ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՀՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ «Ժողովուրդը» շարունակում է ընթերցողին ներկայացնել գործող խորհրդարանի անդամների անցած 5 տարիների աշխատանքը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ի պատգամավորական խմբակցության այն անդամներին, որոնք կա՛մ ունեն իրենց սեփական կուսակցությունը, կա՛մ էլ անկուսակցական են, սակայն «հայրենիքի ճակատագրով մտահոգ»՝ հանգրվանել են ՀՀԿ-ում: Ստորեւ կներկայացնենք Սպարտակ Մելիքյանի, Շիրակ Թորոսյանի եւ Տաճատ Վարդապետյանի խորհրդարանական բեղուն հետագիծը:

Սպարտակ Մելիքյանը ՀՀ ԱԺ պատգամավոր է 2007 թվականից՝ ընտրվելով ՀՀԿ համամասնական ցուցակով: Դրա հետ մեկտեղ նա ունի իր սեփական կուսակցությունը, որը կոչվում է «Ժողովրդավարություն եւ աշխատանք»: Եվ, բնականաբար, Մելիքյանը չէր էլ կարող շեղվել իր համար արդեն հարազատ դարձած ՀՀԿ-ի քաղաքական գծից, ինչի վկայություններից է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը նրա համաձայնությունը: 2015թ. այս պատգամավորի ֆինանսական դրության մասին մամուլում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում: Մասնավորապես նշվում էր՝ Մելիքյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ եւ նույնիսկ հայտնվել էր սնանկության եզրին: Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիներ Ս. Մելիքյանի դեմ դատական հայցեր էին ներկայացրել՝ պահանջելով կալանք դնել նրա ունեցվածքի վրա եւ այլն: Ֆինանսական եւ դատական վեճերից բացի՝ Մելիքյանն այս տարիների ընթացքում զբաղվել է նաեւ խորհրդարանական գործունեությամբ: Ինչպես վայել է ՀՀԿ-ի հետ համագործակցող կուսակցապետին, նա կողմ է քվեարկել օրինագծերի ճնշող մեծամասնությանը՝ 638, իսկ դեմ եւ ձեռնապահ՝ 4 եւ 1 անգամ: Մելիքյանը հրաժարվել է քվեարկությունից 166 անգամ, բացակայել 155 նիստերից: 5 տարվա ընթացքում պատգամավորը ԱԺ ամբիոնին որեւէ անգամ չի մոտեցել, հարցերով երբեք հանդես չի եկել: 2016թ. ամռանը Մելիքյանը չէր բացառում ԱԺ ընտրություններին իր կուսակցության ինքնուրույն մասնակցությունը, սակայն առավելապես տրամադրված էր ՀՀԿ-ի հետ համախմբմանը:
Շիրակ Թորոսյանը նույնպես ՀՀԿ-ի հետ համագործակցող մեկ այլ կուսակցության՝ «Հզոր հայրենիքի» պատվարժան փոխնախագահն է: Նրա համար գալիք խորհրդարանը կարող է լինել երրորդը՝ 2007 թվականից ի վեր: Նա նաեւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահն է, դասախոսում է ԵՊՀ-ում: Թորոսյանը ՀՀԿ-ի հետ համագործակցելուն զուգահեռ ակտիվորեն հանդես է գալիս Վրաստանում ապրող հայության իրավունքների ոտնահարման խնդիրների բարձրաձայնմամբ: Ի դեպ, Շիրակ Թորոսյանը այն գործիչներից է, որոնց մուտքը Վրաստան շարունակում է արգելված մնալ նույնիսկ Սահակաշվիլու պաշտոնաթողությունից հետո: Հայաստանում, սակայն, Թորոսյանը կարծես իշխանությունների մեղքով ծագած լուրջ խնդիրներ չի նկատում, հակառակ դեպքում դժվար թե ձգտեր շարունակել ՀՀԿ-ի հետ «համագործակցությունը»: Չմոռանանք, որ նա նույնպես չի շեղվել Սերժ Սարգսյանի որոշումից՝ ակտիվորեն սատարելով ԵՏՄ-ին միանալու գործընթացին եւ այդ ճանապարհով տեսնելով Հայաստանի տնտեսական զարգացումը: 5-րդ գումարման ԱԺ-ում Շիրակ Թորոսյանը ՀՀԿ-ականին վայել գործունեություն է ծավալել: Նա կողմ է քվեարկել 919 օրինագծերի, իսկ դեմ եւ ձեռնապահ եղել 8 եւ 1 անգամ: Այս պատգամավորը խորհրդարանական ամբիոնից օգտվել է 9 անգամ, հարցերով հանդես եկել 20 անգամ: Նա քվեարկություններից հրաժարվել է 8 անգամ, բացակայել՝ 28:
Իսկ ահա Տաճատ Վարդապետյանը ՀՀԿ-ի անկուսակցական պատգամավորներից է: Նա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է 2007 թվականից՝ 2007 ու 2012թթ. ընտրվելով ՀՀԿ համամասնական ցուցակով: Վարդապետյանը ծնվել է Վրաստանում եւ հիմնականում զբաղվել է ջավախահայության խնդիրների բարձրաձայնմամբ: Նա ՀՀԿ-ի պահանջատիրական գաղափարախոսության ջատագով պատգամավորներից մեկն է, որը կարծում է, որ ցեղասպանության ողբերգությունը պետք է փոխարինել հստակ պահանջատիրությամբ: Եվ դրանով հանդերձ՝ նա Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը զավեշտ է, համարում է սոսկ լեզվական վրիպում: ՀՀԿ-ի այս պատգամավորն ակնհայտորեն չգիտի, որ դեսպանի մակարդակով նման վրիպումները, մեղմ ասած, անթույլատրելի են եւ նորմալ երկրներում կավարտվեին պաշտոնանկությամբ: Սակայն զարմանալի էլ չէ ՀՀԿ-ի ինտելեկտուալ թեւի այս ներկայացուցչի նման կեցվածքը, երբ հիշում ենք, որ նա նույնպես ԵԱՏՄ-ի ջերմեռանդ կողմնակիցը դարձավ Սերժ Սարգսյանի միանձնյա վճռից հետո: Վարդապետյանի խորհրդարանական գործունեությունը այնքան էլ տպավորիչ չէ. նա կողմ է քվեարկել 932 նախագծերի, դեմ՝ 9 եւ ոչ մի անգամ ձեռնապահ: Ըստ Parliament Monitoring-ի տվյալների՝ նույնպես երբեք չի մոտեցել ԱԺ ամբիոնին, հարցապնդումներ երբեւէ չի ներկայացրել: Վարդապետյանը բացակայել է ԱԺ ընդամենը 6 նիստերից, իսկ քվեարկությունից հրաժարվել 17 անգամ:
Դատելով Սերժ Սարգսյանի կուսակցաշինական քաղաքականությունից՝ չի կարելի բացառել, որ վերոնշյալ գործիչները կհայտնվեն նաեւ 6-րդ գումարման խորհրդարանում՝ ՀՀԿ-ի ու այլ կուսակցությունների «հայրենանվեր համագործակցության» համատեքստում, ինչը պարզ կդառնա արդեն այսօր, երբ կհրապարկվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակի վերջնական տարբերակը։

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀՀԿ-ԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ

ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի 28/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանը, ով մեղադրվում էր 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ, ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներում մասնակցություն չի ունենա:

Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղակայված 28/35 տեղամասում «ոչ»-ը 3 ձայնի առավելությամբ հաղթանակ էր տարել: Հանրաքվեի ժամանակ 304 քաղաքացի քվեարկել էր «ոչ»-ի եւ 301-ը՝ «այո»-ի օգտին: Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանն էլ իր տեղամասի փաստաթղթերն ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ կեղծել էր արդյունքները. արձանագրություններում եւ գրանցամատյանում «այո»-ի 301 ձայնը գրիչով դարձրել էր 601: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով, եւ նյութերն ուղարկվել էին հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության: Արդյունքում՝ Շահբազյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց, եւ նրա նկատմամբ սահմանվեց 1 տարի փորձաշրջան: Ի դեպ, այս տարվա մայիսին փորձաշրջանի ժամկետը ավարտվելու է:
Նշենք, որ նախկին կոմունիստ, այժմ ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանը 70 տարեկան է, աշխատում է Կոտայքի գյուղապետարանում որպես գյուղապետի տեղակալ: Ի դեպ, այս գյուղը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հայրենական գյուղն է:
Առաջիկա ընտրական գործընթացի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հենրիկ Շահբազյանի հետ:
-Պարո՛ն Շահբազյան, Դուք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընտրական հանձնաժողովում լինելո՞ւ եք, թե՞ ոչ:
-Ո՛չ, ես չեմ մասնակցելու:
-Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Դուք չգիտե՞ք, թե ո՞րն է պատճառը: Օրենքը ինձ թույլ չի տալիս:
-Եթե պաշտոնապես չեք կարող, հնարավո՞ր է՝ այլ ճանապարհով ներգրավվեք ընտրական գործընթացներում:
-Ո՛չ, ո՛չ, ո՛չ:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԽԵՂԴՎԵԼ Է ԳԵՏՈՒՄ
Փետրվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ժամը 10։20-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գործող թիվ 3 մանկապարտեզի սան, 5-ամյա Ռոբերտ Դալլաքյանը, ինքնուրույն դուրս է եկել մանկապարտեզի տարածքից, ինչից քիչ անց նրա դին հայտնաբերվել է մանկապարտեզի հարեւանությամբ հոսող Դեբեդ գետի մեջ: Փոքրիկին գետից դուրս են բերել հարակից տարածքի բնակիչներն ու հայտնել մանկապարտեզի ղեկավարությանը: Երեկ տարածված մեկ այլ վարկածով՝ երեխային գետում հայտնաբերել է պապը:
Մեր թղթակիցն անմիջապես այցելել է Սանահին կայարանի մանկապարտեզ, որտեղ այդ պահին քչննական գործողություններ էին կատարվում: Մանկապարտեզի ղեկավարությունն ու աշխատակիցները հրաժարվել են որեւէ հարցի պատասխանել՝ նշելով, թե վատ հոգեվիճակում են եւ քննիչներով են զբաղված:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 14-ին, առավոտյան երեխան մոր ուղեկցությամբ գնացել է նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու հսկողությանը։ ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, սակայն ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նա նկատել է, որ երեխան բացակայում է։ Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին նա հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։
Մեր թղթակիցը այցելել է նաեւ մահացած երեխայի ընտանիքին, սակայն փոքրիկի հարազատները կտրականապես հրաժարվել են որեւէ բան ասել դեպքի մասին: Հատվածը, որտեղ երեխան ընկել է գետը, մանկապարտեզից 50-100 մետր հեռավորության վրա է գտնվում, ու թե ինչպես է երեխան անցել այդ հատվածը, ու ինչպես աշխատակիցները նրա բացակայությունը չեն նկատել, տարակուսելի է: Ալավերդու բնակիչները կատարվածի մեջ մեղադրում են մանկապարտեզի աշխատակիցներին: Դեպքից անմիջապես հետո մանկապարտեզի բոլոր երեխաներին տուն են ուղարկել:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս