջապահական տվյալ չի մուտքագրվում: Եվ երրորդ փուլ՝ էլեկտրոնային բժշկական քարտի (ԷԲՔ) բացում, որի ընթացքում բժիշկները կսկսեն մուտքագրել պացիենտի տվյալները:

Յուրաքանաչյուր այցելուի համար բացվելու է մեկ միասնական էլեկտրոնային բժշկական քարտ, որը հասանելի կլինի համապատասխան մասնագետին՝ անկախ վայրից ու ժամանակից: Մուտքը համակարգ իրականացվելու է ID քարտի միջոցով. պացիենտն իր ID քարտով մուտք է գործելու անձնական էջ եւ թույլատրելու է բժշկին մտնել այդտեղ: Բժիշկն էլ իր ID քարտով է մուտք գործելու համակարգ: Միայն արտակարգ դեպքերում հնարավոր կլինի մուտքը համակարգ առանց պացիենտի համաձայնության:

Ծրագրի իրականացումը սկսվել է դեռեւս 2011 թվականից: Իսկ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը կնքել է պայմանագիր հաղթող ճանաչված «Ericsson Nikola Tesla d.d եւ Masys Apahov LLC» համատեղ ձեռնարկության հետ: Ծրագիրն իրագործվել է Համաշխարհային բանկի՝ 2 միլիոն դոլար արժողությամբ վարկային ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ 2015թ. հոկտեմբերից Երեւանում եւ ՀՀ մարզերում գործող 5 բուժհաստատություններում իրականացվել է համակարգի պիլոտային փորձարկում: Դրանում ներառվել են «Հերացի» եւ «Մուրացան» հիվանդանոցային համալիրները, Գորիսի բժշկական կենտրոնը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկան, Բալահովիտի բժշկական ամբուլատորիան, «Աբովյան» բժշկական կենտրոնը եւ «ԻՆԳՈ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը:

Հայաստանյան մյուս բուժհաստատություններն այժմ գտնվում են էլեկտրոնային առողջապահության համակարգին անցնելու գործընթացում: Դրանցից շատերի տնօրենները, սակայն, մտահոգված են. նրանց մեծ մասն անորոշության մեջ է, քանի որ չեն պատկերացնում, թե ինչպես կամ ինչ մեխանիզմով է գործելու առողջապահության էլեկտրոնային համակարգը: Բայց հիմնական խնդիրը հիվանդի տվյալների գաղտնիության պաշտպանությունն է: Արդյոք այս համակարգի ներդրմամբ դա լիարժեքորեն կապահովվի, թե հիվանդի տվյալները մատչելի կլինեն բուժհաստատության բոլոր աշխատակիցների համար:

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ տնօրեն Վիոլետա Զոփունյանի համոզմամբ՝ հիվանդի տվյալների գաղտնիության իրավունքի խախտման դեպքերն առավել հաճախ հանդիպում են բնակչության «խոցելի» խմբերում, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ, թմրամիջոց օգտագործողները, հոգեկան առողջության խնդիրներ, հաշմանդամություն ունեցող անձինք եւ այլն: «Իրավունքի զարգացման կենտրոն»-ի հետազոտությունը ցույց է տվել, որ մեր օրերում անձի բժշկական տվյալների գաղտնիության խախտումն ամենաշատը տարածված է քաղցկեղով հիվանդների շրջանում. հիվանդների մեծ մասն ընդհանրապես տեղյակ չէ իր ախտորոշման մասին, չգիտի՝ ինչի համար է բուժվում, մինչդեռ այդ մասին տեղյակ են իր հարազատներն ու հարեւանները: Վիոլետա Զոփունյանի խոսքով՝ անգամ ավագ բուժքույրն ազատ մուտք ունի գրանցամատյաններ եւ կարող է դրանք բուժհաստատության տարածքում շրջանառել: Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում բավական մանրամասն կարգավորված են հիվանդի առողջական վիճակին վերաբերող տվյալների գաղտնիության հարցերը:

Այստեղ տեղին է հիշել հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի խոսքերը. վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ երբ ինքը փողոցում, խանութում կամ մեկ այլ վայրում հանդիպում է իր հիվանդներին, խուսափում է բարեւելուց: Նա կարծում է, որ եթե պացիենտներն անհրաժեշտ են համարում իրեն բարեւել, ապա բարեւում են:
Իսկ ահա էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը կարող է էլ ավելի խոցելի դարձնել մարդու անձնական տվյալների գաղտնիության իրավունքի պահպանումը: Քաղաքացիների մեծ մասը վստահություն չունի, որ ներդրվող համակարգը հուսալի կգործի եւ իր տվյալները հասանելի չի դարձնի երրորդ անձին: Եւ չնայած սրան՝ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը կհեշտանա:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս համակարգում տվյալների հասանելիության, իրավասությունների տրամադրման գործընթացները եւ մեխանիզմները ներդրվել են համաշխարհային լավագույն փորձի հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերը, որոնք առկա են եւ կարող են ծագել անձանց տվյալների գաղտնիության խոցելիության դեպքում: «Համակարգում ցանկացած անձի՝ թե՛ քաղաքացու, թե՛ բժշկի մուտքը թույլատրվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված նույնականացման քարտի միջոցով:

Քաղաքացու կողմից համակարգ մուտք գործելու դեպքում տրվում է միայն տվյալ քաղաքացու բժշկական պատմության տեղեկատվությունը, իսկ բժշկի կողմից մուտք գործելու դեպքում քաղաքացու բժշկական պատմությունը հասանելի կարող է դառնալ միայն տվյալ քաղաքացու թույլտվությամբ: Այսինքն՝ էլեկտրոնային առողջապահական համակարգում բացառվում են քաղաքացու բժշկական պատմությունը երրորդ անձանց հասանելի դառնալու հնարավորությունները»,- նշեց Վ. Գեւորգյանը՝ վստահեցնելով, որ հաքերային հարձակումներից այն նույնպես պաշտպանված է լինելու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս