ԵԱՀԿ գործող ղեկավարի առաջարկը կարող է լուծել Երևանի գրասենյակի հետ կապված խնդիրը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Կարծում եմ, որ վերջին առաջարկը, որը պատրաստել է ավստրիական նախագահությունը, լուծում է առաջացած խնդիրները: Հուսով եմ, որ դրան կանդրադառնանք մոտ ժամանակներս, և դա կօգնի հաղթահարել ԵԱՀԿ-ի համար ոչ այնքան լավ իրավիճակը»,-ասել է Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ճակատագրի հանդեպ: «Մենք մշտապես աջակցում ենք սկզբունքը, որի համաձայն բյուրոները, գրասենյակները բացվում են ԵԱՀԿ մասնակից պետությունների ցանկությամբ: Սակայն տվյալ դեպքում մենք անտարբեր չենք, քանի որ բյուրոն ղեկավարվում է ՌԴ քաղաքացու կողմից»,-հավելել է Լավրովը:
«Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ծրագրերին, որոնցով զբաղվում են այս կամ այն երկրի այս կամ այն գրասենյակները, իհարկե, այդ ծրագրերը պետք է պատասխանեն ԵՀԱԿ-ի սկզբունքներին»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: