«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիշում եք «Ոսկե հորթը» ֆիլմի դրվագը, երբ Շուրա Բալագանովը Օստապ Բենդերի մոտ դժգոհում էր Պանիկովսկուց. «Մենք՝ լեյտենանտ Շմիդտի 69 զավակներս, ողջ երկիրը բաժանել էինք տեղամասերի, վիճակահանությամբ: Նրան բաժին էր ընկել Մորդովական ԱՍՍՀ-ն, արդարաբար: Իսկ նա արդեն վաղուց սողում էր իմ տեղամասում»: Հիմա ճիշտ այդպիսի վիճակ է իշխող Հանրապետականի ներսում:
Ու այդ պայմանավորվածությունների խախտման հետեւանքով ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների միջեւ արդեն առաջին բախումներն են սկսվել: Ինչպես հայտնի է՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում:
Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։ Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին: Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։
Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ականների միջեւ լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում եւս, թեեւ գործը դեռ բռունցքներին չի հասել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։ Ս. Սարգսյանը ծրագրել է նաեւ հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաեւ նրանց մեջ հետագա պատերազմը: Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: