ԱՄՆ-ն դեռ ուշքի չի գալիս Դոնալդ Թրամփի նախագահության հանկարծակիությունից: Երկրում քաղաքական կյանքը պետք է մտներ զուսպ եւ հանդարտ աշխատանքի շրջափուլի մեջ` նոր նախագահին ու նրա վարչակազմին թողնելով առնվազն 100 օր հարմարվելու աշխատանքի լարվածությանն ու ներկայացնելու նոր ներքին եւ արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Սակայն գրեթե ամենօրյա ռեժիմով պայթում է մի նոր սկանդալ` փոթորկելով ամերիկյան քաղաքական դաշտը: Այդ շարքում է Թրամփի ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական, նախկին գեներալ Մայքլ Ֆլինի հրաժարականը:
Մայքլ Ֆլինը նույնիսկ մեկ ամիս չաշխատեց այդ պատասխանատու պաշտոնում` երկուշաբթի երեկոյան հրաժարական ներկայացնելով: Եվ պատճառն էլ պակաս դրամատիկ ու հակասական չէ: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` նա ռուսական շրջանակների հետ իր բանակցությունների մասին միտումնավոր սխալ տեղեկատվություն է փոխանցել ոչ միայն հանրությանը, այլեւ փոխնախագահ Մայքլ Փենսին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների: Նա իր հրաժարականի տեքստում չի էլ թաքցնում այս հանգամանքը` հայտնելով, որ ՌԴ դեսպանի հետ հանդիպման ու վարած բանակցությունների մասին իր տված տեղեկատվությունը եղել է «ոչ ամբողջական»: Փոխնախագահ Փենսը հրապարակավ պնդել էր, որ Ֆլինը ՌԴ դեսպանի հետ չի քննարկել Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան սանկիցաները հանելու հարցը, մինչդեռ իրականում նման խոսակցություն տեղի էր ունեցել:
Նախագահի վարչակազմը, պարզելով այս փաստի իսկությունը, հանգել էր անվտանգության գծով խորհրդականի հրաժարականին: Ակնհայտ է, որ ԱՄՆ փոխնախագահ Փենսը չի ներել Ֆլինին ապատեղեկատվության համար, որը ակամայից կրկնել է հանրության ու լրատվամիջոցների առջեւ:
Այս փաստը հուշում է, որ ԱՄՆ փոխնախագահը բավականին ազդեցիկ դերակատարություն ունի Թրամփի վարչակազմում, ինչը ամերիկյան պատմության մեջ հաճախ հանդիպող երեւույթ չէ: Դեռ նախընտրական շրջանում էր հայտնի, որ Թրամփն իր մրցակիցներից Օհայոյի նահանգապետ Քեյսիքին խոստացել էր փոխնախագահության պաշտոնին համաձայնելու դեպքում պետական քաղաքականության մշակողի ու իրական ղեկավարողի լծակներ:
Ենթադրելի է, որ նման խոստում տրվել է նաեւ Փենսին, որը բացի նրանից, որ ներկա է Թրամփի բոլոր կարեւորագույն հանդիպումներին ու հեռախոսազրույցներին, նաեւ Հանրապետական կուսակցության վերնախավի հետ հարաբերությունների կապող օղակն է: Պարզ է, որ նման մեծ ազդեցություն ունեցող փոխնախագահը չէր կարող թույլ տալ իրեն հիմարացնել, առավել եւս տեսախցիկների առաջ:
Ֆլինի հրաժարականը բավականին ցավոտ պետք է ընդունեն առաջին հերթին Կրեմլում: Խնդիրն այն է, որ Ֆլինը խիստ մտերիմ հարաբերություններ ուներ մոսկովյան շրջանակների հետ, եւ կարելի է ասել՝ Թրամփի ու Պուտինի անուղղակի միջնորդն էր:
Օգտվելով նաեւ նախագահի քաղաքական փորձառության պակասից` Ֆլինն իրեն կարող էր թույլ տալ Թրամփի անունից խոստումներ շռայլել, ինչի շարքում նաեւ սանկցիաների չեղարկումն էր: Ֆլինի մոսկովյան կապերի մասին կարելի է պատկերացում կազմել այն հանգամանքով, որ նա 2015թ. Մոսկվայում կայացած մի միջոցառման ժամանակ նստել էր հենց Պուտինի կողքին, ինչը խոսուն փաստ է հատկապես ռուսական դիկտատուրալ իրականության պայմաններում: Այսօր, սակայն, Ֆլինը գահավիժում է` բարդ կացության մեջ դնելով նաեւ Պուտինին: ԱՄՆ նախագահի կողքին նման դաշնակից ունենալը Ռուսաստանի եւ նրա պես գերտերությունների համար երազանք է:
Պուտինին դա հաջողվել էր, եւ թվում է՝ աշխատում էր հօգուտ Ռուսաստանի: Ներկայումս Պուտինը կկանգնի նոր ու բարդ խնդրի առաջ, քանզի չհասցրած Թրամփի հետ հանդիպել ու տետ-ա-տետ ռեժիմով հասնել սանկցիաների չեղարկմանը, նա զրկվեց ԱՄՆ նախագահի վարչակազմում ռուս-ամերիկյան համագործակցությունը քարոզող կարեւոր դերակատարից:
Ավելին` վերջինիս սերտ գործակցությունը ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ բազմաթիվ հարցեր է բարձրացրել ԱՄՆ կառավարող շրջանակներում, մասնավորապես իրենց անհանգստություններն են հայտնել ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու Դեմոկրատական կուսակցության ղեկավարները: Կարծիք կա, որ Ֆլինի հրաժարականով կարող է խնդիրը չլուծվել, քանզի նա ոչ միայն չարաշահելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, այլեւ գաղտնի բանակցություններ է վարել օտար պետության հետ եւ պայմանավորվածությունների հանգել` ի հեճուկս ԱՄՆ ազգային անվտանգության:
Հայաստանում պաշտոնատար անձանց կամ հայտնի գործիչների` օտար երկրների ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունների ու դրանց հրապարակայնացման արդյունքում սկանդալ տեղի ունեցավ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:
Նախկին ՕԵԿ նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին խնդրում էր բացասական գնահատական տալ իշխանությունների կազմակերպած ընտրություններին: Ռոբերտ Քոչարյանն այն ժամանակ Բաղդասարյանին մեղադրել էր դավաճանության մեջ, ինչը պաշտպանվել էր վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից:
Վերջինս, սակայն, 2008թ. մարտի 1-ի ճիշտ նախօրյակին Բաղդասարյանին վստահեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Ֆլինի քաղաքական կարիերան ԱՄՆ-ում կարծես ավարտված է, քանզի նա թե՛ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, թե՛ խեղված տեղեկատվություն հաղորդել նախագահին ու փոխնախագահին, թե՛ գաղտնի պայմանավորվածությունների հանգել օտար պետության դեսպանի հետ: Մինչդեռ Հայաստանում Արթուր Բաղդասարյանը հրապարակավ խոստանում է քերթել իր համար վատ աշխատող կուսակիցների կաշին` հավակնելով ստանձնել նոր պաշտոններ:
Ն. Հովսեփյան