Արայիկ Գրիգորյանը զգուշացրել է. Մասիսում ՀՀԿ-ականների բախման թեմայի շարունակություն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արարատի մարզի Մասիս քաղաքում «Հայաստանի հանրապետական» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների թիմակիցների միջեւ տեղի ունեցած բախումը, ըստ երեւույթին, դեռեւս շատ ջուր կքաշի:

Նախ հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել, ինչի հետևանքով կողմերից մեկը տուժած ունի: Մասնավորապես, հայտնել էինք, որ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել:

Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։ ArmLur.am-ի տեղեկություններով մինչ այդ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել, որ Արայիկ Գրիգորյանը չպետք  է Մասիս քաղաքում գործունեություն ծավալի։ Նա Արարատի մարզի մի քանի քաղաքներում պետք է գործի, շտաբ բացի և այլն։

Իսկ կոնկրետ Մասիս քաղաքը, պայմանավորվածության համաձայն, «հանձնված» է մարզում առաջադրված Հանրապետական մեկ այլ թեկնածու, ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանին։ Սակայն Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, խախտել է ներքին պայմանավորվածությունը եւ գնացել Մասիս քաղաքում շտաբ է բացել, ինչը դժգոհություն է հարուցել։ Մուրադ Մուրադյանն էլ որոշել է պատժել նրան։ Ուղարկել է իր թիմի տղաներին, որոնք մի քանի մեքենայով մտել են Արայիկ Գրիգորյանի շտաբ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատուներից Սամվել անունով մի անձի, որը գլխի շրջանում ստացել է մի շարք վնասվածքներ։

ArmLur.am-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրահանգել է Արայիկ Գրիգորյանին հանգստանալ և փակել պատմությունը։

Մուրադ Մուրադյան

Մեր աղբյուրները հայտնում են, որ Արայիկ Գրիգորյանը հայտարարել է, որ Մուրադ Մուրադյանին շատ խիստ պատժելու է: Այսօր, կարծես, թեմայի շարունակություն է սպասվում: Մենք կհետեւենք զարգացումներին՝ հասկանալու համար՝ Արայիկ Գրիգորյանը կկատարի՞ իր «խոստումը», կպատժի՞ իր աջակցին ծեծի ենթարկողներին:

Թերեւս, հարկ է նկատել, որ ըստ երեւույթին, պայմանավորվածությունը խախտողը եղել է Արայիկ Գրիգորյանը, քանի որ ի սկզբանե պայման է դրված եղել՝ Մասիսում նախընտրական շտաբ պետք է բացի Մուրադ Մուրադյանը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս