ԻՍԿ ԳԻՏԵ՞Ս՝ ՔՈ ՊԱՊԱՆ ՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել «Միլիոնից մեկը» խորագրով շարքը, որի շրջանակում անդրադարձ ենք կատարում հանրության կողմից ճանաչված անձանց, պարզում ենք, թե ինչպես է ստացվել, որ հենց իրենց է ժպտացել հաջողությունը, ինչպես են վերջիններս ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում: Մենք խոսում ենք նաեւ հայտնի լինելու խոչընդոտների եւ հակառակը` դրա պարգեւած նոր հնարավորությունների մասին: Այս անգամ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը երգիչ, հումորիստ Արամ MP3-ն է:

«Եվրատեսիլ»-ով դրվեց վերջնական կնիքը
Ինձ ճանաչումը մի քանի անգամ է այցի եկել, սկզբում՝ փոքր, ապա` մեծ «չափաբաժիններով»: Երբ 2004-ին նկարահանվեցի գովազդում, մարդիկ սկսեցին ճանաչել ինձ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ամբողջ աշխարհն է ճանաչում ինձ (ծիծաղում է): Դրանից հետո` 2005-ին, նկարահանվեցի «Կարգին հաղորդման» մեջ: Այդ ժամանակահատվածում խաղում էի «Ուրախների եւ հնարամիտների ակումբում» եւ երբ մտնում էի տարբեր բուհեր, ինձ պոպուլյար էի զգում (ծիծաղում է): Հետո իր գործունեությունը սկսեց «32 ատամը», որը, բնականաբար, մեծապես նպաստեց իմ հայտնի դառնալուն: Իսկ երբ Շպռոտի հետ մասնակցեցի «Երկու աստղ» նախագծին, ինձ գիտեին բոլորը, նույնիսկ` Հայաստանից դուրս: Դե, իսկ «Եվրատեսիլ»-ով դրվեց վերջնական կնիքը:

Ձայն + հիշվող արտաքին
Կարծում եմ` ինձ հայտնի են դարձրել երաժշտական ունակություններս եւ երկրորդը` հիշվող արտաքինս` քթիս ու աչքերիս շնորհիվ: Նույնիսկ եթե ակնոց եմ կրում կամ գլխարկ, միեւնույն է` ինձ ճանաչում են: Մութ էլ լինի, գլուխս էլ կախեմ, էլի կասեն. «Իյա, Արա՞մ, էս դո՞ւ ես»: Այնպես որ, հանրությունից խուսափելու տարբերակ չունեմ (ծիծաղում է):

«Ոչ մի տեղից հենց այնպես չեմ հայտնվել»
Իմ հայտնի դառնալու պրոցեսը հանրության աչքի առաջ է տեղի ունեցել, անցածս ճանապարհը բոլորն են տեսել. ոչ մի տեղից հենց այնպես չեմ հայտնվել: Երեւի այդ է պատճառը, որ իմ անձի շուրջ բամբասանքները քիչ են:

«Միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում»
Երբ նոր ես դառնում հայտնի, նախեւառաջ, աչքդ ծակում են այդ երեւույթի բացասական կողմերը: Այն ազատությունը, որը պետք է լինի քոնը, քո ընտանիքինը, ինքնըստինքյան վերանում է: Եթե նախկինում քեզ համար նորմալ էր դուրս գալը, զբոսնելը, գուցե նաեւ` ինչ-որ խենթություն անելը, հանրային անձ դառնալուց հետո ստիպված ես լինում հավասարակշռել արարքներդ: Քո կյանքը, կարելի է ասել, հայտնվում է ափի վրա, եւ բոլորը տեսնում են այն: Երեխայիդ դպրոցում սկսում են մատով ցույց տալ, դու գնում ես երեխայիդ դպրոցից վերցնելու, հետեւից քո անունն են տալիս: Գիտե՞ք` ես հայտնի մարդու ընտանիքում չեմ մեծացել ու միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում, երբ իր պապան հայտնի է, երբ իր պապայի նկարները փակցված են քաղաքում, ու ինքը դրանից չի զարմանում: Սա, իրականում, մի քիչ աննորմալ երեւույթ է (ծիծաղում է): Երեխայիս, օրինակ, շատ են դիտմամբ հարցնում. «Իսկ գիտե՞ս` քո պապան ովա»: Ես նրան ասում եմ, որ նման դեպքերում շատ պարզ պատասխան տա. «Այո՛, իմ պապան Արամնա»:

«Ամաչեցի, բայց նաեւ հաճելի էր»
Դե, հայտնի դառնալը, բնականաբար, նաեւ մի շարք առավելություններ է տալիս մարդուն. քեզ տեղ են տալիս, ներում են, երբ արագ ես վարում մեքենան, ընդառաջում են, երբ շտապում ես, սրճարանում քեզ ուրիշ կերպ են նայում: Վերջերս, օրինակ, կնոջս մի փաստաթուղթ էր պետք, գնացել էինք ԶԱԳՍ, բոլորի պես հերթ էինք կանգնել, մեկ էլ կին աշխատակիցներից մեկը ասաց. «Վա՜յ, մեռնեմ ես քո ջանին, արի, արի, այ մարդ» ու հերթս առաջ գցեց: Ճիշտն ասած` շատ ամաչեցի, բայց այդ ամենը նաեւ հաճելի էր:

«Ձգտում եմ, որ իմ ստվերը ընտանիքիս անդամների վրա չընկնի»
Կինս տեսախցիկի առջեւ հայտնվել չի սիրում, ուստի երբ ինձ ու նրան կանչում են որեւէ հաղորդման շրջանակում նկարահանվելու, ես ասում եմ, որ ստիպված եմ միայնակ ներկայանալ: Տղայիս հազվադեպ նկարահանում են մանկական հաղորդումներում: Ընտանիքիս անդամներին թաքցնելու միտում չունեմ, բայց ձգտում եմ, որ իմ ստվերը հանկարծ նրանց վրա չընկնի:

 

 

 
ԽԱԲՈՒՍԻԿ ՊՐՈՑԵՍՆԵՐ, ԿԵՂԾԻՔ ՈՒ ՍՈՒՏ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը այն կարծիքին է, որ իր «Հայն է գալիս» երգից հետո կարիերայում նոր սկիզբ է դրվել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մեկ ամսից հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ, որի հիման վրա կներկայացվի նաեւ տեսահոլովակ: Բացի այդ՝ Գուրգենն առաջիկայում շրջագայություններ կունենա Ռուսաստանի Դաշնությունում եւ Եվրոպայում:

Մենք հետաքրքրվեցինք՝ Գուրգենը գտել է արդյո՞ք մասսայական բնույթ կրող, բայց միեւնույն ժամանակ մնայուն գործերով երգացանկ ունենալու բանաձեւը. «Այո՛, բայց այդ համադրությունը գտնելը շատ դժվար է, դա պահանջում է նոր գաղափարներ եւ, իհարկե, աշխատասիրություն»,-ասաց նա:
Քանի որ Գուրգենը վաղ տարիքից է մուտք գործել երգարվեստ, անդրադարձանք այն մտորումներին եւ դժվարություններին, որոնք առաջ են եկել այդ հասակում Գուրգենի ուսերին ընկած բեռի արդյունքում. «Իհարկե, չեմ կարող ժխտել, որ նման խնդիր չի եղել, հատկապես, որ փոքր տարիքից սկսում ես պատասխանատվություն կրել ամեն քայլիդ համար, վաստակում ես գումար, շփվում ես տարիքով մեծերի հետ: Բայց այդ ամենի արդյունքում դու նաեւ ավելի հասուն հայացքով ես կյանքին նայում եւ, կարծես, ժամանակից շուտ մեծանում ես»,-մեկնաբանեց երգիչը:
Մենք նաեւ հարցրինք՝ այն ժամանակ ունեցած նպատակները Գուրգենն այսօր իրականացած տեսնո՞ւմ է, թե՞ ոչ. «Փոքր տարիքում ես կարիերայի մասին չէի մտածում, փոխարենը մտորումներ էի ունենում անձնականիս մասին: Հիմա տեսնում եմ, որ այդ առումով շատ բան չի փոխվել»,-շեշտեց երգիչը:
Նա խոստովանեց, որ եթե նույնիսկ կողքից թվում է, թե արտիստ լինելու դեպքում անձնական կյանքում դռները միայն բացվում են, դա սխալ մտայնություն է. «Դռները փակվում են այն առումով, որ անձնական հարաբերություններում սկսում են խաբուսիկ պրոցեսներ ընթանալ, լիքը կեղծիք ու սուտ է ի հայտ գալիս, իսկ արտիստն էլ զգուշանում է այն հանգամանքից, որ իր կողքինը կարող է սիրել ոչ թե մարդուն, այլ, իմ դեպքում, օրինակ՝ երգչին: Բացի այդ՝ դժվար է կառուցել անձնական հարաբերություններ այն պարագայում, երբ դու ամբողջովին նվիրված ես արվեստին եւ դրանով ես ապրում»,-եզրափակեց Գուրգենը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
30 ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԻԼՄ
Փետրվարի 13-ից Երեւանում մեկնարկել է «Մարդկային պատմությունների խճանկար» խորագրով ամերիկյան ֆիլմերի ցուցաշար-ծրագիրը, այն կանցկացվի մինչեւ մարտի 31¬ը: Ծրագիրը համաշխարհային հանդիսատեսին է ներկայացնում տարբեր մրցանակների արժանացած ժամանակակից ամերիկյան վավերագրական եւ գեղարվեստական ֆիլմեր, տալիս է գործնական գիտելիքներ վավերագրության ասպարեզում, ինչպես նաեւ բացահայտում է ամերիկյան հասարակությունն ու մշակույթը՝ անկախ կինոգործիչների աչքերով: Այս տարի մեկ ամսվա ընթացքում ցուցադրվելու է 30 կինոնկար: Ֆիլմերի ցուցադրություններն անվճար են:

 

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Կյանքի 77-րդ տարում փետրվարի 12-ին Լոս Անջելեսի հիվանդանոցում վախճանվել է ամերիկացի ջազային երգիչ, «Գրեմմի» մրցանակի յոթնակի դափնեկիր Էլ Ջերոն: Այդ մասին տեղեկանում ենք երաժշտի թվիթերյան էջից: Մահվան պաշտոնական պատճառի մասին տեղեկություններ չկան, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ երգիչը երկար տարիներ շնչառության եւ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Նշենք, որ Ջերոն «Գրեմմի» մրցանակի միակ դափնեկիրն է դարձել երեք անվանակարգերում` ջազ, փոփ եւ ռիթմ¬էն¬բլյուզ: 2001 թվականին նա աստղի է արժանացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»:

 

 

ԿԻՍԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԸ
Բրիտանացի երգչուհի Ադելը Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխությանը հաղթել է մի շարք կարեւոր, այդ թվում «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում: The Independent-ը տեղեկացնում է, որ մրցանակը ստանալիս Ադելը հուզվել է եւ նշել, որ նույն անվանակարգում ներկայացված Lemonade ալբոմը (Բեյոնսե) շատ ավելի արժանի էր հաղթանակի: Դրանից հետո բրիտանուհին կիսել է մրցանակն ու մի կեսն առաջարկել Բեյոնսեին:
«Մենք` արտիստներս, պաշտում ենք քեզ: Դու մեր լույսն ես»,- ասել է Ադելը: Գործընկերուհու խոսքերից Բեյոնսեն չի կարողացել զսպել արցունքները:
Հավելենք, որ «Տարվա երգ» անվանակարգում նույնպես մրցանակի է արժանացել Ադելի Hello սինգլը:




Լրահոս