Ես վստահ եմ, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի. ՀԱԿ ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին: Օրերս այս խնդրին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը: Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը, եւ արդյոք Հայաստանը դժգոհելուց բացի՝ լուրջ քայլեր ձեռնարկում է այդ ուղղությամբ: «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է:

-Պարո՛ն Կարապետյան, նախօրեին Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Արդյո՞ք ԼՂ կարգավորման հարցում իշխանության խոսքը գործի հետ համընկնում է:

-Ինչ վերաբերում է փոխզիջումներին, բոլորն են խոսում միայն փոխզիջումներից, զիջումների մասին պարզապես խոսելն անիմաստ է: Այդ բառը մենք ընդհանրապես պետք է հանենք մեր լեքսիկոնից, այդ բառը չպետք է լինի. մեկ հայ չեք գտնի, ով կխոսի զիջումների մասին, միայն փոխզիջումներ, միայն համարժեք:

Թե՛ ԵԿՄ համագումարում եւ թե՛ վերոնշյալ հանդիպման ժամանակ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանն օգտվի նախընտրական վիճակից եւ փորձի խախտել հրադադարի ռեժիմը կամ զինված ներթափանցման փորձեր անել, ապա Հայաստանը հակահարված կտա: Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն այս շրջանում կփորձի՞ նման քայլի դիմել:

-Ադրբեջանը մեկ անգամ արդեն տեսել է, թե ինչպես է քաղաքական դաշտը եւ առհասարակ հասարակությունը համախմբվում ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Նույնը առավել հզոր կերպով կտեսնի, եթե Աստված չանի՝ նման մտահղացում ունենա:

Խաղաղության հիմնադիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտը հրապարակել է տարեկան զեկույց, ըստ որի՝ վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Ինչի՞ մասին է սա խոսում, եւ արդյո՞ք մեր կողմից հակազդելուն ուղղված համարժեք քայլեր կատարվում են:

-Ես վստահ եմ, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստի, իսկ երկրորդ՝ ես հակված եմ մտածելու, որ Ադրբեջանը իր բանակցային դիրքերը ուզում է ուժեղացնել դրանով:

-«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դժգոհել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ նման հայտարարությունները, եւ արդյո՞ք կարող են:

-Եթե ոչ հրապարակային դիրքորոշում հայտնելով եւ ոչ հրապարակային աշխատանքով, ուրիշ ինչ պետք է անես: Դա հրապարակային մասն է, ես վստահ եմ, որ պետք է կատարվի ոչ հրապարակային աշխատանք, որպեսզի վտանգները նվազագույնի հասցվեն:

-Խոսքը հենց դրա մասին է, արդյո՞ք կատարվում է:

-Վստահ եմ, որ այո:

-Ի՞նչ պետք է անել ըստ Ձեզ, որ, ի վերջո, ԼՂ խնդիրը կարգավորվի:

-Մենք պետք է գնանք վճռական դիրքորոշման, մենք պետք է լինենք ժողովրդավար պետություն, եւ այս ընտրությունները մեծ հնարավորություն է դա ապացուցելու աշխարհին: Պետք է դրա համար բացառվեն ընտրակաշառքների մասին այն խոսքերը, որոնք հասարակության մեջ նախընտրական այս շրջանում շրջանառվում են, դա մեկ, իսկ երկրորդը՝ քաղաքական ղեկավարությունը պետք է հստակ ուղերձ հղի իր դիրքորոշման մասին եւ խաղաղության ծրագրով առաջ շարժվի. խաղաղություն նշանակում է խելամիտ փոխզիջումներ, եւ ոչ մի դեպքում ոչ ավելի շատ, քան հակառակորդ կողմն է պատրաստ:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նաեւ ասել է, որ առանց Ստեփանակերտի ուղղակի մասնակցության բանակցություններին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը հնարավոր չէ: Անընդհատ այդ մասին է բարձրաձայնվում, դա հնարավո՞ր է, ի վերջո:

-ժամանակին մեր իշխանությունների բացթողումն էր, որ Ստեփանակերտը բանակցություններից դուրս եկավ, որը 97 թվականին վետոյի իրավունքով ամբողջությամբ կարողանում էր լինել բանակցությունների կողմ, եւ նախատեսված էր, որ ինքը լիիրավ կողմ էր Ադրբեջանի եւ Հայաստանի հետ միասին: Այսօր վիճակը մի քիչ այլ է, եւ ես միեւնույն ժամանակ կցանկանայի լսել նաեւ իշխանություններից, թե իրենք ինչպես են պատկերացնում Ստեփանակերտի լիարժեք մասնակցությունը:

Վահագն Հակոբյան




Լրահոս