Այսօր ՀՀԿ-ում կարևոր օր է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀԿ շտաբում խիստ «կարևոր» օր է: «Ատյան» են կանչվել ՀՀԿ ցուցակի բոլոր ռեյտինգայինները` ցուցումներ ստանալու, ականջաքաշվելու, իրենց տեղն «իմանալ-գտնելու» մասով:

Սերժ Սարգսյանն այսօր անձամբ կզբաղվի նրանցով, չնայած մինչ այս ևս մի քանի մակարդակներով զգուշացվել են բոլոր ռեյտինգայինները` «ընկերոջ համար կյանք տալ, ծեծկռտուքներ չհրահրել»: Մասնավորապես, սրանից առաջ մի քանի անգամ շտաբ է կանչվել ՀՀԿ-ում «շրջապատող չորեքշաբթի» մականունն ունեցող Մուրադ Մուրադյանը (բնապահպանության նախարար եղած ժամանակ «օկրուժայուշչայա սրեդա» տերմինը թարգմանել էր «շրջապատող չորեքշաբթի») և զգուշացվել` «համը չհանել, առանց այն էլ Աբրահամյանների գործոնով ծանրաբեռնված մարզում խաղեր չտալ, զսպվածություն հանդես բերել»: Սակայն մինչ Սերժ Սարգսյանը կզբաղվեր իր «չորեքշաբթիներով», շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

Ի դեպ, ՀՀԿ-ում երեկ հավեսով հիշում էին, թե ժամանակին ինչ ահարկու ձեռնամարտ տեղի ունեցավ Վահրամ Բաղդասարյանի և Մուրադ Մուրադյանի միջև` «Ռենեսանս» ռեստորանում, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կենացը չխմելու պատճառով ստացած դիտողությանն ի պատասխան Մուրադ Մուրադյանը ձիթապտղի կորիզ էր շպրտել բռնցքամարտիկ Վահրամ Բաղդասարյանի ուղղությամբ, վերջինս էլ մի լավ մուշտի էր տվել նրան, հետո արդեն «թիմային» ծեծկռտուք էր տեղի ունեցել: Երեկ մենք տեղեկացանք նաև, որ նախօրեին Մասիսում տեղի ունեցած միջադեպը կտրուկ «նվազեցրել» է պառլամենտում հայտնվելու Մուրադ Մուրադյանի շանսերը․ նրան ասվել է՝ «Ավշարի» դեմ ոտնձգություններ չի կարելի թույլ տալ, նրանք Սերժ Սարգսյանի առանձնահատուկ սերն են վայելում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս