ԱՆՆՇՄԱՐ ՔԱՅԼԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետին մնացել է երկու օր: Ու չնայած դրան՝ դեռ որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ԿԸՀ չի ներկայացրել իր համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակները: Եթե քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ կողմնորոշվել են ընտրություններին մասնակցության ձեւաչափի հարցում, ապա նույնը չի կարելի ասել ընտրացուցակների դասավորվածության մասին. այս օրերին կուսակցություններում շարունակվում են ցուցակների ճշգրտումները: Ընդ որում, նույն իրավիճակն է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում: Իշխող ՀՀԿ-ն թեեւ վերջին ԳՄ նիստում որոշել է ռեյտինգային թեկնածուներին, սակայն պաշտոնապես չի հայտարարել, թե ո՞վ է գլխավորելու իր համամասնական ցուցակը` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայտնի չէ նաեւ, թե ովքեր են գլխավորելու «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակները: Իսկ Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքն էլ միայն երեկ ձեւավորվեց. չնայած սկզբում համագործակցության փաստաթուղթ էին ստորագրել երեք կուսակցություններ` «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունն» ու Դեմկուսը, սակայն վերջին երկուսը դադարեցրին իրենց համագործակցությունը, եւ Օսկանյանի ղեկավարած կուսակցությունը Օհանյանի շուրջ դաշինք կազմեց «Ժառանգության» հետ: Դաշինք կազմել-չկազմելու շուրջ վերջնական որոշման չի եկել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն էլ շարունակում են հիմնականում ռեյտինգային թեկնածուների վերաբերյալ ճշգրտումները: Ենթադրվում է, որ կուսակցություններն ու դաշինքներն իրենց ցուցակները ԿԸՀ կներկայացնեն փետրվարի 15-16-ին:

 

 

 
Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ արդյունքում երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը: Իսկ ահա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը: Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպ»-ից պահանջել է դադարեցնել հեղինակային իրավունքի խախտումը եւ որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ-ն 9 մլն 600 հազար դրամ կամ մոտ 20 հազար դոլար է վճարել հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին: Բանն այն է, որ ՀՀ-ում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը տեղակայված է Սամվել Մայրապետյանին պատկանող, Աբովյան 8 հասցեում գտնվող շենքում: Եւ ԱԳՆ-ն այդ գումարը վճարել է որպես տարածքի վարձավճար: Հիշեցնենք, որ գործարար Սամվել Մայրապետյանը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից է, ասում են` նաեւ բիզնես գործընկերը: Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Մայրապետյանը Երեւանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը եւս պատկանում է Մայրապետյանին:

 

 

 
Հայաստանում գործազուրկների թիվը շարունակում է աճել: Նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին պաշտոնապես գործազուրկ է եղել 79 հազար 166 հոգի: Ցուցանիշ, որն ավելի է` 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երբ գործազուրկի կարգավիճակ էր ստացել 73 հազար 295 մարդ: Նկատենք, սակայն, ԱՎԾ այս տվյալներն ամբողջովին չեն արտացոլում պատկերը. գործազուրկների թիվը Հայաստանում ավելի շատ է, քան ներկայացվում է պաշտոնապես: Պարզվում է` ոչ բոլորն են գրանցվում սոցիալական ծառայության համապատասխան կենտրոններում եւ ստանում գործազուրկի կարգավիճակ: Արդյունքում էլ գործազրկության մակարդակը պաշտոնապես տատանվում է 18 տոկոսի սահմաններում:

 

 

 
ԿՀԻՇԵՑՆԵՆ
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ձեւավորման համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ հայտարարել է. «Քաղբանտարկյալներ այսօր, իհարկե, կան, բայց այսօր ես չեմ ուզում այդ ուղղությամբ որեւիցե բան ասել»: Իսկ թե երբ է Օհանյանն «ուզելու այդ ուղղությամբ որեւիցե բան ասել», հայտնի չէ: Ըստ ամենայնի, դա կախված է մի շարք գործոններից, եւ որոշակի զարգացումների դեպքում անգամ հնարավոր է, որ Օհանյանն առհասարակ չուզենա «այդ ուղղությամբ որեւիցե բան ասել»:
Բայց մինչ այդ հարկ է հիշել, թե ով է հանգիստ տոնայնությամբ արձանագրողը, որ «քաղբանտարկյալներ այսօր, իհարկե, կան»: Մի մարդ, ով մինչեւ 2016 սեպտեմբերի 8-ը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Իսկ հիմա փորձենք հիշել, թե ում են իրավապաշտպանները եւ որոշ ընդդիմադիր ուժեր համարում քաղբանտարկյալ: Նախ եւ առաջ՝ Սեյրան Օհանյանի մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանին, ով կալանավորվել է 2013թ. սեպտեմբերին, դատապարտվել է 2014թ. հուլիսին: Ապա՝ Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին, որոնք կալանավորվել են 2013թ. նոյեմբերին, դատապարտվել՝ 2014թ հոկտեմբերին: Հաջորդիվ՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին, ով ձերբակալվել է 2015թ, դեկտեմբերի 31-ին, դատապարտվել՝ 2017թ. հունվարին: Այդ ցուցակում է Օհանյանի մեկ այլ նախկին մարտական ընկեր, «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, ով կալանավորվել է 2016թ. հունիսին: Եվ վերջապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներն ու ՊՊԾ գնդի գրավման գործով անցնողները, որոնք հիմնականում կալանավորվել են 2016թ. հուլիսի 31-ին:
Եվ ահա այս բոլոր դեպքերում Սեյրան Օհանյանը, ով բարձրագույն պաշտոն էր զբաղեցնում, որեւէ կերպ ի ցույց չի դրել իր անհամաձայնությունը: Վերը թվարկված անձանցից որեւէ մեկի՝ ազատությունից զրկման գործընթացի օրինականությունը նրա կողմից չի վիճարկվել, հետեւաբար Օհանյանը ընդամենը ամիսներ առաջ այդ մարդկանց չի համարել քաղբանտարկյալներ: Իսկ գուցե համարել է, սակայն չի բարձրաձայնել՝ հնարավոր է՝ ասեն ոմանք: Լավ, ընդունենք՝ չի բարձրաձայնել պաշտոնեական դիրքով կաշկանդված լինելով: Բայց այդ դեպքում ինչն էր նրան խանգարում այդ մասին հայտարարել արդեն պաշտոնից հեռանալուց հետո: Չէ որ նա առանց որեւէ բարդույթի բազմաթիվ այլ դեպքերում կոշտ գնահատականներ տվեց իշխանություններին:
Հավանաբար Սեյրան Օհանյանը եւս կարծում է, որ հանրության հիշողությունը կարճ է: Ոչինչ: Կարծում ենք՝ առաջիկա քարոզարշավի ընթացքում հանրության կողմից իր համար, մեղմ ասած, ոչ ականջահաճո հարցերի տարափի ներքո պաշտպանության նախկին նախարարը կհասկանա, որ սխալվել է: Առավել եւս, որ դաշինքի իր մյուս գործընկերների՝ Րաֆիի եւ Օսկանյանի ընկերակցությամբ այդ հարցերի տարափը եռակի հուժկու կլինի:




Լրահոս