«Իրար կռվեցնելու» մեթոդը բնորոշ է Սերժ Սարգսյանին. ՀՀԿ-ականները կշարունակեն հոշոտել իրար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախընտրական բախումների մեկնարկն արդեն տրված է: Ընդ որում, առավել կոշտ ու անհաշտ պայքարը ոչ թե մրցակից կուսակցությունների, այլ միեւնույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ է:

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 24-ի ուշ երեկոյան, մեծ ծեծկռտուք է եղել Մասիս քաղաքում. իրար են բախվել Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքի Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիսում:

Կատարվածն, իհարկե, միանգամայն սպասելի էր: Բազմիցս է ասվել, որ ռեյտինգային ընտրակարգի պարագայում, երբ միեւնույն կուսակցության թեկնածուները մրցելու են ոչ միայն այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այլեւ իրենք իրենց մեջ, անխուսափելիորեն արձանագրվելու են լարվածության աճ ու բախումներ: Այսօր ՀՀԿ-ականներն իրենք էլ են խոստովանում, որ այս ընտրակարգի պարագայում ռեյտինգային թեկնածուների մեջ կարող են նման իրավիճակներ լինել:

«Պայքարը ոչ միայն քաղաքական ուժերի մեջ է, այլեւ ներկուսակցական, նույն կուսակցության թեկնածուների մեջ, եւ բնական է, որ սա լայն հնարավորություն է տալիս»,- երեկ հայտարարել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ երբ միեւնույն ընտրատարածքում թեկնածուները կոչ են անում իրենց ընտրել, նույն կուսակցության մյուս թեկնածուների կողմից դա ընկալվում է որպես իրենց դեմ ուղղված քայլ:

Թեեւ առաջին միջադեպը տեղի ունեցավ Արարատի մարզում, սակայն նման բախումներ սպասվում են նաեւ Հայաստանի մյուս բոլոր ընտրատարածքներում: Ճիշտ է՝ մինչեւ ընտրությունների մեկնարկը ՀՀԿ-ում ընտրատարածքները հստակ բաժանվել են թեկնածուների միջեւ, որոշվել է` ով որ հատվածում պետք է աշխատի:

Բայց անկախ այս ամենից՝ պայմանավորվածությունները խախտվում են, քանի որ ՀՀԿ-ականների մոտ մեծ է հնարավորինս շատ ձայն ստանալու, իրար ինչ-որ բան ապացուցելու գայթակղությունը: Եւ բացի այդ՝ նոր ԸՕ-ով նախկին 41 ընտրատարածքները միավորվել, դարձել են 13 հատ: Այդ միավորման հետեւանքով բարձրացել է պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ քվեների շեմը: Այսինքն` պատգամավոր դառնալու համար թեկնածուներին շատ հաճախ չի բավարարելու միայն իրենց վերապահված տարածքներից ստացած ձայները, եւ նրանք, «ուզած, թե չուզած», փորձելու են մյուս տարածքներից եւս քվեներ փախցնել:

Ու այս դեպքում չի բացառվում` որքան մոտենան ընտրությունները, այնքան լարվեն կրքերը, եւ ՀՀԿ-ականների միջեւ բախումները ոչ թե ծեծկռտուքներով ավարտվեն, այլ կրակոցներով: Մանավանդ, որ թեկնածուներից շատերի մեջ տարիներ շարունակ եղել են տարբեր հակասություններ, եւ ինչպես ցույց է տալիս փորձը՝ ամենաչնչին առիթն անգամ բավարար է, որ նրանք փորձեն հաշվեհարդար տեսնել: Էլ չենք ասում այն մասին, որ լուրջ բախումներ կարող են լինել նաեւ մյուս կուսակցությունների թեկնածուների հետ` կրկին նույն սցենարով:

Ներկուսակցական հակասությունների պատկերն ավելի է լրջանում մեկ այլ իրողության ֆոնին. իշխող ՀՀԿ-ի ընտրազանգվածն ավանդաբար նույն մարդիկ են, նույնն են նաեւ ՀՀԿ-ի օգտին «աշխատողները»: Եւ եթե նախկինում ՀՀԿ-ականներն ամեն ընտրատարածքում համախմբված պայքարում էին կուսակցության համար` աջակցելով մեծամասնականով առաջադրված մի թեկնածուի, հիմա եղած ռեսուրսը ոչ թե երկատվելու է, այլ կիսվելու է մի քանի հոգու մեջ. յուրաքանչյուրը պայքարելու է իր համար: Մի քանի մասի է բաժանվելու նաեւ վարչական ռեսուրսը, եւ այս առումով շտաբների աշխատողները հայտնվել են երկու քարի արանքում` չիմանալով ում օգտին աշխատել եւ ինչպես անել, որ մյուսներին չնեղացնեն: Ու այս դեպքում կրկին բախումները լինելու են անխուսափելի:

Հ.Գ. Ի դեպ, շատերը հակված են կարծելու, որ «իրար կռվեցնելու» մեթոդը բնորոշ է Սերժ Սարգսյանին, եւ այս իրավիճակում միակ շահողը լինելու է ՀՀԿ-ն եւ անձամբ Սերժ Սարգսյանը. չէ՞ որ թեկնածուների հավաքած ձայները գնալու են կուսակցության օգտին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս