Մկրտիչ Մինասյանը Սերժ Սարգսյանի բոլոր քայլերի ակտիվ պաշտպաններից է. ինչ ճանապարհ է անցել ՀՀԿ-ի գաղափարական նվիրյալը.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակի ուսումնասիրությունը փաստում է, որ խորհրդարանում ՀՀԿ-ի կազմը առանձնապես չի տարբերվելու ներկա կազմից: Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել հին ՀՀԿ-ականների ծառայություններից: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի օրենսդրական գործունեությանը, կամ նույնն է, թե ԱԺ-ում Սերժ Սարգսյանի շահերի պաշտպանության առաքելությանը:

Մկրտիչ Մինասյանը ՀՀԿ-ի գաղափարական նվիրյալներից է, որը խորհրդային ժամանակներում, ռեժիմի «զոհ» լինելով, ստիպված էր անդամագրվել Կոմկուսին եւ 1980-1987թթ. աշխատել ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության բաժնի հրահանգիչ, ենթաբաժնի վարիչ, 1987-1988թթ.՝ ՀԿԿ Երեւանի Օրջոնիկիձեի շրջկոմի երկրորդ քարտուղար, 1988-1991թթ.՝ առաջին քարտուղար: 1996-2002թթ. լինելով Նոր Նորքի թաղապետ՝ նա 2003թ. ցայսօր ՀՀ ԱԺ պատգամավոր է: Առաջին անգամ ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, եղել «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ, իսկ հետո մանդատի արժանացել ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու շնորհիվ: Այսօր արդեն Մինասյանը ՀՀԿ-ի 42-րդ համարն է, եւ չի բացառվում, որ գործադիրում աշխատելու մեկնող ՀՀԿ-ականների ինքնաբացարկների արդյունքում նա հայտնվի խորհրդարանում:

Մինասյանը Սերժ Սարգսյանի բոլոր քայլերի ակտիվ պաշտպաններից է, որը համառորեն չի կարողանում հասկանալ, թե ինչպես է Սեյրան Օհանյանը օրերի ընթացքում 180 աստիճանով փոխել իր դիրքորոշումը: Իսկ հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Կոմկուսի բարձրագույն պաշտոնները վայելած Մինասյանը հանգրվանել այդ նույն Կոմկուսը ժամանակին մերժող Նժդեհի գաղափարների ինքնահռչակ կրող ՀՀԿ-ում: Ի դեպ, այսօր Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը բնական համարող Մինասյանը երկու տարի առաջ չէր սաստում իր կուսակիցներին, որոնք ամոթալի հայտարարություններ էին անում ԲՀԿ առաջնորդի հասցեին ու պահանջում հեռանալ քաղաքականությունից: Ինչեւէ, Մինասյանի խորհրդարանական գործունեությունն էլ է կրում ՀՀԿ-ի լավագույն ավանդույթները: Ըստ այդմ, նա կողմ է քվեարկել 906 անգամ, դեմ՝ 10, ձեռնապահ՝ 1: Մինասյանը բացակայել է 27 անգամ՝ քվեարկություններից հրաժարվելով 20 անգամ: ԱԺ ամբիոնից նա խոսել է սոսկ 3 անգամ, 12 անգամ էլ հարցեր բարձրացրել:

Ն. Հովսեփյան




Լրահոս