Այրում երկաթուղային կայարանը թերբեռնված է աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկաթուղային Այրում կայարանը համարվում է Հայաստանի տրանսպորտային դարպասը: Այն մեծ դեր ունի արտերկրից բեռներ ներկրելու, հանրապետությունից ապրանքներ արտահանելու գործում: Սակայն այսօր Երկաթուղային կայարանը թերբեռնված է աշխատում, կարելի է ասել, որ օգտագործվում է կայարանի տեխնիկական հնարավորությունների միայն 15 տոկոսը:

Տեղեկացնենք, որ դեպի Այրում կայարան այժմ գործում է մարդատար 2 գնացք՝ «Գյումրի-Այրում» էլեկտրագնացքը եւ «Թբիլիսի-Երեւան» մարդատար գնացքը: Այսինքն՝ երկու երթուղի է սպասարկում ողջ կայարանը:
2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Այդ պատճառով արտերկրից Հայաստան բեռներ տեղափոխող եւ հանրապետությունից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, որի մի քանի հատվածների ասֆալտի ծածկը արդեն քարուքանդ է եղել խոշոր բեռնատարների ճնշման տակ: Մինչեւ 40 տոննա բեռնված «ֆուռերը» ձմռանը չեն կարողանում հաղթահարել լեռնային, ոլորաններով լի, սառցապատ ճանապարհը, միջպետական ավտոճանապարհին հաճախ են խցանումներ առաջացնում: Դրանք խանգարում են միջպետական ավտոճանապարհով անխափան երթեւեկությանը: Սակայն խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում:

Մինչդեռ լավ կլիներ, որ Հայաստան ներկրվող, Հայաստանից արտահանվող բեռները մեծամասամբ տեղափոխվեին երկաթուղային Այրում կայարանով, ոչ թե 15 տարի առաջ կառուցված, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոմոբիլային ճանապարհով: Մանավանդ, որ երկաթուղիով բեռներ տեղափոխելն ավելի էժան է, ավելի անվտանգ: Սակայն կառավարության մակարդակով այս հարցը կարծես թե մեծ ուշադրության չի արժանանում:
Արճիսը վարչական ղեկավար չունի

2016թ. սեպտեմբերի 18-ին կայացան խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ:
Նշենք, որ խոշորացված Այրում համայնքը ներառում է Այրում քաղաքը, Հաղթանակ, Արճիս, Լճկաձոր, Պտղավան, Դեղձավան, Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերը: Ընտրությունների արդյունքում խոշորացված Այրում համայնքի ղեկավար ընտրվեց Պտղավանի նախկին գյուղապետ Արայիկ Պարանյանը: Խոշորացումից հետո Արճիս համայնքի ղեկավար Սեյրան Միկիչյանը դարձավ Այրում համայնքի ղեկավարի խորհրդական: Նա «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ հիմնականում գյուղատնտեսության գծով է համայնքի ղեկավարի խորհուրդներ տալիս: Իսկ այդ ընթացքում Արճիս վարչական շրջանը ղեկավար չունի: Խոշորացված Այրում համայնքի ղեկավարը չի շտապում Արճիսի վարչական ղեկավար նշանակել: Եվ այդ անտարբերությունը դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում: «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնդիրը չլուծվելու դեպքում Արճիսի բնակիչները պատրաստ են բողոքի գործողությունների դիմել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս