ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

Թերեւս դժվար է ասել, այս գրության վրայի «յ» տառի բացթողումը պատահականության թե չիմացության արդյունք է, բայց հարկ ենք համարում նշել, որ «մրգային» բառը գրվում է «յ» տառով:

 

 

 
ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ: Եղբայրս ՌԴ-ից ինձ մեքենա է նվեր ուղարկել: Մաքսազերծման համար ես գումար վճարելո՞ւ եմ: Եթե այո, ապա որեւէ արտոնություն կամ զեղչ հասնո՞ւմ է ինձ:

Վլադիմիր Առաքելյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 3.1 հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք կրում են ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե նրանց կողմից ՀՀ տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ ՀՀ տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ՝ բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են ՀՀ կառավարության սահմանած՝ ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները:
ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի N865-Ն որոշման համաձայն՝ ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ պետություններից ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբին պատկանող թեթեւ մարդատար ավտոմեքենայի ներմուծման համար սահմանված ակնհայտ առեւտրային չափաքանակը մեկ հատն է:
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ԵՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող, շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է ներմուծողը՝ այդ ապրանքների համար «ՀՀ եւ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի հիման վրա եւ պետական բյուջե է վճարում մինչեւ այդ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Բնապահպանական վճարի հաշվարկը ներառվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում:
շարունակելի

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անձնական օգտագործման ավտոմեքենա ներմուծելու դեպքում անհրաժեշտ է ավտոմեքենայի հաշվառման փաստաթուղթը, որով հիմնավորվում է, որ այն, նախքան ՀՀ ներմուծվելը, վերջին անգամ հաշվառումից հանվելուց առաջ առնվազն 6 ամիս հաշվառված է եղել ՀՀ մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձի անունով այն երկրում, որտեղ ՀՀ մշտական բնակության ժամանող անձը վերջին անգամ մշտապես բնակվել է նախքան ՀՀ-ում որպես մշտական բնակիչ հաշվառվելը:

 

 

 
ՀԱՐՑ. Մեր շենքում գործում է երկու վերելակ՝ մարդատար եւ բեռնատար: Շենքի բնակիչներից մեկը վերանորոգելով մարդատար վերելակը՝ այն դարձրել է իրենով: Վերելակի վրա կողպեք է տեղադրել եւ մեկնել ՌԴ: Մենք ստիպված ենք լինում օգտվել բեռնատար վերելակից, որը հիմնականում չի աշխատում: Համատիրության նախագահի խոսքով՝ մինչեւ բնակիչը ՌԴ-ից չվերադառնա, վերելակը չեն կարող աշխատեցնել: Խնդրում եմ որեւէ լուծում տալ այդ հարցին:

(Ք. Երեւան, Աջափնյակ վարչական շրջան, 15 թաղամաս, 34 շենք)

ՊԱՏԱՍԽԱՆ. 16 թաղամաս հ.34 շենքի երկու վերելակներից մարդատարը ԱԻՆ տեխնիկական անվտանգության կենտրոնի կողմից ենթարկվել է տեխզննման եւ անսարքությունների պատճառով տրվել է բացասական եզրակացություն, որի դեպքում արգելվում է վերելակի շահագործումը: Բեռնատար վերելակը պարբերաբար վերանորոգվում է վերելակային ծառայության կողմից, գտնվում է սարքին վիճակում ու տեխզննումից հետո տրվել է շահագործման թույլտվություն, եւ բնակիչները ներկայումս օգտվում են բեռնատար վերելակից:
Մեքենայական սրահի դուռը գտնվում է բաց վիճակում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն խմբագրություն դիմած քաղաքացիները այլ բան են պնդում, իսկ Երեւանի քաղաքապետարանը՝ այլ: Ամեն դեպքում՝ անհասկանալի է, թե ինչու են բնակիչները, ունենալով մարդատար վերելակ, ստիպված օգտվում բեռնատար վերելակից:




Լրահոս