Փաստաբան Երվանդ Վարոսյանն ահազանգում է.
«Առավոտվանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում էի, իրավիճակն ինչպես սպասվում էր, վատթարացել է` համատարած խուզարկության պահանջներ զննության անվան տակ։ Փաստաբաններ կային, ում մուտքն արգելվեց։ Օբյեկտիվ լինելու համար նշեմ, որ ՔԿ հիմնարկների աշխատակիցներն իրենց գործողությունները պատճառաբանելիս ներկայացնում էին մեր գործընկեր փաստաբանների կողմից կալանավորված անձանց ինչ ասես փոխանցելու փաստեր, ուստի պարզ է, որ իրավիճակը ելք է պահանջում։
1. Պաշտպանի հետ տեսակցող կալանավորված անձինք թե՛ տեսակցությունից առաջ, թե՛ հետո ենթարկվում են խուզարկության, որի պայմաններում ՔԿ հիմնարկների աշխատակիցների պատճառաբանություններն անտեղի են։
2. Բոլոր ՔԿ հիմնարկներն ապահովված են ռենտգեն սկաներ սարքերով, որոնցով կարող են անցկացվել փաստաբանի իրերը, ապա կասկածելի առարկա նկատելու դեպքում համապատասխան աշխատակիցը կարող է խնդրել այն թողնել պահախցում կամ ցույց տալ ու փարատել կասկածները։
3. Եթե այնուամենայնիվ այս գործողություններն ինքնանպատակ են, ամեն կերպ փաստաբանների պայուսակներ, ճամպրուկներ ու փաստաթղթեր ներխուժելու փորձ, ապա համարում եմ, որ փաստաբաններս ստիպված ենք լինելու մեր իրավունքները պաշտպանել անգամ խիստ միջոցների դիմելով` ընդհուպ բոյկոտ ու գործադուլ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին փաստաբանների շուրջ ստեղծված աղմուկի պատճառով ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը հանդիպել էին, սակայն ինչպես նկատում ենք հանդիպումը չտվեց ցանկալի արդյունք եւ փաստաբանները պատրաստվում են դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները: