ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային հիվանդանոցի աշխատակիցները մտահոգված են. տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարությունները քննարկում են հիվանդանոցը Վարդենիսի կայազորային հոսպիտալին միացնելու ծրագիրը: Հիվանդանոցի աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ միավորման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:
Նշենք, որ փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ու առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են նաեւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի եւ քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարեւորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը: Նշենք, որ երկու բուժհաստատությունները իրար հարեւանությամբ են գտնվում:
Քաղաքային հիվանդանոցի եւ կայազորային հոսպիտալի միացման հեռանկարից խիստ մտահոգվել են հիվանդանոցի աշխատակիցները: Նրանք վստահ են, որ միացման արդյունքում իրենք գործազուրկ կդառնան:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հակոբյանի հետ, որը հայտարարեց, որ երկու գերատեսչությունների կողմից այս ընթացքում իրականացվող բոլոր գործողություններն ու քայլերը տանում են դեպի երկու բուժհաստատությունների միավորման:
«Ես այս հիվանդանոցում սկսել եմ աշխատել 2015 թվականից, բայց ձեզ վստահեցնում եմ, որ մենք վնասով չենք աշխատում: Չեմ կարող ասել, թե ինչու են քննարկում այս հիվանդանոցի եւ հոսպիտալի միացման հարցը, նույնիսկ չգիտեմ՝ կո՞ղմ եմ, թե՞ դեմ: Դեռ իրենց հայտնի չէ, թե միավորվելու արդյունքում ինչ մեխանիզմով են աշխատելու, լա՞վ է լինելու, թե՞ վատ: Չէ՞ որ միացման արդյունքում բավականին աշխատողներ են կրճատվելու»,- նկատեց քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ Հակոբյանը:
Մեր զրուցակիցը վստահաբար նշեց, որ միավորման դեպքում կայազորային հոսպիտալում աշխատողների կրճատումներ չեն լինելու: Իսկ, ահա, քաղաքային հիվանդանոցում, ըստ նրա, սպասվում է 20-30 աշխատակցի կրճատում: «Այս ընթացքում հիվանդանոցի աշխատակիցները հիասթափված են, բոլորի տրամադրությունը զրոյին հավասար է, աշխատելու ցանկություն չունեն: Հիվանդանոցում կան երիտասարդ մասնագետներ, որոնց հետ վերջին երկու տարիներին բավականին լավ աշխատում ենք: Բայց իրենք հիմա վճռական են տրամադրված՝ ասում են, որ եթե միավորումը տեղի ունենա, ապա միանշանակ դուրս են գալու: Նրանք նշում են, որ իրենք զինվորական համազգեստ չեն պատրաստվում կրել. չէ որ միավորման արդյունքում իրենք դա ստիպված են լինելու կրել: Դա լինելու է ծառայության նման բան»,- աշխատակիցների մտահոգություններով կիսվեց Հակոբյանը:
Քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ն նշեց, որ միայն 2015 թվականից հետո է սկսել ավելանալ վիրահատությունների թիվը:
«Նախկինում այս հիվանդանոցում կեսարյան հատումներ չեն արվել, հիմա բարդ վիրահատություններ ենք անում, ընդհուպ՝ աղիների, ստամոքսի մասնահատում: Ես ինքս վիրաբույժ եմ, բացի այս՝ երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի, որը մեծ բոնուս է Վարդենիսի եւ վարդենիսցիների համար: Բայց հիմա էխոյի երիտասարդ մասնագետ ունենք, ով արդեն որոշել է, որ միացման արդյունքում հաստատ չի աշխատելու հիվանդանոցում: Գինեկոլոգներ, վնասվածքաբան ունենք եւ արդեն սկսել ենք վնասվածքաբանական վիրահատություններ անել, որը այս հիվանդանոցում արվել է 80-ականներին»,- ներկայացրեց տնօրեն-վիրաբույժը:
Զրույցի ընթացքում նա նաեւ փոխանցեց, որ միայն 2016 թվականի ընթացքում 6 մլն դրամի ներդրում է արվել հիվանդանոցում: Եւ չնայած սրան՝ հիվանդանոցը ունի բժշկական ժամանակակից սարքավորումների խնդիր: Ըստ Հակոբյանի՝ դրանք թանկ են, եւ դժվար է ձեռք բերել: «Բայց տեսեք՝ հոսպիտալն ունի կենտրոնական ջեռուցում, մենք չունենք, այնտեղ կա արհեստական շնչառական ապարատ, որից մեր հիվանդանոցում չկա»,- անկեղծացավ Հակոբյանը:
Վարդենիսի հիվանդանոցի եւ հոսպիտալի միավորման թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հետ: Նրան փոխանցեցինք հիվանդանոցի աշխատակիցների մտահոգությունները: «Դա ընդամենը նախագիծ է, որը ուսումնասիրվում է: Այստեղ կրճատումների եւ հաստիքների խնդիրները դրված չեն: Գերատեսչությունները քննարկում են, որպեսզի Վարդենիսի հիվանդանոցում բժիշկների առումով հագեցվածություն ապահովեն: Այնպես որ, այստեղ բուժանձնակազմին եւ ազգաբնակչությանը ի օգուտ արվող գործընթաց է, որը քննարկման մեջ է»,- շտապեց հանգստացնել մարզպետարանի պաշտոնյան:
Չնայած որ քաղաքային հիվանդանոցի տնօրենի ԺՊ-ն մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդանոցում երիտասարդ կադրեր են ընդունվել աշխատանքի, այնուամենայնիվ, Անուշ Պողոսյանը հակառակը պնդեց՝ նշելով. «Վարդենիսում բժիշկների խնդիրը միշտ եղել է արդիական, չունենք բժիշկներ, իսկ հարեւան շենքում (նկատի ունի հոսպիտալը-Ս.Հ.) որը մի դուռ է բաժանում, կան բավականին պրոֆեսիոնալ բժիշկներ: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերում Հակոբյանը. ինքը լինելով վիրաբույժ՝ մտածում է, որ եթե հիվանդանոցն ունի վիրաբույժ, ուրեմն շատ լավ է, բայց մենք չունենք այնտեղ անեսթեզիոլոգներ, առանց որոնց վիրաբույժը չի կարող աշխատել, ունենք գինեկոլոգ, որը նույնպես առանց անեսթեզիոլոգի չի կարող վիրահատել: Այսպիսի խիստ մասնագիտական խնդիրներ կան»,- հավաստիացրեց մարզպետարանի պաշտոնյան:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՂՋԻԿ ՓԱԽՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը դժգոհ է, որ իր որդու՝ Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննությունը շարունակվում է: Բանն այն է, որ երկուսուկես տարի առաջ գյուղապետի որդին ցանկացել է աղջիկ փախցնել, սակայն չի ստացվել: Ժ. Մարտիրոսյանն ասում է, որ իր որդին ցանկացել է այդ աղջկա հետ ամուսնանալ: Նշենք, որ այդ աղջիկը 2 տարի առաջ ամուսնացել է ուրիշի հետ, նա Կարեն Մարտիրոսյանի դեմ բողոք չունի: Ժ. Մարտիրոսյանը գտնում է, որ դա բավարար է, որպեսզի իր որդու՝ սահմանամերձ գյուղի բնակչի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի: Կարեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն: Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանին եւ մյուսներին իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով չի հաջողվել աղջիկ փախցնելու գործն ավարտին հասցնել: Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ. հունիսի 29-ին: 2015թ. հուլիսի 3-ին դատարանը որոշում է կայացրել Կ. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: Նկատի ունենալով, որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեկ տարի եւ երեք ամիս անց՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին, ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին Կ. Մարտիրոսյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այդ գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2016թ սեպտեմբերի 19-ին որոշել է նշված քրեական գործի վարույթը վերսկսել: Դատական հերթական նիստը նշանակված է 2017թ. փետրվարի 16-ին: Կ. Մարտիրոսյանի հայրը՝ ՀՀԿ Ազատամուտի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Մարտիրոսյանը, 2008թ.-ից Ազատամուտ համայնքի ղեկավարն է: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՉՎԵՐԹՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ
Հայաստանում գործող արտասահմանյան ավիաընկերություններն ավելացնում են չվերթների հաճախականությունը: «Ուղեւորահոսքի աճին զուգահեռ մի շարք ավիաընկերություններ ավելացնում են չվերթների հաճախականությունը, մասնավորապես՝ «Պոբեդա» ավիաընկերությունը մարտ ամսին Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթներ կիրականացնի շաբաթական 4 անգամ, «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերությունը Դոհա-Երեւան-Դոհա երթուղով այսուհետ չվերթներ կիրականացնի ամենօրյա հաճախականությամբ, «Էգեյան ավիաուղիներ»-ն Աթենք-Երեւան-Աթենք երթուղին ամառային նավիգացիոն շրջանում, որը սկսվում է մարտ ամսից, կշահագործի շաբաթական 6 անգամ: Իրանական ավիաընկերությունները եւս ամառային նավիգացիոն շրջանում եւ հատկապես իրանական Նոր տարու՝ Նովրուզ Բայրամի ընթացքում ավելացնում են չվերթների հաճախականությունը»,-նշված է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության հայտարարությունում:
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԿՏՐՈՒԿ ԿՆՎԱԶԻ
Փետրվարի 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, փետրվարի 17-ին միայն Սյունիքում եւ Արցախում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաեւ մառախուղ: Փետրվարի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-18-ը կնվազի 10-12 աստիճանով, փետրվարի 19-20-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կբարձրանա 7-9 աստիճանով: Երեւանում փետրվարի 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԲՈՒՔ ԵՎ ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ
Փետրվարի 15-ին Աշտարակի, Մասիսի, Արտաշատի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Սեւանի, Արթիկի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղացել, իսկ բքի պատճառով դժվարանցանելի է եղել Վարդենյաց լեռնանցքը: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: