«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ԱԺ ընտրությունների օրը ոստիկանության գործառույթներին ու խնդիրներին: «Շատ են խոսում ընտրակաշառքների հետ կապված: Ընտրակաշառքը դժվար ապացուցվող երեւույթ է, սակայն չեմ կարծում, որ դրա դեմն առնելն անհնար է: Եթե համայնքային ոստիկանության աշխատակիցը տիրապետում է իր քաղաքացիներին, համոզված եմ, որ կլինեն մարդիկ, որոնք հայտարարություն կտան եւ կպնդեն, մենք մեր ֆունկցիան կարող ենք կատարել: Սակայն ամենակարեւորն այն է, որ պետք է կանխարգելել, որպեսզի այդ երեւույթները տեղի չունենան»,- հայտարարել է Վլադիմիր Գասպարյանը:
Ակնհայտ է, որ չնայած Գասպարյանի այս հայտարարություններին՝ ընտրակաշառքի դեպքերը ոչ միայն չեն բացահայտվի, այլեւ ոստիկանները չեն կարողանա կանխել այդ հանցագործությունը: Ի վերջո, ընտրակաշառքը հանցանք է, որը ծավալվում է 2 սուբյեկտի միջեւ, եւ եթե նրանցից մեկը չցանկանա բարձրաձայնել, այն չի բացահայտվի։
Ինչպես հայտնի է՝ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն են ընտրակաշառք բաժանողները, որոնք գտնվում են «պետության հոգածության ներքո», եւ ոստիկանների համար անձեռնմխելի են: Այդ է հուշում նախորդ տարիների փորձը, երբ չնայած համատարած բաժանվող ընտրակաշառքին, չնայած այդ մասին լրատվամիջոցներով հնչեցված հստակ ահազանգերին, ներկայացված փաստերին՝ այդպես էլ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Ընդհակառակը, իշխանությունները գնալով էլ ավելի են կատարելագործել իրենց հանցագործության մեխանիզմները, երբ գումարները բաժանել են ընտրություններին նախորդող երեկոյան՝ տուն առ տուն այցելելով իրենց «համակիրներին», իսկ ընտրությունների օրը մարդկանց պարզապես ուղեկցել են տեղամաս: Ու այս դեպքում դժվար է պատկերացնել՝ ինչպե՞ս պետք է ՀՀԿ-ականներից փող վերցնող քաղաքացիները ոստիկանությունում հայտարարություն տան ընտրակաշառք բաժանելու մասին: Իսկ ընտրակաշառքը կանխելու համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք, նախ՝ իշխանություններն իրենք չառաջարկեն գումար, եւ հետո՝ ուղղակի ձերբակալվեն նման փորձ անողները: Չնայած այս դեպքում էլ իշխող ՀՀԿ-ի ու պետական պաշտոնյաների մի զգալի հատվածը կհայտնվի բանտերում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: