Արտակարգ դեպք Լոռու մարզում. մանկատուն տեղափոխվող երեխաները գայլերի կեր կդառնային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի Վանաձորի թղթակցի ահազանգով շաբաթ՝ ուշ երեկոյան, Վանաձորի մանկատուն են տեղափոխվել Լոռու մարզի Փամբակ գյուղի կիսախարխուլ շինությունում բնակություն հաստատած ամուսինների 3 մանկահասակ երեխաները, որոնք ունեն առողջական խնդիրներ: Բնակարանը, որն անտառի խորքում գտնվող անասնագոմ է հիշեցնում, չունի տարրական պայմաններ՝ լույս, ջուր, գազ, սանհանգույց: Երեխաները քնում էին սառը սալիկապատ հատակին: Ծնողները՝ Սուսաննան ու Հովհաննեսը, շատ հաճախ երեխաներին՝ 2, 6, 9 տարեկան, հաշմանդամություն ունեցող երեխաներին, փակում էին շինության մեջ ու դուրս գալիս տանից՝ վտանգելով փոքրիկների կյանքը:

Ամուսինները չեն աշխատում, 3 երեխաներից երկուսը հաճախում են հատուկ օժանդակ դպրոց, շաբաթ եւ կիրակի օրերին գտնվում են ծնողների հսկողության տակ, որն առավել քան վտանգում է երեխաների կյանքը: Չնայած սոցիալական ծայրահեղ ծանր վիճակին ու կենցաղավարության տարրական հմտություններ չունենալուն՝ ընտանիքի մայրը՝ Սուսաննան, 5-րդ երեխային է սպասում: Սուսաննայի առաջին երեխան արդեն 4 ամիս է՝ գտնվում է Սուսաննայի մոր խնամքին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սուսաննան 4 ամսվա ընթացքում երեխայի ճակատագրով հետաքրքրվել է մի քանի անգամ:

Խնդրի մասին տեղեկանալով՝ «Ժողովուրդ»-ը շաբաթ՝ ուշ երեկոյան, ահազանգեց Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների վարչության պետ Սասուն Խեչումյանին, ոստիկանության Լոռու մարզի Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովին ու Փամբակի գյուղապետին՝ հիշեցնելով, որ երեխաները ամեն պահի կարող են մահանալ ցրտից ու գիշատիչ կենդանիների հարձակումներից:

Ստեղծված իրավիճակի մասին Լոռու մեր թղթակիցը նաեւ ոստիկանություն է հայտարարություն տվել երեխաներին սպառնացող վտանգի մասին: Հաշված ժամերի ընթացքում արդեն Փամբակի գյուղապետը մարզպետարանի պաշտոնյայի եւ ոստիկանապետի հրահանգով խնամակալության եւ հոգաբարձության նիստ գումարեց, ծնողներին մեկ անգամ եւս բացատրեց ստեղծված իրավիճակը:

Ծնողները տվեցին իրենց գրավոր համաձայնությունը երեխաներին մանկատուն տեղափոխելու մասով: Արդեն կեսգիշերին երեք մանկահասակ երեխաները տեղափոխվեցին Վանաձորի մանկատուն, որտեղ մասնագետների կողմից առողջական մի շարք խնդիրներ են հայտնաբերվել երեխաների մոտ: Թեեւ մայրը գիտեր, որ երեխաները խնդիրներ ունեն, երբեւէ նրանց բժշկի չէր տարել:

Այսպիսով՝ արձանագրենք, որ Սուսաննա եւ Հարություն ամուսինների երեք երեխաները արդեն մանկատանն են, մյուս երեխան՝ 10-ամյա Մոնիկան, գտնվում է տատիկի խնամքի տակ: Իսկ առաջիկա ամիսներին լույս աշխարհ եկող փոքրիկի մասին դեռ մտածել է պետք:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում 4 երեխաների մայր Սուսաննան թեպետ հերքեց, որ երեխաներին ունենում է փողի համար, սակայն նաեւ նշեց, որ 5-րդ երեխային էլ որոշել են ունենալ, քանի որ տնակի գումար է անհրաժեշտ: Հավելենք, որ բացի տնակի համար նախատեսված գումարից՝ երեխաներին նաեւ ամենամսյա նպաստ է տրվում, որն էլ փաստացի ամուսինների եկամտի աղբյուրն է դարձել: Ըստ ՀՀ կառավարության սահմանած որոշման՝ 5-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը ընտանիքին միանվագ վճարում է 1 միլին 500 հազար դրամ գումար: Իսկ ամսական նպաստի չափը անցնում է 50 հազար դրամի սահմանները:

Վստահաբար կարելի է պնդել՝ երեխաներին մանկատուն տեղափոխելով մենք կարողացանք կանխել երեք երեխայի սպասվող մահը:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս