Դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարած պաշտոնյաներն ընդունել են առաջադրված մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարեվերջին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր բացահայտվեցին: Մասնավորապես, հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարմնավաճառներ են մատակարարել դատապարտյալներին, ինչի դիմաց գումար են ստացել:

Կատարվածը, թերևս, մեծ աղմուկ չէր բարձրացնի, եթե ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չհայտներ, որ մարմնավաճառները երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի հանդիպել են դատապարտյալներ Կ.Հ.-ի, Պ. Մ.-ի և Ա. Գ.-ի հետ, որոնցից մեկը եղել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիր:

Բանն այն է, որ մի շարք նախկին դատապարտյալնեի խոսքով՝ անազատության մեջ գտնվողներին շահադիտական նպատակներով մարմնավաճառներ մատակարարելու սովորույթը նոր բան չէ: Պարզապես այս անգամ, կարծես թե, ՔԿՀ աշխատակիցներն ինչ-որ տեղ վրիպել են:

Նախ հիշեցնենք՝ 2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:

Սակայն այս աղմկահարույց պատմության մեջ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո նախկին պաշտոնյան կալանքի տակ է, իսկ ահա քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանն օրերս ազատվել է կալանքից եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու վերաբերյալ:

Գործը մակագրվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուղարկվել դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթ:

Եվ ահա, չանցած երկու ամիս՝ դատավճիռը հրապարակվել է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՔԿՀ աշխատակից Կարապետ Մկրտչյանը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Նշենք, որ Կարապետ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՔԿՀ պետի տեղակալի պաշտոնում, ՔԿՀ պետի բանավոր հրամանով փաստացի իրականացնելով կալանավորված անձանց և դատապարտյալների տեսակցությունների թույլատրման գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը չարաշահելով` էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:

Գործով մյուս մեղադրյալ Խաչիկ Խաչատրյանը, ով զբաղեցրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահի պաշտոնը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, սակայն նրա նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ նշանակվել է 2 տարի փորձաշրջան:

Ի դեպ, ամբաստանյալները առաջադրված մեղադրանքն ընդունել են և դատարանին միջնորդել են գործը քննել արագացված ընթացակարգով:




Լրահոս