ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ ԽՆԴՐՈՎ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է` պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ ջնջված էին՝ նշմամբ, թե անվավեր է: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Եվ այսպես՝ դեռեւս 2016 թվականի նոյեմբերին անդրադարձել էինք ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների զինգրքույկների շուրջ ծավալված աղմուկին՝ ահազանգելով, որ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին: Խնդիրն առավել մեծ հնչեղություն ստացավ 2017 թվականին, երբ մի քանի զինվորներ հրապարակեցին իրենց զինգրքույկները, որտեղ ակնհայտ երեւում էին համապատասխան ջնջումները: Կարճ ժամանակ անց ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Արդյունքում, ԼՂՀ ՊԲ զորամասի մի քանի հրամանատարներ նկատողություն ստացան, ու այդքանով, ըստ էության, հարցը համարվեց փակված:
Մինչդեռ բազմաթիվ զինվորների դեպքում նշումների խնդիրը մնում է չլուծված: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում են հայտնվել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայողների մի քանի զինգրքույկներ: Հարազատները պնդում են, որ իրենց երեխաները մասնակցել են մարտական գործողություններին, սակայն նրանց զինգրքույկներում համապատասխան նշման դիմաց գրվել է անվավեր (զինվորների անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, Ք. Մ): Ի դեպ, վերոնշյալ զինվորներից մեկի խնդրով այս օրերին զբաղվում է Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Արդեն գրել ենք, որ շատ զինվորներ էլ մասնակցել են քառօրյա պատերազմին, եղել մարտական գործողությունների մեջ, սակայն նրանց զինգրքույկներում ընդհանրապես նշված չի եղել, որ նրանք քառօրյա պատերազմի մասնակից են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտաշատ քաղաքի բնակիչ Կարեն Աբրահամյանը հայտնեց, որ ծառայել է ԼՂՀ ՊԲ N զորամասում.«Ապրիլի 1-ին իջել ենք զորամաս, երբ սկսվել է պատերազմ, ապրիլի 2-ին անմիջապես բարձրացել եմ դիրքեր: Մարտական գործողություններին անձամբ մասնակցել եմ: 4 ամիս եղել եմ դիրքերում: 2016 թվականի հուլիսին զորացրվեցի, մինչդեռ պետք է զորացրվեի հունիս ամսին: Ինձ 15 օր ավել պահեցին պոստերում, ինչեւէ, ի վերջո ստացա զինգրքույկը, որտեղ նշված չէր, որ քառօրյա պատերազմի մասնակից եմ եղել»:
Կարեն Աբրահամյանի խոսքով՝ ինքը դիմել է Արտաշատի տարածքային զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ասել են, թե ոչ մի բանով չենք կարող օգնել, պետք է դիմես քո զորամաս. «Դիմումը գրեցինք, ուղարկեցինք զինգրքույկս զորամաս, սակայն ոնց ուղարկեցինք, այդպես էլ հետ եկավ, ոչ մի փոփոխություն: Հիմա էլ բանակից եկել եմ, խնդիրներ ունեմ, գնացի առաջին համալսարանական հիվանդանոց, պոչկաներիս մեջ քարեր ունեմ, անվճար ստուգեցին, բայց հետո ասացին՝ խորը ստուգման համար պետք է 80 հազար դրամ վճարես: Դե, էլ չասեմ՝ հետո վիրահատության համար ինչքան կուզեն»:
Ու մինչ այս օրերին իրավապաշտպանները կամ զինվորների հարազատները փորձում են ապացուցել, որ իրենց երեխաները մարտական գործողությունների մասնակից են եղել, գործին են խառնվել նաեւ իրավապահները:
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում զինվորների զինգրքույկներում տեղ գտած խնդրի բուն էությունը հասկանալու եւ պարզելու համար՝ դրված նշումը հետագայում անվավեր համարելը միտումնավո՞ր է արվել, թե՞ անփութության արդյունքում: Սակայն հարկ է նշել, որ պաշտոնական անփութությունը կոնկրետ քրեական հանցանք է՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հատկանիշներով:
Պարզեցինք նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը համապատասխան գրություններ է ուղարկել պատկան մարմիններին՝ հիմնավոր պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Նշենք, որ այս գործընթացում հիմք են հանդիսացել նաեւ ԶԼՄ-ների հրապարակումները: Եվ այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մեր կողմից ներկայացված զինգրքույկներից մեկում հստակ նշված է, թե զինվորը ԼՂՀ ՊԲ որ զորամասում է ծառայել եւ, առհասարակ, ով է եղել վերոնշյալ զորամասի շտաբի պետը: Մնում է, որ իրավապահները հետեւողական լինեն իրենց գործողություններում եւ պատասխանատվության կանչեն ոլորտի պաշտոնատար անձանց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ
Սոթքի ոսկու հանքի շուրջ աղմկահարույց դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին` երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, էլի կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում: Կրակողները դարձյալ նույն բանդայի անդամներն են:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Սոթքի ոսկու հանքում «աշխատող չղջիկների» թեմային, որոնց գործողությունները ուղեկցվել են կրակոցներով եւ զոհերով: «Չղջիկները» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում, պատրաստում ոսկու ձուլվածքը եւ վաճառում: Սակայն անօրինական ճանապարհով հանքախորշեր բացողների եւ ոսկի հանողների միջեւ մշտապես աղմկալի վեճեր են լինում, թե ով պետք է մտնի, հանածոն ինչպես բաշխի, ում, ինչքան բաժին տա եւ այլն: Ու այդ ամենը ուզեկցվում է կրակոցներով: Սակայն հաճախ այդ հանցանքները անտեսվում են իրավապահ կառույցների կողմից` ձեւավորելով անպատժելիության մթնոլորտ: Այնպիսի տպավորություն է, որ Վարդենիսում ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ ոստիկանությունը չեն գործում: Քաղաքում լուրեր կան, որ անօրիանական ճանապարհով ոսկու հանքատարածք մտած քաղաքացիները իրավապահների հետ «կիսում» են ձեռք բերած շահույթը, դրա համար էլ պատիժներ չեն լինում: Ու թեեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «թաշկինակի պես» փոխում է Վարդենիսի բաժնի պետերին, բայց իրավիճակը, միեւնույն է, չի փոխվում: Նորանշանակ պետը Արմեն Հովհաննիսյանն է:
2017 թվականի փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Վարդենիս քաղաքում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Վարդենիս քաղաքի բնակիչներ, եղբայրներ Արման եւ Գեղամ Դավեյանները վիճաբանել, ապա նրանցից մեկը կրակել է Վարդենիս քաղաքի բնակիչ, Մանչ ածականով հայտնի Մանուկյանի ուղղությամբ: Նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում: Իսկ կրակոցների պատճառը թերեւս կրկին Սոթքի ոսկու հանքավայրից հանքանյութ գողանալն ու ճիշտ չկիսելն է եղել: Նշենք, որ սա խիստ նախնական տեղեկություն է:
Մեզ տեղեկություններ հասան, որ կրակոց արձակած եղբայրները Վարդենիս քաղաքում հայտնի Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանի բանդայի անդամներից են: Հիշեցնենք, որ այդ բանդայի մասին աղմկալի բացահայտումներ էր արել նույն ոսկու պատճառով 2014 թվականին կրակոցների հետեւանքով սպանված 33-ամյա Արման Մանուկյանի եղբայրը` Գրիշա Մանուկյանը: Բանդայի ղեկավարը նրա հորեղբայրն է: Եւ այդ նույն բանդան էլ սպանեց Արման Մանուկյանին: Սակայն նրա բացահայտումները քննչական կոմիտեի կողմից այդպես էլ լուրջ քննության առարկա չդարձան: Հիշեցնենք` սպանվածի եղբայրը մեզ հայտնել էր, որ իր հորեղբայրը` Հրաչ Մանուկյանը, ցանկանում էր հանք մտնելը «կիսովի անել», ինչի շուրջ համաձայնության չէին եկել, արդյունքում եղբայրը սպանվեց:
Պարզվում է` փետրվարի 7-ի կրակոցներն էլ իրավապահները անտեսել են: ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը չի գրանցել հանցագործությունը: Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզեց, որ ոստիկանության Վարդենիսի բաժնում նման դեպք չի արձանագրվել: Ավելի ուշ, երբ ներկայացրինք փաստերը, խոստացան ստուգել դրանք: Թե ստուգման արդյունքը ինչ կլինի, պարզ չէ:
Ք. Մ.

 

 
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ ԱՐԱՐԱՏԻՑ
Փետրվարի 15-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Խորհրդակցության ընթացքում Գասպարյանը կարեւորել է «հատկապես ընտրացուցակները վերջնական տեսքի բերելու խնդիրը եւ պահանջել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ»: Ըստ նույն հաղորդագրության՝ ոստիկանության պետը կրկին հիշեցրել է՝ «ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդումը հնարավոր է միայն արժանապատիվ ու պրոֆեսիոնալ ծառայությամբ, օրենքով վերապահված ոստիկանական իրավասությունների լիակատար իրագործումով»:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Գանգատները առանձնացվել են, 360 գանգատներում տրվել են անվանումներ եւ համարներ:

 

 

600 ԿՐԱԿՈՑ
Փետրվարի 14-ին եւ լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:




Լրահոս