ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել, ինչի հետևանքով կողմերից մեկը տուժած ունի:
Մասնավորապես, հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին:
Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։ ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։
Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։
ArmLur.am-ը փորձեց Արարատի մարզում ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանից պարզել՝ ինչ է, ի վերջո, տեղի ունեցել իր կուսակիցների միջև, և արդյոք խնդիրը հարթվել է:
-Պարոն Սարգսյա’ն, երեկ Մասիս քաղաքում տեղի ունեցած միջադեպն ինչպե՞ս հանգուցալուծվեց:
-Ես Ձեզ խնդրում եմ, երեկ ուշ երեկոյան գնացել, այսօր վաղ առավոտյան եկել եմ: Մի քանի օր թողեք աշխատեմ: Հետո կխոսենք:
-Միջադե՞պն է եղել պատճառը, որ այդքան ժամանակ տեղում եք եղել:
-Ի՞նչ միջադեպ:
-Տեղյակ չե՞ք՝ Ձեր կուսակիցների աջակիցների միջև բախում է եղել Մասիսում:
-Ոչ, անկեղծ տեղյակ չեմ: Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Կներեք, այլևս չեմ կարող խոսել:
Փաստորեն, Արարատի մարզում ՀՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավարը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում շտաբներում: Զարմանալի է:
Ի դեպ, ArmLur.am-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է Արայիկ Գրիգորյանին հանգստանալ և փակել պատմությունը։
Երեկ մինչև ուշ գիշեր Մասիսում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ էին հավաքված: Եվ քաղաքում լուրեր են պտտվում, որ բուն պատճառը եղել է այն, որ Մուրադյանի թիմակիցներից մի քանիսը որոշել են սատարել և աջակցել Գրիգորյանին: