Ինչպես հայտնի է՝ «Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը ստորագրվել է «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» եւ «Առաքելություն» կուսակցությունների միջեւ: Բայց այդ դաշինքի հետ, ըստ էության, համագործակցելու է նաեւ ՀՀՇ-ն, համենայն դեպս, Երեւանի Կենտրոն համայնքում այդ դաշինքի ռեյտինգային թեկնածուներից է լինելու ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու ՀՀՇ-ն եւս դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը չի ստորագրել:
Մինչ համաձայնագրի ստորագրումը, ինչպես հայտնի է, նշվում էր, որ Ծառուկյանի շուրջ համախմբվող դաշինքի մաս են կազմելու նաեւ «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան», «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունները, ինչպես նաեւ «Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը»:
Սակայն ներքին հակասությունների արդյունքում այդ կուսակցությունները դուրս մղվեցին «Ծառուկյան» դաշինքից: Այս առնչությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ նշված կուսակցությունների դեպքում առաջ է եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը.«Այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ, Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- նշել էր Տոնոյանը:
Եթե այդ ուժերի դեպքում պարզաբանվեց, թե ինչու դաշինքից դուրս մղվեցին, ապա ՀՀՇ-ի մասին ոչինչ չնշվեց: Եվ չնայած, որ չեղան պաշտոնական հայտարարություններ, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ ՀՀՇ-ի դեպքում եւս նմանատիպ խնդիր է ծագել: Այս ընթացքում մամուլում շատ է գրվել այն մասին, որ կա նաեւ «ՀՀՇ» ՀԿ, որը որեւէ կապ չունի այդ կուսակցության հետ:
ՀԿ-ի նախագահ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Հայոցյանն էլ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում տեղեկացրել էր, որ դեռեւս 2013թ-ին ՀՀՇ կուսակցությունը արտահերթ համագումարով որոշում է կայացրել կուսակցությունը անվանափոխել «Հայ ազգային կոնգրեսի», որն էլ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես ՀՀՇ-ի իրավահաջորդ. «Նույն թվականին արդարադատության նախարարությունում գրանցվել է ՀՀՇ հասարակական կազմակերպությունը՝ ՀՀՇ նախկին լոգոյով:
Դրանից հետո անօրինական կերպով, խախտելով կուսակցությունների մասին օրենքը, իշխանությունների բացահայտ աջակցությամբ ստեղծվել է նույնանուն (ՀՀՇ) կուսակցություն»,- նշել է Հայոցյանը: Եւ ահա մեզ հասած տեղեկություններով՝ հենց սա էլ հիմք է հանդիսացել Ծառուկյանի համար, որ նա նպատակահարմար չգտնի ՀՀՇ-ին եւս ընդգրկել որպես դաշինքի մաս կազմող կողմերից մեկը: Փոխարենը որոշում է կայացվել առաջադրել Արարատ Զուրաբյանի թեկնածությունը, քանի որ վստահություն կա, որ նա, որպես Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, կկարողանա բավականին մեծ թվով ձայներ ապահովել դաշինքի համար:
Վահագն Հակոբյան