Ինչպես հայտնի է՝ փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած Սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային դիտորդներ՝ 30-ից ավելի երկրներից: Նրանց թվում էին նաև Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասին (ԱՄՆ), Սանտա Կրուզ շրջանի ընտրությունների հարցերով պատասխանատու Գեյլ Պելլերինին (ԱՄՆ), Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդին (ԱՄՆ) և Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսին (Կանադա):
ArmLur.am-ը զրուցել է միջազգային դիտորդների հետ: Ջիմ Կարիջիանիսը մեզ հետ զրույցում անցկացված հանրաքվեն իդեալական համարեց՝ ընդգծելով, թե նախանձով է ականատես լինում, թե Արցախում ինչպես շատ մարդիկ են մասնակցում հանրաքվեի:
«Մինչ այս, բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություն եմ կատարել և երբեք նման բան չեմ տեսել: Հանրաքվեին 75%-ից ավելի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լսելի է դարձնում ժողովրդի ձայնը», – նշեց նա:
Նրա խոսքով` սա հավելյալ լիցքեր է հաղորդում, որպեսզի երկիրը շարժվի դեպի առաջ: «Դուք գիտեք՝ մենք Օսկար և «Գրեմմի»-ներ ենք շնորհում, եթե ընտրությունների համար «Օսկար» տալիս լինեինք, ապա Արցախն անպայման կարժանանար այդ Օսկարին։ Ընդ որում, այն պետք էր տալ ոչ միայն ընտրությունները կազմակերպողներին ու անցկացնողներին, այլև Արցախի ժողովրդին», – հավելեց Կարիջիանիսը:
Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը մեզ հետ զրույցում ևս չթաքցրեց իր հիացմունքը՝ անցկացված հանրավքեի առնչությամբ: Նա ընդգծեց, որ ցանկություն ունի Արցախում ձեռք բերած փորձը կիսել իր երկրում, քանի որ այնտեղ հեշտ չի լինում նման դեպքերում մասնակցության մեծ տոկոս ապահովել:
Մեր հարցին՝ արդյո՞ք պատվիրակության ներկայացուցիչներն արդեն Ադրբեջանի «սև ցուցակում» են՝ հաշվի առնելով վերջինի պաշտոնական գերատեսչությունների հայտարարություններն այդ մասին, Բորգեասը նշեց. «Կարծես թե ես Սուրբծննդյան բացիկներ չեմ ստանում Ադրբեջանից։ Կարծում եմ, եթե կա ժողովրդավարություն՝ ուժեղ ինստիտուտներով, արդեն սև ցուցակ կազմելու ու պահպանելու կարիք չկա, իսկ Ադրբեջանը դա անում է»։
Նաիրա Հովհաննիսյան