Փետրվարի 24-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն մասնակցելու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով:
«Կուսակցության քարոզչությունը կլինի «Անվտանգություն եւ առաջընթաց» նշանաբանով, որովհետեւ մեզ համար թիվ մեկ մարտահրավերը անվտանգությունն է, եւ մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, պետք է պահպանենք եւ զարգացնենք մեր ազգային, պետական անվտանգությունը»,- նշեց Շարմազանովը:
Իսկ ինչպե՞ս են իշխող ՀՀԿ-ի այս կարգախոսին վերաբերում մյուս քաղաքական ուժերը: «Մի առաջընթաց կա այդ կարգախոսի մեջ. այդ անվտանգության բառը դրել են, եւ նշանակում է, որ իրենք էլ են ընդունում, որ օրհասական մի պահ է ստեղծվել, անվտանգության խնդիրը դարձել է թիվ մեկ հարցը, սա իրենք փաստորեն ընդունում են, բայց այս իրողությունն ընդունելը նաեւ մի հետաքրքիր իրողություն է մատնում. ըստ էության, մեկը պետք է հարց տա իրենց՝ ինչպե՞ս եղավ, որ 98 թվականից հետո դուք, լինելով իշխանություն, տասնութ տարի շարունակ բերել եք մի իրավիճակի, որ նորից անվտանգության հարցը դառնում է ձեր կարգախոսի հարցը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Վերջինիս բնորոշմամբ՝ դա ՀՀԿ-ի կառավարման ձախողման մասին է վկայում եւ ունի մեկ նշանակություն. «Դուք տապալել եք երկրի կառավարումը: Ձեր այդ խոստումները, որ ստատուս-քվոն կարելի է պահել ու ամրապնդել, եւ կամաց-կամաց Ադրբեջանն ու միջազգային հանրությունը կհաշտվեն այդ ստատուս քվոյի պահպանման հետ, այդ բոլորը փուչ է դուրս եկել, քանի որ այս ընթացքում դուք զբաղված եք եղել ոչ թե երկրի անվտանգությունը ամրապնդելով, այլ երկիրը թալանելով», – նշեց Զուրաբյանը: ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ նաեւ դա է պատճառը, որ մենք ապրիլյան պատերազմի ժամանակ այդքան խոցելի էինք:
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը որեւէ հետաքրքրություն չունի ՀՀԿ-ի կարգախոսի նկատմամբ. «Որովհետեւ ՀՀԿ-ն բոլոր ոլորտներում գրանցել է անհաջողություններ: Որովհետեւ հարցումներ կան, որոնք խոսում են անվտանգության հետ կապված մարդկանց մտահոգության մասին, երեւի փորձում են այդ կարգախոսով դա փարատել»,- ենթադրում է Մարուքյանը եւ հիշատակում, որ ժամանակին ՀՀԿ-ն աղքատությունն էր կրճատում, բայց այն ավելի մեծացավ, սպա արտագաղթն էր կրճատում, սակայն արտագաղթն էլ ավելացավ. «Ինչից նրանք խոսում են, դրա հակառակն է տեղի ունենում, դրա համար ես կարծում եմ, որ ՀՀԿ-ի կարգախոսի վրա չպետք է կենտրոնանալ, այլ պետք է ՀՀԿ-ին ձայն չտալ»,- եզրափակեց Մարուքյանը:
Վահագն Հակոբյան