Տարիներ առաջ, երբ փակվեց մայրաքաղաք Երեւանով անցնող Գետառը, մի շարք բնապահպաններ անհանգստացած բարձրաձայնում էին, որ դա իր բացասական հետեւանքներն է թողնելու քաղաքի ջրահեռացման համակարգի գործունեության վրա: Ըստ բնապահպան Սիլվա Ադամյանի՝ այս օրերին մայրաքաղաքում նման իրավիճակ է ստեղծվել:
Բանն այն է, որ ձնհալի արդյունքում Երեւանի մի շարք հասցեներում ցեխաջրի կուտակումներ են նկատվում: Եւ դրանք առաջացել են շատ կարեւոր հատվածներում, ինչի արդյունքում մարդիկ չեն կարողանում փողոցն անցնել:
Անդրադառնալով այս խնդրին՝ բնապահպան Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ նշված խնդրահարույց թեմայի շուրջ խորհրդի նիստ է տեղի ունեցել, որին մասնակցել են նաեւ քաղաքապետարանի ներկայացուցիչներ: «Այդ հարցը քննարկվել է, որին ներկա քաղաքապետարանի աշխատակիցները նշեցին, որ այդ մասով իրավիճակը բավականին լուրջ է: Մեզ մոտ ջրահեռացման համակարգը շատ վատ վիճակում է, եւ այդտեղ լուրջ ֆինանսական փոփոխություններ պետք է արվեն:
Բայց հնարավորություններ չկան: Եւ չնայած դրան՝ վարար անձրեւի կամ ձնհալի ժամանակ մենք կանգնում ենք լուրջ խնդիրների առաջ: Մեր հույսը դրել ենք բնական միջոցների վրա, որ բնությունը կնպաստի ձյան հալչելուն, իսկ արեւի առկայության դեպքում ձնհալի արդյունքում առաջացած ջուրը սպառվի: Բայց, ցավոք, նման բան չի լինում»,- նկատեց բնապահպանը: Ապա մեր զրուցակիցը հայտնեց, որ Գետառի փակելը ուղղակի ճակատագրական էր Երեւանի համար. «Մենք շատ պայքարեցինք, որ դա տեղի չունենա, բայց հիմա փաստենք, որ Գետառի փակվելը նպաստեց, որ Երեւանում սելավների վտանգը բարձրանա»:
Եւ չնայած սրան՝ ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի, այլեւ մյուս վարչական շրջանների կոմունալ տնտեսության վարչության եւ բաժինների աշխատակիցները պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են նախընտրական քարոզչությամբ: Մինչդեռ դրա փոխարեն պետք է վերահսկողություն իրականացնեն կամ հետեւեն երեւանյան փողոցների սանիտարական վիճակին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ