ՀՀ արդարադատության նախարարության ներսում ընթացող խմորումները տալիս են իրենց բացասական արդյունքը: Փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում ներկայացվել էր ՔԿՀ-ներում դատապարտյալների կողմից իրականացվող հափշտակությունների մտահոգիչ վիճակագրությունը: Խորհրդակցությանը մասնակցել էր նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը, ով անմիջականորեն պատասխանատու է ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի համար: Ասել է թե՝ Աղվան Հովսեփյանի կողմից այդ խորհրդակցության անցկացման նպատակը մեկն էր. որպեսզի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը «սթափվեն»:
Այն, որ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների կողմից կատարվում են ահռելի թվով հափշտակություններ, գաղտնիք չէ: Դեռեւս 2015 թվականին ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել էր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից հափշտակության 40 դրվագ: Պարզվել էր, որ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել էին իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Տարբեր վայրերում փակցված հայտարարություններից գնորդները տեղեկացել են վաճառքի հանված ապրանքի մասին, զանգահարել` ցանկություն հայտնելով գնել այն: Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է: Երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ու երբ քաղաքացիների հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիներից ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերի հեղինակները հիմնականում եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բնակիչներ»:
Այս պատկերը, սակայն, չսթափեցրեց ոլորտի պատասխանատուներին, եւ ՔԿՀ-ներում տարիներ շարունակ բուն դրած հանցավոր խմբավորումը ավելի ընդլայնեց իր հնարավորությունները:
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտնի դարձավ, որ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել եւ իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից: Վերջիններիս կողմից քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ: Ըստ կոմիտեի՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված եւ իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով եւ շորթումներով. պարզվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել եւ իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Ու մինչ քննիչները գնում են հայտնաբերված հափշտակությունների հետքերով, կոնկրետ նշում, թե որ դատապարտյալներն են դիմում այդ քայլին՝ այդ կերպ փորձելով կանխել հնարավոր դրսեւորումները, ՔԿՀ դատապարտյալների հանցավոր խմբավորումը տարիներ շարունակ տեխնիկապես լավ «զինվում է»: Դատապարտյալները իրենց մոտ ունենալով բջջային հեռախոսներ, պլանշետներ, համակարգիչներ, WiFi սարքեր՝ կարողանում են ազատորեն օգտվել հեռախոսակապից ու ինտերնետից: Մինչդեռ նկատենք, որ վերոնշյալ տեխնիկան ՔԿՀ-ում համարվում է արգելված առարկա:
Հետեւաբար առաջանում են որոշակի կասկածներ առ այն, որ հանցախումբը գործում է առնվազն ՔԿՀ-ի ղեկավարության թողտվությամբ: Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ-ում կան արտոնյալներ, որոնց արարքի վրա ՔԿՀ ղեկավարությունը կամ հենց ինքը՝ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը, աչք են փակում՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Միանշանակ է, որ եթե չլիներ ՔԿՀ ղեկավարության թողտվությունը, նման պատկեր չէր լինի: Ի դեպ, ստեղծված իրավիճակը նաեւ այլ գործոնների արդյունքում է արմատավորվել: Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ այդպես էլ պարզ չէ, թե ինչու նախարարը անձամբ չի գնում ՔԿՀ եւ ծանոթանում տիրող իրավիճակին, եւ ինչու են, առհասարակ, ոլորտի պատասխանատուներն իրենց գործողությունների պատասխանատվությունը գցում մեկը մյուսի վրա:
Եվ ահա ՀՀ արդարադատության նախարարության ներսում տիրող ներքին խմորումները հանգեցնում են միջգերատեսչական մի նոր բախման:
Բանն այն է, որ գրեթե ամեն օր ԱՆ ՔԿ վարչությունը հրապարակում է տեղեկություն, թե ինչ արգելված իրեր են հայտնաբերել դատապարտյալների կամ կալանավորների մոտ: Իսկ փետրվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավիրած խորհրդակցությունն ու դրա ընթացքում բարձրաձայնված խնդիրները մեկ բանի էին ուղղված. այն է՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանը պետք է դադարեցնեն ներքին խմորումները եւ կոնկրետ գործով ապացուցեն իրենց աշխատանքի արդյունավետությունը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-Ի ՇՈՒՐՋ
Շուրջ 2,5 տարի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի գործով դատական նիստերը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ բանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանն իր հարազատներին հայտնել է, որ եթե դատարանը իրեն խիստ պատիժ սահմանի, նա կվնասի իրեն:
Հիշեցնենք, թե գործն ինչի մասին էր. Արա Կիրակոսյանը, լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը, օգտագործելով պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող կեղծ պայմանագրեր, խարդախությամբ, խաբեությամբ կատարել է հափշտակություն:
Նկատենք, որ բացի Արա Կիրակոսյանից՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախագահի տեղակալ-տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանը: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ Մելիք Եսայանի գործով դատական նիստերը չեն կայանում, քանի որ նա վատառողջ է, իսկ ահա Արա Կիրակոսյանի մասով շուրջ 2,5 տարի տեւած քննությունը առաջիկայում կմոտենա իր տրամաբանական ավարտին: Պարզեցինք, որ այս գործով դատական քննությունը ավարտվել է, մեղադրող դատախազը կարդացել է իր ճառը, եւ մնացել է, որ Արա Կիրակոսյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը իր պաշտպանական ճառը կարդա, որից հետո գործով կհրապարակվի վճիռը:
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՈՎ
ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարների անունից մի շարք ժամկետային զինծառայողների ծնողներից խաբեությամբ գումար հափշտակելու գործով վճիռը հրապարակվեց:
2016 թվականի մարտի 18-ին ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ձերբակալվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը: Պարզվել էր, որ Հ. Ղազարյանը տարբեր քաղաքացիների ներկայանալով ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից՝ խոստացել էր ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող նրանց զավակներին ԼՂՀ-ից տեղափոխել Հայաստան: Յուրաքանչյուր ծնողից իր ծառայության դիմաց իրականում շորթել էր 160 հազարից մինչեւ 200 հազար դրամ: Արդյունքում նա հափշտակել էր մոտ 645.000 ՀՀ դրամ գումար: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանը Համլետ Ղազարյանին իր կատարած արարքի համար դատապարտեց ազատազրկման 2 տարի 4 ամիս ժամկետով:
ՍՀԴԿ-Ի ՀԵՏ ԷԼ ՉՍՏԱՑՎԵՑ
Դաշինքափլուզման գործընթացը շարունակվում է. երեկ էլ «Ծառուկյան» դաշինքից հեռանալու մասին հայտարարությամբ է հանդես եկել ՍԴՀԿ-ն: Կուսակցության տարածած հայտարարությունում ասված է. «ՍԴՀԿ-ն համաձայնել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին ՍԴՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն եւ Միասնություն շարժումը: Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»: Այս կապակցութամբ Ծառուկյանի գրասենյակը ներկայացրել է հետեւյալ պարզաբանումը.«Ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը: Ծառուկյանի համար շարունակում է առաջնահերթություն մնալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդրումը եւ այդ գործում քաղաքական դաշտի միասնական ներգրավվածությունը՝ առանց ինտրիգների եւ ներքին խժդժությունների»:
ՎՐԱՑԱԿԱՆ ՇՈՒԿԱ
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Կասկադ Էներգո» ռուսական դուստր ընկերությունը էլեկտրաէներգիայի ներմուծում եւ արտահանում կիրականացնի Վրաստանում, փոխանցում է Rusarminfo-ն: Այս մասին է վկայում «Կասկադ Էներգո»-ի գրանցումը որպես Վրաստանի էլեկտրաէներգիայի համակարգի կոմերցիոն օպերատոր:
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԿԿԱՆԳՆԵՑՆԵՆ
Ներկա փուլում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ռուսաստանին կամ Իսրայելին անհնար է: Այս մասին երեկ ասել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը: Նա նշել է, որ Լապշինի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է: «Քննության ավարտից հետո Լապշինը պետք է դատարանի առջեւ կանգնի: Դատարանի որոշումից հետո կարող է դիտարկվել նրա արտահանձնումն այն երկրներից մեկին, որոնց քաղաքացին է նա: Մինչ դատարանի որոշումը արտահանձնում չի կարող տեղի ունենալ»,-ասել է Հուսեյնովը: