Փետրվարի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի բեռնափոխադրումների ասոցիացիաների ֆեդերացիայի փոխնախագահ Շանկար Շինդեին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հնդկաստանից դեպի Հայաստան՝ որպես տարանցիկ երկիր բեռնափոխադրումների կազմակերպման հնարավորություններին:
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Այցի շրջանակներում Շանկար Շինդեն հանդիպումներ է ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում, ինչպես նաև այլ կառույցներում:
Շանկար Շինդեն Հայաստանում է ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ՝ համաձայն 2016թ. Երևանում կայացած Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության: