«ԻՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՀԵՏ ՉԷ, ԱՅԼ ՀՀԿ-Ի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ելք» դաշինքը երեկ հրապարակեց իր համամասնական ցուցակի առաջին եռյակի անունները: Այն հայտնի դարձավ դաշինքի մաս կազմող երեք ուժերի՝ Հանրապետություն, «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ներկայացուցիչների փակ քվեարկության արդյունքում:

Մինչ քվեարկությանն անցնելը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանը ներկայացրեց ընտրության եւ ցուցակի ձեւավորման կարգը: Մասնավորապես նշվեց, որ դաշինքին մաս կազմող կուսակցությունների ներկայացուցիչները ընտրում են երեք կուսակցությունների առաջին համարներին: Եւ սկզբունքորեն տվյալ կուսակցության ներկայացուցիչը չպետք է ընտրի իր ղեկավարին, այլ պետք է նախապատվությունը տա մյուս ուժերի ներկայացուցչին: Ընտրությանը յուրաքանչյուր կուսակցությունից մասնակցեց 13 անդամ: 39 քվեների հաշվարկման արդյունքում հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ցուցակը գլխավորելու է ԼՀ-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը, նրան հաջորդելու է Հանրապետություն կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, իսկ երրորդ տեղում լինելու է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Հայտարարվեց նաեւ, որ ՔՊ-ի ներկայացուցիչները քվեարկել են Էդմոն Մարուքյանի օգտին, ԼՀ-ի ներկայացուցիչները՝ Արամ Սարգսյանի, իսկ Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանի օգտին:
Նկատենք, որ համամասնական ցուցակի կազմման այս ձեւը նախադեպը չունի, եւ ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Արամ Սարգսյանը՝ թեկնածուների առաջադրման այս նոր մոտեցումը փաստում է, որ «Ելք» դաշինքում որոշումները կայացվում են քաղաքական կոնսենսուսով:
Ցուցակի առաջին երեք համարների հրապարակումից հետո «Ժողովուրդ»-ը Արամ Սարգսյանի հետ զրուցեց նոր ձեւավորված դաշինքներում ստեղծված խառնաշփոթ իրավիճակի եւ նրա՝ ոչ թե Արարատում, այլ Սյունիքում առաջադրվելու պատճառների մասին:
-Պարո՛ն Սարգսյան, նորաստեղծ դաշինքներն իրենց անվանակոչում են ղեկավարների անուններով: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը: Նկատենք, որ նախադեպը եղավ «Բալասանյան» դաշինքը:
-Ամբողջ խնդիրն այն է, որ իրենք իսկապես գաղափարական առումով շատ իրար նման են եւ եթե որոշեն անուններ, այդ անուններն էլ են իրար նման լինելու, դրա համար անհատների անուններով են կոչում: Իրենք համարում են, որ Բալասանյան անունը շատ ավելի հայտնի է եւ շատ ավելի քվե է բերում, քան, օրինակ, ժողովրդավարությունը կամ անկախությունը: Երրորդ հանգամանքը եւս կա. քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մտնի, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են:
-Պարո՛ն Սարգսյան, ընդդիմադիր բեւեռում գործող ուժերը միահամուռ իշխանափոխություն են վանկարկում, բայց չեն միավորվում, ինչո՞ւ:
-Որովհետեւ ոչ գաղափարական դաշինքները հաղթանակ տանելուց հետո պիտի ասեն, թե ինչպիսի երկիր են ուզում կառուցել, իսկ այդ ինչպիսի երկիրը շատ տարբեր է, որովհետեւ աջերն այլ կերպ են տեսնում, ձախերն այլ կերպ են տեսնում, արեւմտյան մոդելի կողմնակիցներ՝ այլ կերպ, եւ այդ առումով դաշինքները չեն կարող ընդհանուր ինչ-որ պետական համակարգ ստեղծել: Իշխանությունը մշտապես այդ դաշինքներում ունեցել է ականներ, որոնք դուրս են եկել, այդ դաշինքները պայթել են, եւ ժողովուրդը հիասթափվել է: Ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, եւ այդ տարբերակը աշխատող է, կարծում եմ: Իսկ ոչ գաղափարական դաշինքները ստեղծվում են նպատակի համար: Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ եւ անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որեւէ համար լինել, նաեւ սա կա:
-Իսկ ինչո՞ւ Ձեր ծննդավայր Արարատում չեք առաջադրվում, այլ Սյունիքում:
-Որովհետեւ Արարատում մեր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն նախորդ ընտրություններում 12 հազար ձայն հավաքել էր եւ էլի կարող է հավաքել, իսկ Սյունիքում լուրջ խնդիր կա առաջադրման, այնտեղ իշխանությունը միշտ 89 տոկոս քվե է բերել: Ես Սյունիքում թե՛ ասելիք ունեմ, թե՛ գործարանների հետ աշխատել եմ բոլորի, գիտեմ մոտեցումները:
-Սյունիքում առաջադրվելու են նաեւ մարզպետ Վահե Հակոբյանը եւ ԱԺ պատգամավոր, գործարար Աշոտ Արսենյանը…
-Թող առաջադրվեն, շատ լավ է, որ առաջադրվելու են:
-Ինչպե՞ս եք նրանց մարզում պայքարելու նրանց իսկ դեմ:
-Գիտեք, ես գործարարների միության շրջանակներում Արսենյան Աշոտի հետ շատ տեղեր եմ գնացել, շատ լավ եմ ճանաչում իրեն, նաեւ իմ որոշակի լուման ունեմ «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի նոր գծի բացման առումով, իմ մրցակցությունը ոչ թե Աշոտ Արսենյանի, այլ ՀՀԿ-ի հետ է: Մեր քարոզարշավի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ այս ընտրությունները ոչ թե տեղերում անհատների մրցակցության վերածենք, այլ համապետական ընտրության:

 

 

 
Ի՞ՆՉ Է, ԴԱԼԱՆՆԵՐՈՒՄ ԾԵԾՎԵԼՈ՞ՒՑ ՎԱԽԵՑԱՆ

Անցած շաբաթ օրը տեղի ունեցած ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ն հրապարակեց տարածքային, այսինքն՝ ռեյտինգային ցուցակով առաջադրվող թեկնածուների անունները: Եվ ուշագրավ էր, որ այդ ցուցակում բացակայում էին Հանրապետականի քաղաքական դեմքերը, նրանք, ովքեր տարիների ընթացքում հայտնել են իրենց կուսակցության պաշտոնական դիրքորոշումները, հնչեցրել են քաղաքական ելույթներ, մի խոսքով՝ քաղաքականության մեջ «պրոֆեսիոնալ» ակտիվություն դրսեւորած անձինք:

Ինչո՞վ է սա պայմանավորված: Իհարկե, ակնհայտ է, որ իշխանության համար ռեյտինգային նախընտրելի թեկնածուները նրանք են, ովքեր հնարավորություն եւ ազդեցություն ունեն իրենց ընտրատարածքներում տարբեր «ոչ քաղաքական» եղանակներով կուսակցության համար ձայներ ապահովելու եւ հարմար են «սեւագործ աշխատանքին»: Իսկ ահա քաղաքական դեմքերի հաջողութունն այս առումով, գոնե ՀՀԿ-ի դեպքում, խիստ կասկածահարույց է: Համենայն դեպս, իրենք՝ ՀՀԿ-ականները, փաստորեն, այդպես են մտածել՝ ռեյտինգային ցուցակում չընդգրկելով քաղաքական դեմքերի: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց, թե ինչու ՀՀԿ-ի, այսպես ասած, քաղաքական դեմքերը, մասնավորապես Գագիկ Մելիքյանը, Գագիկ Մինասյանը եւ այլք, չեն առաջադրվում կուսակցության ռեյտինգային ցուցակներով, որովհետեւ չե՞ն կարող ձայներ ապահովել: Ի պատասխան՝ Շարմազանովն ընդամենը նշեց. «Որովհետեւ այդպես է նպատակահարմար»: Բնականաբար, նպատակահարմար է այդպես, որովհետեւ դժվար թե ՀՀԿ-ն դիմի ռիսկի, այն էլ այս փուլում, երբ կուսակցության անցկացրած գաղտնի հարցումների արդյունքները աննախադեպ մտահոգիչ են եղել ՀՀԿ-ի համար:
Այս իրավիճակում տեղին կլինի հիշատակել ԱԺ ՀՅԴ խմբակցության երջանկահիշատակ ղեկավար Վահան Հովհաննիսյանի խոսքերը, երբ վերջինս 2013 թվականի մայիսի 22-ին ԱԺ-ում ներկայացրեց իր տեսակետը կառավարության ծրագրի մասին: Դիմելով ՀՀԿ-ականներին՝ նա ասաց. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք, որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղե՛րք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՀԱԿ-Ի ԿԱՆԱՅՔ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն արդեն հստակեցրել է, թե ով է լինելու իր առաջին կին թեկնածուն, որը կզբաղեցնի համամասնական ցուցակի չորրորդ հորիզոնականը: Այդտեղ Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընդգրկելու է ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Թադեւոսյանը, ըստ էության, չհերքեց այդ տեղեկությունները՝ նշելով. «Գիտեք, ես չգիտեմ, կազմվում են ցուցակները: Վաղը կամ մյուս օրը ցուցակները կհրապարակվեն երեւի»: Մինչ ցուցակները կհրապարակվեն, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել նաեւ, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի երկրորդ կին թեկնածուն, այսինքն՝ 8-րդ հորիզոնականում լինելու է ՀԱԿ-ի Արաբկիրի կառույցի ղեկավար Լիդա Մելիքյանը:

 

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ
Արամայիս Գրիգորյանի՝ ՀՀ Արարատի մարզպետ նշանակվելուց հետո մարզպետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են: Նախ՝ Ռուբիկ Աբրահամյանի ազատման օրը աշխատանքից ազատվեցին նաեւ նրա օգնականներ Սերգեյ Մուրադյանը եւ Նարեկ Գալստյանը: Ապա՝ Գրիգորյանի մարզպետ նշանակվելու առաջին օրերին աշխատանքից ազատվեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը: Սակայն սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փետրվարի 7-ին աշխատանքից ազատվել է նաեւ ՀՀ Արարատի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Խաչատրյանը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն: Սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ Խաչատրյանի ազատումը կապվում է Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն Սերինե Հայրապետյանի եւ Արամայիս Գրիգորյանի միջեւ ստեղծված հակամարտության հետ:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԱՑՈՒՆ
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, հակառակ մինչ այս հնչեցված պնդումներին, թե ինքը գլխավորելու է ընդդիմադիր դաշինքի ցուցակը, ընդգրկվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ հորիզոնականում: Փոխարենը` ԱԴԿ առաջին համարը լինելու է այդ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը: ԱԴԿ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե Բագրատյանը լինելու է իրենց վարչապետի թեկնածուն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը փորձեց դիմել նաեւ Բագրատյանին, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Նշենք, որ ԱԴԿ-ն դաշինք չկազմեց այլ ուժերի հետ, սակայն իր ընտրացուցակում տեղ է հատկացրել տարբեր հայտնի գործիչների, այդ թվում` «Ժառանգություն» կուսակցությունից հեռացած Ստեփան Սաֆարյանին ու Անահիտ Բախշյանին:




Լրահոս