ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սպասվելիք կառուցվածքային փոփոխությունների հետևանքով աշխատողներ կկրճատվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հնարավոր է՝ ԳՆ-ի ենթակայության տակ գտնվող որոշ մարմիններ միանան իրար եւ դառնան հիմնադրամ: Սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որ կառույցները կմիանան հիմնադրամին:

Փոփոխման կենթարկվի նաեւ ԳՆ-ի գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ ապագայում ԾԻԳ-ի աշխատակազմը եւս կենթարկվի օպտիմալացման, ապա կլուծարվի: Ինչից հետո կհայտարարվի մրցույթ, կձեւավորվի հիմնադրամի աշխատակազմը:

Սակայն այս ամենի արդյունքում շատ աշխատակիցներ կդառնան գործազուրկ:
Այս օրերին ԾԻԳ-ի աշխատակիցները մտահոգված են, քանի որ չգիտեն՝ իրենք կմնա՞ն իրենց աշխատանքին, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հանձնարարել էր վերանայել գերատեսչությունների կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ, ինչպես նաեւ քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը: Ինչի արդյունքում միավորման ձեւով վերակազմակերպվել է 2 ՓԲԸ, լուծարվել է 1 ՓԲԸ, իսկ կրճատվել եւ օպտիմալացվել է 5 ԾԻԳ, 17 ՊՈԱԿ: Դրանց աշխատակիցների մի մասը կրճատվել է, իսկ մյուս մասը աշխատանքի է անցել համապատասխան գերատեսչության աշխատակազմում:

 

Քանի որ ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների լուծարումը շարունակվող գործընթաց է, այս պատճառով հնարավոր չէ նշել, թե քանի աշխատակից է գործազուրկ դարձել: Ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց թիվը մի քանի տասնյակից անցնում է: Օրինակ՝ օպտիմալացվել է մշակույթի նախարարության մշակութային ԾԻԳ-ը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի եւ երիտասարդական ԾԻԳ-ը, քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ԾԻԳ-ը եւ այլն:

Նշենք, որ անցած տարվա ընթացքում որոշվեց փակել նաեւ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը, որտեղ աշխատում է 13 մարդ, իսկ 1-2-ական աշխատակից էլ՝ մարզերում: Արդյունքում որոշվել է նաեւ տրակտորների եւ կոմբայնների համար պետհամարանիշեր բաժանելու գործառույթը փոխանցել ՀՀ ոստիկանությանը: Հնարավոր է՝ կրճատվի նաեւ «Լիցենզավորման կենտրոնը», որտեղ աշխատում է 3 մարդ:

Իսկ ահա ԳՆ-ի գյուղատնտեսական ԾԻԳ-ն այժմ ունի 42 աշխատող: Նախատեսվում է նրանց ազատել աշխատանքից, ինչից հետո իրենք կարող են մասնակցել հիմնադրամի աշխատակազմի ձեւավորման մրցույթին: Միաժամանակ նկատենք, որ ԾԻԳ-ը հիմնադրամի վերածելու վերաբերյալ որոշումը կառավարությունը դեռ պետք է ընդունի: Եւ չնայած սրան՝ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Գեղամ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց ձեւավորվելիք կառույցի անունը՝ «Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս