Դատական համակարգում հնաբնակների ու երիտասարդների «կռիվ» է. ինչո՞ւ են կրքերը թեժացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու հետ կապված համակարգում ներքին տարաձայնություններ են ծագել: Չնայած մի շարք մարզային դատավորներ համապատասխանել են, որպեսզի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակեն, սակայն նրանց ներքին կարգով հասկացրել են, որ ցանկալի թեկնածուներ չեն:

Առաջխաղացման ցուցակը

Ինչպես հայտնի է՝ ՀՀ դատական համակարգը հաճախ է հայտարարում, որ դատավորները, օրինակ, կարող են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, դատարանի դատավորի թափուր տեղի համար դիմում ներկայացնել՝ ընդգրկվելու ծառայողական առաջխաղացման ցուցակում: Ասել է, թե այն դատավորները, որոնք ցանկություն ունեն, օրինակ, Լոռու մարզից տեղափոխվել եւ նշանակվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, դիմում են ՀՀ արդարադատության խորհուրդ եւ հետագայում ընդգրկվում են առաջխաղացման ցուցակում: Նկատենք, սակայն, որ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելը այդքան էլ հեշտ պրոցես չէ:

Բանն այն է, որ դատավորները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, եւ երբ նրանք ընդգրկվում են առաջխաղացման ցուցակում, ՀՀ արդարադատության խորհուրդը սկսում է քննել վերջիններիս դիմումը՝ մանրամասն ուսումնասիրելով, թե ինչ աշխատանքային փորձ ունեն, ինչպիսի գործեր են քննել եւ այսպես շարունակ: Եթե դատավորները անցնում են այս փուլը, ասել է, թե ստանում են ՀՀ արդարադատության խորհրդի դրական եզրակացությունը, ապա նրանց այլ դատարանի դատավոր նշանակելու հարցը ՀՀ արդարադատության խորհուրդը ներկայացնում է Սերժ Սարգսյանին, որի որոշմամբ էլ դատավորները տեղափոխվում են:

Դատավորներին հասկացրել են

Եվ ահա 2016 թվականին մարզային մի քանի դատավորներ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի թափուր տեղի համար ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմում են ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ: Մեզ տեղեկություններ հասան, որ նրանցից շատերը ընդգրկվել են առաջխաղացման ցուցակում եւ դեռ ավելին՝ արդարադատության խորհուրդը մարզային մի շարք դատավորների դիմումներին դրական եզրակացություն է տվել: Ասել է, թե նրանք կարող են, օրինակ, մարզից տեղափոխվել Երեւան եւ նշանակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորը: Սակայն այստեղ է, որ կրքերը թեժացել են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու սրտով չեն եղել առաջխաղացման ցուցակում ընդգրկված եւ խորհրդի դրական եզրակացություն ստացած դատավորները: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի՝ վերջինս մարզային դատավորներին ներքին կարգով հասկացրել է, որ ցանկալի թեկնածուներ չեն, եւ ինքը չի ցանկանա նրանց տեսնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնում: Արդյունքում գրեթե բոլոր փուլերը անցած դատավորները մեկը մյուսի հետեւից հրաժարվել են իրենց դիմումներից եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու մտադ  րությունից:

Դատավորի կամքը

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե որ դատարանի դատավորներից են եղել հրաժարվողները: Պարզեցինք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը անցել է բոլոր փուլերը, եւ երբ եկել է այն պահը, երբ նրա նշանակման հարցը պետք է ներկայացնեին Սերժ Սարգսյանին, վերջինս հրաժարվել է:

-Պարո՛ն Մելիքյան, Դուք դիմում էիք ներկայացրել՝ դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար, որպեսզի նշանակվեիք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Բոլորը փուլերը անցնելուց հետո, սակայն, հրաժարվել եք: Ինչո՞ւ, ի՞նչ խնդիր կար:

-Բացարձակ ոչ մի խնդիր, իմ կամքն եմ արտահայտել, իմ ցանկությունն եմ իրականացրել:

-Լուրեր կան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին է ներքին կարգով հասկացրել, որ իր թեկնածուն չեք, ինչի արդյունքում էլ Դուք հրաժարվել եք:

-Դա իմ իրավունք է:

-Այսինքն՝ հավաստիացնում եք, որ Ձեզ վրա ճնշում չի՞ եղել, եւ Ձեզ չե՞ն հարկադրել նման որոշում կայացնել:

-Ոնց կարող են ստիպել, եթե ես այդքան գործընթաց եմ անցել նախագահի մակարդակով, ոնց կարող են ստիպել, տրամաբանակա՞ն է Ձեր հարցը:

-Այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվեցիք:

-Դա իմ իրավունքն է:

Վահագն Մելիքյան

Դեպարտամենտը՝ հրաժարվածների մասին

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ դատական դեպարտամենտ: Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնեց.«Այո՛, երեք դատավորներ դիմել են արդարադատության խորհրդին՝ առաջխաղացման ցուցակից իրենց հանելու խնդրանքով, որն իրենց իրավունքն է՝ սահմանված ՀՀ դատական օրենսգրքով: Ձեր նշած այլ տեղեկությունների կապակցությամբ առաջարկում եմ ձեռնպահ մնալ բամբասանքի բնույթ կրող խոսակցությունները մեկնաբանելուց եւ տարածելուց»:

Ովքեր կնշանակվեն

Եվ ահա, ըստ էության, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին դատարանում մթնոլորտ է փոխել եւ կարողացել է իր ցանկալի դատավորներին անցկացնել: Առաջիկայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավորի 3 թափուր պաշտոններ կհամալրվեն: Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի եւ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի անունները: Նշենք, որ նշանակվող դատավորները, ի տարբերություն հրաժարական տված դատավորների, այդքան աշխատանքայի փորձ չունեն: Ասել է, թե դատական համակարգում երիտասարդ դատավորների եւ հնաբնակ դատավորների «աթոռակռիվ» է գնում:

«Մատների արանքով»

Սակայն այս իրավիճակը մեկ այլ խնդիր է ստեղծել: Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ դատավորները, տեղեկանալով իրենց մոտալուտ տեղափոխման մասին, «մատների արանքով» են նայում իրենց նախագահությամբ քննվող գործերին: Մասնավորապես նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը միակ քրեական գործերը քննող դատավորն է, եւ նրա նախագահության տակ գտնվող դատական նիստերը չեն կայանում: Բանն այն է, որ նա 2016 թվականի մարտի 1-ից քննում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր` Ռադիկ Օհանյանի մասնակցությամբ յուրացումների գործը, սակայն մոտ մեկ շաբաթից կլրանա այս գործով մեկ տարին, եւ սույն քրեական գործով ընդամենը մեկ նիստ է կայացել, իսկ նշանակված այլ նիստերը չեն կայացել:

Քնար Մանուկյան




Լրահոս