Չնայած Հայաստանում արտագաղթի ահռելի ծավալներին, ընտրողների թիվը գնալով ավելանում է, այն էլ` երկրաչափական պրոգրեսիայով: Փաստ, որը բավական մտահոգիչ է եւ չի տեղավորվում տարրական տրամաբանության շրջանակներում: Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար ներկայացնենք վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում ընտրողների եւ մշտական բնակչության թվի փոփոխության դինամիկան:
Եւ այսպես՝ այս խորհրդարանական ընտրություններից առաջ ոստիկանությունը ԿԸՀ է ներկայացրել տեղեկանք` Հայաստանում ընտրողների քանակի վերաբերյալ: Ըստ այդմ, 2016թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում կա 2 մլն 564 հազար 334 ընտրող:
Միաժամանակ ՀՀ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2016թ. տարեվերջին Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմել է 2 մլն 993 հազար 900 հոգի: Ստացվում է` ՀՀ մշտական բնակչության թվի 85 տոկոսը կազմել են ընտրողները` 18 տարեկանից բարձր անձինք: Սա, համաձայնեք, մեղմ ասած, նոնսենս է, քանի որ փորձագետների պնդմամբ՝ ընտրողների թիվը չի կարող գերազանցել բնակչության 60-65 տոկոսը:
Եթե հաշվի առնենք այն փաստը, որ առկա բնակչության թիվն ավելի քիչ է, քան մշտական բնակիչների քանակը, ապա ընտրացուցակների ուռճացվածությունն ավելի ակնհայտ է դառնում: 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ ՀՀ առկա բնակչության թիվը եղել է 2 մլն 871 հազար 771 մարդ, եւ այս առումով կստացվի, որ ընտրողների թիվը կազմում է բնակչության 95.9 տոկոսը. հրաշալի ապացույց այն բանի, որ ընտրացուցակներն աներեւակայելի չափերի ուռճացված են:
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը եղել է 2 մլն 547 հազար 916 հոգի, իսկ մշտական բնակիչների թիվը` 3 մլն 10 հազար 600 հոգի: Այսինքն` ընտրողները կազմել են բնակչության 85 տոկոսը. եւս մեկ նոնսենս:
2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ, նույն պաշտոնական տվյալներով, Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 527 հազար 822 հոգի, իսկ մշտական բնակիչների թիվը` 3 մլն 17 հազար 100 մարդ, այսինքն` 83 տոկոսը:
2012թ. խորհրդարանական ընտրություններին ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 522 հազար 906 ընտրող, իսկ մշտական բնակիչերի թիվը 3 մլն 26 հազար 900 հոգի է եղել:
2008թ. նախագահական ընտրություններում ընտրացուցակներում եղել է 2 մլն 315 հազար 410 քաղաքացի, մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 238 հազար մարդ:
2007թ. ԱԺ ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 2 մլն 319 հազար 722 քաղաքացի, իսկ մշտական բնակչության թիվը` 3 մլն 230 հազար 100 հոգի:
2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ ընտրողների թիվը, ըստ ընտրացուցակների, կազմել է 2 մլն 317 հազար 462 հոգի, մշտական բնակչության թիվը` 3 մլն 219 հազար 200:
2003թ. ԱԺ ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 340 հազար 744 ընտրող, մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 212 հազար 200 հոգի:
Իսկ 2003թ. նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 2 մլն 315 հազար 410, մշտական բնակչության թիվը կրկին` 3 մլն 212 հազար 200:
1999թ. ԱԺ ընտրություններում ընտրողների թիվը եղել է 2 մլն 198 հազար 544, իսկ մշտական բնակչության թիվը՝ 3 մլն 226 հազար 900:
Վերջապես, 1998թ. նախագահական ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված է եղել 2 մլն 293 հազար 636 քաղաքացի, իսկ մշտական բնակչության թիվը` 3 մլն 232 հազար 100 մարդ է եղել:
Ուշադրություն դարձրեք` միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին` 2008-2017թթ ընթացքում, Հայաստանում ընտրողների թիվն ավելացել է 235 հազար 503-ով: Եւ սա այն դեպքում, երբ նույն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում արտագաղթը գնալով մեծ թափ ստացավ: Ընդդիմադիր ուժերի պնդմամբ` Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին Հայաստանից արտագաղթել է 350-400 հազար քաղաքացի: Այս իրավիճակում թե ինչի հաշվին է ավելացել ընտրողների թիվը, մնում է միայն ենթադրել: Էլ չենք ասում այն մասին, որ իշխանությունները յուրաքանչյուր ընտրությունից առաջ ի լուր համայն աշխարհի, պնդել են, թե իրենք ընտրացուցակները ճշգրտելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացնում: Բայց փաստը մնում է փաստ, որ իրականում որեւէ քայլ այս ուղղությամբ չի արվել:
Հ.Գ. Առաջիկա ընտրություններում, սակայն, իշխանություններին եւ, ընդհանրապես, ընտրակեղծարարներին որոշակի հիասթափություն է սպասվում. նոր ԸՕ համաձայն՝ ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները, եւ այս դեպքում լավ երեւալու է` ՀՀ-ից բացակայող քաղաքացիների փոխարեն արդյոք քվեարկվել է, թե ոչ: Ասել է, թե ընտրացուցակների հրապարակումը կանխարգելիչ դեր է ունենալու ընտրակեղծիքների իրականացման հարցում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ