Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից կեղծ դիպլոմներ տալու գործով ԱԱԾ աղմկալի բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին ռեկտորների գործողություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 13-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ 3 ռեկտորի մեղադրանք է առաջադրվել կեղծ դիպլոմներ տալու համար: Բացահայտվել էր, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հավատարմագրված ու Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ են հատկացրել դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում նաեւ ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց:
Հատկանշական է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: Առերեւույթ հանցանքներ կատարելու համար ոչ պետական բուհերի երեք ռեկտորների մեղադրանքներ են առաջադրվել առեւտրային կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մաս) եւ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին մաս) համար: Նկատենք, որ ԱԱԾ-ն չէր գաղտնազերծել, թե որ ոչ պետական բուհերն են հայտնվել իրենց թիրախում: Սակայն մեզ տեղեկություններ էին հասել, թե որ բուհերի ռեկտորներն են հայտնվել ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Վերջիններս էին Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Լավրովնան եւ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես պարզեցինք, որ 2016 թվականին Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը հանդիպել է բուհի` դեռեւս 2004թ. 4-րդ կուրսի ուսումնական 1-ին կիսամյակից դուրս մնացած ուսանող Գոռ Հովհաննիսյանի հետ: Վերջինս ռեկտոր Մկրտչյանին հայտնել է, որ իրեն անհրաժեշտ է իրավաբանի պետական նմուշի դիպլոմ, սակայն նա չի կարող կամ ցանկություն չունի մասնակցել դասընթացներին եւ քննություն տալ:
Արդյունքում ռեկտոր Լաուրա Մկրտչյանը «փորձել է օգնել» Գոռին` ստանալու դիպլոմը՝ առանց դասընթացներին մասնակցելու, ընթացիկ քննությունները, ստուգարքները եւ ավարտական պետական քննությունները հանձնելու:
Եվ, բնականաբար, ռեկտորն իր համաձայնությունը հենց այնպես չի տվել, այլ, ըստ ԱԱԾ-ի մեղադրական եզրակացության, բուհի նախկին ուսանող Գոռ Հովհաննիսյանից պահանջել է մոտ մեկ միլիոն դրամ:
Նշենք, որ այս գործով նախաքննությունը ԱԱԾ-ն ավարտել է եւ գործը ուղարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ գործը նախագահող դատավոր է նշանակվել Պետրոս Մակյանը:
Քնար Մանուկյան