Կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը սնանկացել է: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա հոկտեմբերի 27-ին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ դեկտեմբերի 9-ին ընկերությունը նույն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել:
«Վինար» ընկերության սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Հարությունյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 31-ին:
Նշենք, որ կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող «Վինար» ընկերությունը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչներին պարտք է 67 մլն 800 հազար դրամ՝ մթերած խաղողի դիմաց:
Ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ գյուղացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել յուրաքանչյուր ամսվա վերջին պարտքից որոշակի չափով մարումներ անել: Հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչները անցած տարվա ընթացքում պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, ճանապարհներ էին փակում՝ պահանջելով 2015 թվականին մթերված խաղողի գումարները:
Բանն այն էր, որ խաղողը մթերած «Վինար» ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը ամիսներ շարունակ խոստանում էր պարտքը մարել, սակայն ուշացնում էր: Ի վերջո, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն:
Արդյունքում եւս մեկ ընկերություն սնանկացավ: Մինչդեռ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր պաշտոնավարման առաջին օրերին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին հորդորում էր գործարարի ձեռքը բռնել. «Բիզնեսին աջակցող նախարարություն եք, դուք պետք է իրենց ձեռքը բռնած՝ բոլոր կառույցներով գնաք, որ իրանք իրանց ապահով զգան, որ որեւէ մեկն իրենց չխոչընդոտի»: Այս դեպքում, փաստորեն, ստացվեց հակառակը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ