Հատկապես ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցուցակների հրապարակումից հետո պարզ դարձավ, որ առաջիկա ընտրապայքարը լինելու է շատ կոշտ եւ թեժ: Արդյո՞ք կհաջողվի ապրիլի 2-ին անցկացնել խորհրդարանական ընտրություններ, որոնք իրապես կլինեն քաղաքական եւ ոչ թե թաղի տղերքի պատերազմ, եւ արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունները ԲՀԿ-ին հավասարազոր ուժեր են. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն է:
-Տիկի՛ն Զոհրաբյան, հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգը՝ արդյո՞ք կհաջողվի իրապես քաղաքական ընտրություններ անցկացնել, թե՞ էլի ականատես ենք լինելու թաղի տղերքի միջեւ մրցակցության:
-Այն, որ ռեյտինգային ընտրակարգը, ըստ էության, ժամանակակից գլադիատորական մարտեր է լինելու, փաստ է: Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ընտրական օրենսգրքում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ։ Հակառակ դեպքում մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում։ Մեզ հաջողվեց երկու կարեւոր առանցքային դրույթ ամրագրել օրենսգքում՝ ընտրատեղամասերում տեսանկարահանել ընտրական ողջ գործընթացը, եւ որ անչափ կարևոր էր՝ հրապարակել քվեարկած ընտրողների ցուցակը։
Բավարա՞ր է սա՝ սպասվող գլադիատորական մարտերը կանխելու համար, իհարկե՝ ոչ։ Բայց մտածել, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, եւ մի կողմ քաշվել՝ թույլ տալով, որ երկրի կործանումը հասցվի ոմանց ծրագրած տրամաբանական ավարտին, սա ճիշտ մոտեցում չէ: Հիշե՛ք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց Հանրապետական կուսակցության ներսում է բերելու գլադիատորական մարտերի։ Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու, եւ հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա։ Սա է այս համակարգի փիլիսոփայությունը։
-Եւ ուրմեն, ո՞րն է ելքը։
-Ելքը քաղաքացուն երկիրը այս վիճակից հանելու ճիշտ եւ իրատեսական ուղի ցույց տալն է, ելքը ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ միմյանց վարկաբեկելու, միմյանց փնովելու այս գործընթացը կասեցնելն է, որովհետեւ քանի դեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը պայքարում են միմյանց դեմ, դրանից շահում եւ ամրանում է իշխանությունը։ Եթե ցանկացած ընդդիմադիր ուժ այս պարզ, տարրական ճշմարտությունը հասկանա եւ իր կենսական էներգիան վատնի ոչ թե ընդդիմադիր ճամբարի ուժերին վարկաբեկելու վրա, այլ փորձի համագործակցել, ապա հնարավոր կլինի գլադիատորների սպասվող մենամարտի տրամաբանությունը կոտրել եւ փորձել հնարավորինս քաղաքակիրթ ընտրություն անցկացնել:
-Կարծում եք՝ կհաջողվի՞ անցկացնել քաղաքական ընտրություններ:
-Ընտրությունները քաղաքական են, եւ որեւէ տեղ ընտրական օրենսգրքում գրված չէ, որ ապրիլի 2-ին տեղի են ունենալու գլադիատորական մարտեր: Բայց թե որքանո՞վ կհաջողվի ժողովրդին ներկայացնել ոչ թե քաղաքական ուժերի «մարդաբոյ» եւ ընտրակաշառքի մրցավազք, այլ ծրագրերի, գաղափարների բախում, դա կախված է լինելու հենց քաղաքական ուժերից:
Ես, անկեղծ ասած, հեքիաթներ, լեգենդներ, առասպելներ սիրում եմ, բայց ես բացարձակ չեմ հավատում ՀՀ իշխանության կողմից «թողարկված» գիտաֆանտաստիկ աշխատությանը՝ «Ազատ, արդար ընտրություններ» վերնագրով ժողովածուին: Այնպես որ, եկեք, լեգենդը թողնենք մի կողմ եւ փորձենք ընդդիմադիր քաղաքական ուժերով անել առավելագույնը՝ ընտրությունները պահելու քաղաքակիրթ ընտրական մրցապայքարի տիրույթում:
-Որոշ քաղտեխնոլոգներ նշում են, որ այս ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն կտա ազատվելու շատ օդիոզ դեմքերից…
-Հիշում եք՝ Հին Հռոմում կայսրը իր գլադիատորներին հանում էր միմյանց դեմ, եւ գլադիատորներից ով մյուսին սպանում էր, բութ մատը բարձրացնում էր վերեւ, եւ դա նշանակում էր, որ հաղթեց նա, ով մնաց «ողջ»։ Ցավալի է, բայց փաստ է։ Ուստի, Գագիկ Ծառուկյանը շատ հստակ ասեց՝ մենք ունենք բացարձակ իրատեսական ծրագիր, թե ինչպես կասեցնել երկրի անկումը, որից հետո ինչպես եւ ինչ քայլերով սկսել երկրի զարգացումը։ Մենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն հասցնելու ենք մեր խոսքը։ Մնացածը ժողովրդի որոշելիքն է լինելու։
-Բացի ՀՀԿ-ից՝ բոլոր կուսակցությունների համամասնական ցուցակները գլխավորում են կուսակցության ղեկավարները, զարմանալիորեն այս ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակը չի գլխավորում Սերժ Սարգսյանը: Որպես քաղաքական գործիչ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
-Այստեղ արտառոց որեւէ բան չկա, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում իր քարոզչական մարտավարությունը։ Եթե իրենք այդքան վստահ են, որ այն տասնյակը, որը ներկայացրել են, մրցունակ, մարտունակ եւ կրեատիվ տասնյակ է, դա իրենց որոշելիքն է։ Ի վերջո, դրա գնահատականը տալու է ժողովուրդն իր քվեարկությամբ։ Չափման մեկ միավոր կա՝ ընտրության արդյունքները:
-Արդյո՞ք «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող մյուս քաղաքական ուժերը ԲՀԿ-ին հավասարազոր ուժեր են:
-Այս պահին հստակ է, թե որ քաղաքական ուժերն են մաս կազմում «Ծառուկյան» դաշինքին։ Իրենց հետ մենք ունենք նորմալ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ, եւ «Ծառուկյան» դաշինքի նշանաձողը հստակ է՝ բացարձակ մեծամասնություն վերցնել խորհրդարանում, որովհետեւ միայն այդ դեպքում մենք կկարողանանք մեր իսկապես իրատեսական ծրագիրը կյանքի կոչել:
Վահագն Հակոբյան