Ադրբեջանական կողմի հինգ զինծառայողի դիակ դեռևս ընկած է չեզոք գոտում. Սենոր Հասրաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշերը Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետևություն կատարեր և, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից: Այսպիսի հայտարարություն է արել Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա մասնավորապես նշել է.

«Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն՝ իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ և մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլև օրվա վերջերին և այս գիշերվա ընթացքում ականանետային և հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության են ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները:

Այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ և իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաև սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, սակայն կորուստներ տալով՝  ետ շպրտվել:

Արցախի ՊՆ-ն էլ երեկ հրապարակեց ադրբեջանական ագրեսիայի վկայության տեսագրությունը :




Լրահոս