ՖՈՏՈ. ՀՀԿ-ի կին պատգամավորներն ու 2017թ. խորհրդարանը. ապագա ԱԺ-ի կազմը հազիվ թե հեղափոխական տարբերություններ կրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես եւ կանխատեսվում էր՝ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող ուժերի ցուցակներում նորություններ գրեթե չկան, ինչը հուշում է, որ ապագա ԱԺ-ի կազմը հազիվ թե հեղափոխական տարբերություններ կրի ներկայիս խորհրդարանի համեմատ: Սույն պնդումը հատկապես վերաբերում է ՀՀԿ-ին, որի հրապարակած ցուցակները, հակառակ խոստացածի, առանձնապես չեն տարբերվում նախորդներից:

Բայց այս հրապարակման մեջ անդրադառնանք կանանց, որոնցից մեկի՝ Մարգարիտ Եսայանի ապագա պատգամավորության հարցը որոշված էր ի սկզբանե, իսկ Նաիրա Կարապետյանինը՝ վերջին պահին՝ Լեւոն Մարտիրոսյանի փոխարեն: Դե, իսկ Կարինե Պողոսյանն արդեն հանգրվանել է «Ծառուկյան» դաշինքում:

Հիշեցնենք, որ Մարգարիտ Եսայանի համար 6-րդ գումարման խորհրդարանը կլինի երկրորդը: Նա ՀՀ ԱԺ պատգամավոր է դարձել 2012թ. ՀՀԿ համամասնական ցուցակով: Եսայանը 1983-1996թթ. եղել է «Պիոներ կանչ» (հետագայում՝ «Կանչ») մանկապատանեկան թերթի լրագրող, ապա՝ դպրոցական բաժնի խմբագիր, իսկ ահա 1996-2012թթ. աշխատել է որպես «Առավոտ» օրաթերթում: Եսայանը 2012թ. իր լրագրողական գործունեությունը փոխարինեց իշխանական կուսակցության պատգամավորությամբ՝ այդուհետ համառորեն պաշտպանելով Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնությունները:

Հիշարժան է, որ Եսայանը հպարտորեն հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը 2018թ. իր լիազորությունների ավարտից հետո չպետք է տանը նստի եւ պիտի ակտիվորեն մասնակցի երկրի կառավարմանը: Եսայանը վճռականորեն սատարել է նաեւ սարգսյանական սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Զարմանալի էլ չէ, որ Եսայանը անձնազոհաբար պաշտպանում էր ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրած ՊՆախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագիծը: Եվ, ընդհանրապես, այս պատգամավորը ոչ միայն հետեւողականորեն կողմ է քվեարկում եւ բարձրաձայն սատարում իշխանական նախագծերին, այլեւ ագրեսիվորեն քննադատում է Սերժ Սարգսյանի հակառակորդներին եւ պատասխանում վերջինիս հասցեին հնչած քննադատություններին:

2012-2017թթ. խորհրդարանական գործունեության ընթացքում Եսայանը չի դավաճանել ՀՀԿ-ականի իր կոչմանը եւ կողմ է քվեարկել ներկայացված օրինագծերի 85 տոկոսին, իսկ դեմ քվեարկել լոկ 8 անգամ: Նա երբեւէ ձեռնապահ չի եղել, իսկ քվեարկություններից հրաժարվել է 10 անգամ: Հավելենք, որ Եսայանը բացակայել է 124 նիստերից, իսկ հարցապնդումներով հանդես եկել 32 անգամ, ԱԺ ամբիոնից 22 ելույթ է ունեցել: Նա կողմ է քվեարկել բոլոր աղմկահարույց օրինագծերին, ինչպես, օրինակ, «Ապօրինի հարստացման քրեականացում», «Բյուջե 2017», «ԱԺ կանոնակարգ-օրենք» եւ այլն: Այսօր Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համամասնական ցուցակում 8-րդ համարն է: Սերժ Սարգսյանը գնահատել է նրա ծառայությունները:

Նաիրա Կարապետյանը ՀՀԿ-ի պատգամավոր է դարձել «Միացյալ ազատական ազգային կուսակցության» (ՄԻԱԿ) կողմից, որի անդամ է 2008 թվականից: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՄԻԱԿ-ը սերտ առնչություններ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, եւ հենց վերջինս իր կադրերին տեղավորում է ՀՀԿ-ում: Մինչ ՄԻԱԿ անդամ դառնալը, Նաիրա Կարապետյանը հավատավոր դեմիրճյանական էր: 2003թ. նա ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի մոլի երկրպագուն էր, վիրավորվում էր անգամ, երբ որեւէ մեկը համարձակվում էր քննադատել Դեմիրճյանին: Մի քանի տարի աշխատել է ԱԺ-ում` ընդդիմադիր «Արդարություն» դաշինքում:

Բայց հիմա դարձել է ՀՀԿ-ական եւ պաշտպանում է այն կուսակցությանը, որի դեմ նախկինում պայքարում էր: Ի դեպ, Կարապետյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է եւ քանիցս խրոխտ ելույթներ է ունեցել Ալիեւի ու նրա վարչակազմի դեմ: Այս պատգամավորը ներքին հարցերի շուրջ հազվադեպ է կարծիք արտահայտում: Եվ այս առումով հետաքրքիր է նրա գնահատականը ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների պահվածքի շուրջ, որոնք ամենատարբեր հայհոյանքներ են հնչեցնում, վիրավորում լրագրողներին, իրենց գործընկերներին եւ այլն:

Բայց ըստ Կարապետյանի՝ դրանք սոսկ հույզերի ազդեցության ներքո արված արտահայտություններ են եղել, որոնք սահմանափակվում են սպառնալիք լինելով: Բնական է, որ եթե Կարապետյանը պաշտպանում է հայհոյանքներ շռայլող իր գործընկերներին, էլ ավելի մեծ պատասխանատվությամբ պիտի գերապատվի Սերժ Սարգսյանի իշխանության շահերը խորհրդարանում: Եվ ահա 5 տարվա ընթացքում Կարապետյանը կողմ է քվեարկել ԱԺ-ում ներկայացված 733 օրինագծերի, դեմ՝ 9, ձեռնապահ՝ 1:

Նա հրաժարվել է քվեարկությունից 2 անգամ, բացակայել՝ 219 նիստերից: 18 անգամ նա հանդես է եկել հարցերով, իսկ 6 անգամ ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից: Այդուհանդերձ, Կարապետյանը ՀՀԿ ցուցակի 36 հորիզոնականում է եւ ԱԺ-ում կրկին հայտնվելու հույսը չպետք է կորցնի, եթե Սերժ Սարգսյանը «ինչքան ուզի, էնքան խփի» նշանաբանի ներքո ՀՀԿ-ի համար ԱԺ-ում 60 տոկոսանոց մեծամասնություն նկարի:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներկայիս պատգամավորներից Կարինե Պողոսյանին, ապա նա ՀՀԿ խորհրդի անդամ էր, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահը, եւ որ ամենակարեւորն է՝ Հովիկ Աբրահամյանի զարմուհին: Հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված՝ նա պատասխանատու պաշտոններ ուներ ՀՀԿ-ում եւ 2012թ. հայտնվել էր խորհրդարանում: Սակայն Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո Պողոսյանը նույնպես հարկադրված եղավ լքել իշխանական նավը՝ իր ազգականների հետ այլընտրանքային «առվակներում» հանգրվանելով խնամու՝ Ծառուկյանի դաշինքում: Ի դեպ, Պողոսյանը ս.թ. փետրվարի 16-ին արդեն մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի կազմակերպած նախընտրական միջոցառմանը:

Նշենք, որ ԱԺ պատգամավորության 5 տարվա ընթացքում նախկին մանկավարժ Պողոսյանը կողմ է քվեարկել 912 անգամ, դեմ՝ 9 եւ 1 անգամ ձեռնապահ: Բացակայելով 35 անգամ՝ նա հրաժարվել է քվեարկությունից 8 անգամ: Դրա փոխարեն, 36 անգամ հարցապնդումներ է ներկայացրել, 2 անգամ խոսել ԱԺ ամբիոնից: Բնական է, որ Կարինե Պողոսյանի օրենսդրական գործունեությունը լիովին տեղավորվում է իշխող կուսակցության տրամաբանության մեջ, եւ նրա անցումը ՀՀԿ-ից ԲՀԿ չի կարող էական փոփոխություն համարվել:

Ն. Հովսեփյան




Լրահոս