Երեկ իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակը հրապարակելու հերթը ՀՅԴ-ինն էր: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ խմբակցության քարտուղար, նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը լրագրողներին ներկայացրին այն անձանց, որոնց միջոցով ՀՅԴ-ն պետք է պայքարի մեջ մտնի գալիք խորհրդարանական ընտրություններում:
ՀՅԴ-ականները, իրենց խոսքով, ավելի շռայլ գտնվեցին եւ ներկայացրին իրենց համամասնական ցուցակի երեսուն թեկնածուներին ¥ցանկին կարող եք ծանոթանալ 5-րդ էջում): Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ տարածքային թեկնածուների մեջ օդիոզ ֆիգուրներ չկան, եւ հավաստիացրեց, որ տարածքային ընտրապայքարում իրենց թեկնածուների մեջ չեն լինելու միմյանց հանդեպ մրցակցություն, մեկը մյուսի ձայները խլելու փորձեր: «Նոր սկիզբ, արդար Հայաստան», ահա հենց այս կարգախոսով են դաշնակցականները մտնելու պայքարի մեջ եւ իրենց ընտրողներին համոզելու, որ «արդար Հայաստանը ազատ Հայաստանն է: Արդար Հայաստանը զարգացող, ուժեղ, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ, իրավունքի, հոգեւոր մշակույթի Հայաստանն է»: Ինչեւէ, զարմանալիորեն ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուների ցանկում տեղ չէին գտել դաշնակցական մարզպետները՝ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: Ինչո՞ւ Դաշնակցությունը նրանց թեկնածությունը չի առաջադրել, եւ ինչպիսին են տեւական ժամանակ լարվածության մեջ գտնվող ՀՅԴ-ի եւ ՀՎԿ-ի հարաբերությունները. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ-ի նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանի հետ:
-Պարո՛ն Վարդանյան, ցուցակների հրապարակումից պարզ դարձավ, որ դաշնակցական մարզպետները չեն առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով: Ինչո՞ւ:
-Դե, քննարկել ենք, նպատակահարմար ենք գտել, որ մարզպետներն իրենց տեղում լինեն, իրենց աշխատանքն անեն, որովհետեւ այդ ընթացքում իրենք գործ ունեն անելու, մարզպետներ են, ի վերջո:
-Այնուամենայնիվ, դաշնակցական մարզպետները իրենց ընտրատարածքներում ստանձնելու են շտաբի պետերի պարտականությունները, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին եւ մարզպետարաններին խստագույնս հանձնարարել է վարչական ռեսուրսը չօգտագործել նախընտրական քարոզչության գործընթացում. «Բոլորին խստագույնս զգուշացնում եմ, որ նման ծառայություններն արջի ծառայություններ են լինելու»,- նշել է Կարապետյանը…
-Մեր մարզպետներն իրականացնելու են իրենց գործառույթները: Իրենք աշխատանքից հետո, ժամը վեցից հետո պետք է համակարգեն մեր կառույցի աշխատանքները, շատ բնական է՝ մեր կառույցի աշխատանքները պիտի համակարգեն, ոչ թե մարզի ընտրողների աշխատանքները:
-Պարո՛ն Վարդանյան, արդեն տեւական ժամանակ է՝ ՀՅԴ-ի եւ ՀՎԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում…
-ՀՎԿ-ն ո՞վ է:
-Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը:
-Ես որեւիցե խնդիր չունեմ որեւէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, բայց իմ խնդիրն է նաեւ ժողովրդին ասել, որ սիրելի՛ ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու դա: Սիրելի՛ ժողովուրդ, առնվազն տասնյակ տարիներ մեր տասնութ տարեկան երեխաները պիտի գնան բանակ, այլ բան է, թե ինչպիսի պայմաններում պիտի ծառայեն, այլ բան է, թե ինչպես պիտի անենք, որ նրանք անվտանգ լինեն, եւ պատիվ լինի դա յուրաքանչյուր ծնողի համար: Սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել, ասել, որ եթե ես եղա իշխանություն, Հայաստանում գազի եւ նավթի գետեր են հոսելու, չեմ կարող ասել նման բան: Սա է տարբերությունը, այլապես քաղաքական ուժը իր ձեռագիրն ունի, իր աշխատանքն ունի, հաջողություն եմ մաղթում:
-Իսկ եթե ընտրություններից հետո կոալիցիա կազմելու որոշում կայացվի, եւ այդ կոալիցիայի մաս դառնա նաեւ «Հայկական վերածունդ» կուսակցությունը, Դուք կդառնա՞ք կոալիցիոն գործընկերներ:
-Եթեներով հարցերին ես չեմ պատասխանում, ընտրությունները կավարտվեն, արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք: Բնականաբար մենք կունենանք մեր նախապատվությունները եւ մեր արժեքներով պիտի առաջնորդվենք, մեր խնդիրներով:
-Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՅԴ գրանցած չափազանց ցածր արդյունքներից հետո հայտարարվեց, որ քննարկումներ են անցկացվել, եւ հետեւություններ են կատարվել, թե ինչու նման արդյունքներ եղան այն դեպքում, երբ մարզը ղեկավարվում է ՀՅԴ-ական մարզպետի կողմից: Ի՞նչ հետեւությունների մասին է խոսքը:
-Այդ հետեւությունները, այդ քննարկումների, այդ աշխատանքների արդյունքները Դուք կտեսնեք ապրիլի երկուսին:
ԱՐԴՅՈ՞Ք «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ»-Ը ԿԼԻՆԻ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԴԱՇԻՆՔՈՒՄ
Մինչ «Ծառուկյան» դաշինքը կներկայացնի իր նախընտրական ցուցակը, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհ է «Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի ծավալած գործունեությունից, եւ մինչ երեկ դեռ բանակցություններ էին գնում, թե ինչպես պետք է հարցը լուծվի:
Իսկ ինչի՞ց է առաջացել Ծառուկյանի հիասթափությունը Վարդանյանից: Ըստ որոշ տեղեկությունների՝ Արման Վարդանյանը հարցազրույցներից մեկում, խոսելով «Ծառուկյան» դաշինքի հետ հուշագրի ստորագրման մասին, ասել է, թե ծրագրային քննարկումների մեջ ենք: Եվ սա առիթ է հանդիսացել, որ Վարդանյանի դեմ արշավ սկսած անձինք Գագիկ Ծառուկյանին ներկայացնեն իրենց դժգոհությունը՝ մասնավորապես նշելով. «Պարո՛ն Ծառուկյան, Դուք Արմանի հե՞տ եք ծրագիր քննարկում»: Եվ արդյունքում Ծառուկյանի մոտ բացասական նստվածք է մնացել, որն էլ դրսեւորվել է Վարդանյանին ու նրա թիմին ԲՀԿ գրասենյակից հեռանալու հրահանգով: Իսկ ընտրացուցակում ներառելու որոշումը մինչ երեկ դեռ օդի մեջ էր: Թեեւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ նա երեկ եղել է ԲՀԿ շտաբում, աշխատանքային գրաֆիկով: Նշանակում է, որ Ծառուկյանը նրան ներել է:
Նշենք, որ Արման Վարդանյանը, որ իր վրա էր վերցրել դաշինքի գաղափարաքարոզչական հարցերով պատասխանատվությունը, հիմա չի զբաղվում դրանով: Իվետա Տոնոյանն է այդ գործառույթներն իրականացնում:
Ի դեպ, հիշեցնենք, որ հենց Արման Վարդանյանն էր համոզել ՀՌԱԿ-ին եւ ՍԴՀԿ-ին միանալ Գագիկ Ծառուկյանին՝ այդպիսով տպավորություն ստեղծելով, թե համայն հայությունը Ծառուկյանի հետ է: Սակայն ինչպես ի վերջո պարզ դարձավ այդ ուժերի եւ «Ծառուկյան» դաշինքի համագործակցության կասեցումից, այս մտահղացումը եւս չիրագործվեց: Այսինքն` «լավ չէր պայմանավորվել»:
Արդյո՞ք Վարդանյանը ներառված կլինի ցուցակում, թե՞ ոչ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հրաժարվեց հայտնել՝ նշելով, որ չի կարող այս պահին անդրադառնալ ցուցակի բովանդակությանը: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաեւ Արման Վարդանյանի հետ, վերջինս օրեր շարունակ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Միասնություն» համազգային շարժման ներկայացուցիչներից ընդգրկված կլինեն «Ծառուկյան» դաշինքի համամասնական եւ ռեյտինգային ցուցակներում: Մասնավորապես նրանց թվում կլինի «Միասնության» համակարգող խորհրդի անդամ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը:
Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Մկրտչյանից: Վերջինս նշեց, որ երկու օր է՝ գտնվում է մարզում եւ որեւէ տեղեկություն չունի: Սակայն տեղեկացրեց, որ շարժման հետ համագործակցության հարցը կորոշվի այսօր առավոտյան՝ խորհրդի նիստի ժամանակ:
Հ.Գ. Թե «Ծառուկյան» դաշինքը ինչ ուժերից կազմված կլինի, դժվար է ասել, բայց որ համամասնական ցուցակը ՀՀԿ-ին նման կլինի, թերեւս անկասկած է։
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
30 ՄԼՆ ԴՐԱՄ ԿԸՀ-ԻՆ
ՀՀ կառավարությունը նախատեսել է 30 մլն դրամ տրամադրել ԿԸՀ-ին: Այդ գումարը տրվելու է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ եւ ետ պահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս աշխատանքները կատարելու համար ԿԸՀ-ն դեռ պետք է համապատասխան ընկերության հետ պայմանագիր կնքի: Իսկ մինչ այդ նկատենք` ՀՀ նոր ընտրական օրենսգրքի պահանջներով ընտրողների ինքնության ստուգումը իրականացվելու է համապատասխան տեխնիկական սարքավորումների միջոցով: Իսկ սարքերը մոտավորապես 5000 հատ են:
ՈՒՇ ԵՆ ՄԻԱՑԵԼ
Խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող բոլոր քաղաքական ուժերը հապաղում են իրենց նախընտրական ցուցակները ներկայացնել ԿԸՀ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն, օրինակ, մեկնաբանեց դաշինքին ուշ միանալով: «Մնացած բոլորը ներկայացրել են, մերը մնացե՞լ է: Դե, մեր պատճառն այն է, որ ուշ ենք միացել, մեր թղթատարությունը արել, վերջացրել ենք եւ ճիշտ ժամանակին ներկայացնում ենք»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյո՞ք իրենց ցուցակը գլխավորելու է Սեյրան Օհանյանը, եւ համապատասխանաբար նրան հաջորդելու են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը. «Եթե ԿԸՀ-ում անմիջապես տեղադրվում է վաղը ¥հեղ.-այսօր), կիմանաք, եթե չի տեղադրվում, մյուս օրը կիմանաք»:
ՄԵՐԺԵՑԻՆ
Պարույր Հայրիկյանի ղեկավարած ԱԻՄ կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ ցանկություն էր հայտնել միանալ «Ելք» դաշինքին: Սակայն «Ելք»-ից մերժել էին` համարելով համագործակցությունը ժամանակավրեպ եւ ժամանակի սղության պատճառով` տեխնիկապես անհնար: Ի դեպ, ավելի վաղ ԱԻՄ-ը ցանկություն էր հայտնել միանալ Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորված դաշինքին, բայց որոշ ժամանակ անց հայտարարեց, որ դուրս է գալիս այդ դաշինքից՝ նշելով, որ դաշինքում տեղերի գզվռտոց է:
«Ժողովուրդ» օրաթերթը Հայրիկյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ԱԻՄ-ը միայնակ կմասնակցի ընտրություններին, թե՞, այնուամենայնիվ, որոշում կկայացնի չմասնակցելու վերաբերյալ: «Ո՛չ, նախագահության նիստի ժամանակ քննարկվել է, եւ բացառված է, որ ընտրություններին միայնակ մասնակցենք, որովհետեւ այսպիսի տխմար ԸՕ-ով ընտրություններ չեն լինելու, դրա համար մենք ասում էինք, որ եթե հավաքվենք, թիմ կազմենք եւ կեղտից ազատվելու քայլեր ձեռնարկենք, ընտրություն կոչված այս միջոցառումը համարել ամենաառաջին հնարավորությունը, մասնակցենք միասին»,- նշեց Հայրիկյանը:
Հետաքրքիր է` Հայրիկյանն ինքնասիրություն ունի՞: