Սարգսյա՞ն, թե՞ Կարապետյան. ո՞ւմ է ցանկանում տեսնել որպես վարչապետ Սուրեն Կարայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած, որ այս փուլում քաղաքական դաշտի ուշադրությունը բեւեռված է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն բոլորին շարունակում է հուզել այն հարցը, թե 2018 թվականից հետո, երբ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվի, եւ նոր Սահմանադարությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, ո՞վ կլինի Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Այս պահի դրությամբ այդ պաշտոնի հիմնական հավակնորդները Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանն են, թեեւ վերջին շրջանում հաճախ է շոշափվում նաեւ ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի անունը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը 2014թ ապրիլին, սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկի մասին հայտարարելով, հավաստիացրել էր, թե ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին: Սակայն ավելի ուշ՝ տարեվերջին, ապա նաեւ 2016 թվականի հոկտեմբերին, «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին՝ Դուք դիտարկու՞մ եք 2018-ին վարչապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, տվել էր խուսափողական պատասխան. «Գիտեք, ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը…»,- ասել էր նա:

Ուշագրավ է, որ նույնկերպ իր հայտարարությունները վերանայեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով, ինչպես գիտենք, խնդիր ունի նոր Սահմանադրությամբ սահմանված մշտակեցության ցենզի հետ, ինչի պատճառով չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Եվ ահա Կարեն Կարապետյանը, ով մինչեւ վերջերս այս արգելքի հետ կապված տալիս էր ոչ միանշանակ պատասաններ՝ ասելով, թե «կարող է եւ նման խնդիր կա», «եթե կա, ապա…», նախօրեին արդեն լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում շատ հստակ հայտարարեց, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ու՞մ կցանկանար 2018 թվականից հետո տեսնել վարչապետի պաշտոնում՝ Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին:

-Պարո՛ն Կարայան, վարչապետ Կարեն Կարապետյանը չհայտնվեց Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում, որովհետեւ Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր ուներ: Հաշվի առնելով դա եւ այլ հանգամանքներ՝ ըստ Ձեզ՝ նրան կհաջողվի՞ 2018 թվականից հետո լինել վարչապետ:

-Ես չեմ այն մարդը, որ պետք է պատասխանեմ այդ հարցին, ճիշտ մարդու չեք տալիս այդ հարցը:

-2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն, որի ղեկավարը դե յուրե կլինի երկրի առաջին դեմքը: Այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին կցանկանաք տեսնել:

-Ուշանում ենք, ուշանում ենք, թողեք, գնանք:

-Ինչո՞ւ եք խուսափում այս հարցին պատասխանելուց:

-Ինձ տնտեսությունից հարց տվեք էլի, նման հարցեր մի՛ ուղղեք:

-Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած համամասնական ցուցակի համար ձայներ ապահովելու նպատակով գործի կդնե՞ք Ձեր հնարավորությունները:

-Այո՛:

Վահագն Հակոբյան




Լրահոս