Մեր հերթական զրուցակիցը 57-ամյա Սաթենիկ Մանուկյանն է, որը փողոցում է հայտնվել այն բանից հետո, երբ մութ ու ցուրտ տարիներին ընտանիքով որոշել են վաճառել իրենց տունը, մի փոքր անկյուն գնել, իսկ մնացած գումարով երեխաներին կերակրել:Տիկին Սաթենիկին հանդիպեցինք Երեւանի Գումի շուկայի մոտ: Նա չէր ցանկանում իր կյանքի դժվարություններից խոսել. «Աղջի՛կ ջան, հավես չունեմ, չեմ ուզում խոսամ, ո՛չ օգուտ կա դրանից, ո՛չ էլ ներվ ունեմ` էտ ամեն ինչը հիշեմ»: Սակայն «Ժողովուրդ»-ի մի քանի խոսքից հետո կինը «փափկեց» ու սկսեց պատմել: Տիկինն ասաց, որ փողոցում հայտնվելու պատճառն այն է, որ ամուսինը խմիչքի հետ սեր ուներ. «Սաղ փողերը տարավ, խմեց, մենք էլ չկարացանք տուն առնենք, ու հիմա էստեղ եմ»: 57-ամյա Սաթենիկ Մանուկյանը նշեց, որ ամուսինը մահացել է, իսկ երկու աղջիկներին` Արփինեին եւ Արմենուհուն, ամուսնացրել է 16 տարեկանից: Ամուսնությունից հետո աղջիկները որոշել են առհավետ մոռանալ հարազատ մորը. «Դե ո՞վ կուզի սենց մեր ունենա, փողոցում եմ ապրում, փող եմ հավաքում: Ես իրանց չեմ մեղադրում, թող ապրեն նենց, ոնց կարում են, ամոթ ա, իմ էրեխեքը ինձ էս վիճակում թող չտեսնեն»: Ըստ Սաթենիկի` ինքն այժմ տեղյակ էլ չէ, թե որտեղ են ապրում աղջիկները. «Չեմ հետաքրքրվել: Երեւի իրենք էլ գիտեն, թե մեռել եմ էլի, որ չեմ հետաքրքրվում: Թող տենց էլ իմանան, մեկա էսօր-վաղը էս մայթերում կմեռնեմ էլի»: 57-ամյա Սաթենիկը այլեւս ոչ մի բանի չի հավատում, որոշել է այսուհետ ոչ մի բանից չդժգոհել, ուղղակի փորձելու է գոյատեւել. «Դե արդեն զզվել եմ, հոգնել եմ, արդեն չեմ էլ ուզում մի բառ ասել, օգուտ չկա: Գիտե՞ք` ինչքան եմ տարբեր տեղեր գնացել, բողոքել, է՛լ Սարգսյանի մոտ գնացի, է՛լ Ծառուկյանի մարդկանց ասեցի, որ ասեն մի բանով օգնի, գոնե մի հատ փակ տեղ տան` ապրեմ, որ էս ցրտին, անձրեւին մի տեղ ունենամ մտնելու: Նամակ եմ տարել տվել, որ փոխանցեն նախագահին, գնացել եմ, պատասխանն եմ ուզում, ասում են` գնա՛, պատասխան լինի` կկանչենք»: Փողոցում «ապրող» կինը երկրի իշխանավորներին դիմելուց եւ անպատասխան մնալուց հետո որոշել է ապրել քաղաքի տարբեր փողոցներում. «Էնտեղ, որտեղ կարելի ա աչք կպցնել, ու էնտեղ, որտեղ մարդիկ շատ են ու կարում են մի երկու կոպեկ փող տալ»: Սաթենիկը օրվա ընթացքում «մի փոր հացի» գումար է հավաքում. «Դե մի 500 դրամ հազիվ եմ հավաքում, բայց դրանով ի՞նչ կարաս առնես, մի հատ հաց եմ առնում, դե ինչ մնում ա տակը, մի բան տալիս-առնում եմ»: Փողոցի «բարիքներով» գոյատեւող Սաթենիկը «ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ աշխատանք շատ է փնտրել, սակայն ապարդյուն. «Չեմ կարում, որ մի հատ գործ ճարեմ: Զուգարան մաքրելու համար էլ են հարցնում, թե` ասա տեսնենք ո՞ւր ես աշխատել, որ նոր վերցնենք: Էդտեղ էլ բախտս չի բերում»: 57-ամյա մուրացիկը որեւէ հույս չունի, որ իր կյանքում կարող է ինչ-որ բան փոխվել: Արցունքոտ աչքերով նա նկարագրեց իր ապագան. «Էսպես փող կմուրամ, մինչեւ մեռնեմ: Դե փողոցում ապրողը ինչքան պիտի ապրի, արդեն հազար հիվանդություն ունեմ»: Այնուամենայնիվ, Սաթենիկը կտրականապես հրաժարվեց նկարվելուց. «Չէ՛, աղջի՛կ ջան, իմ աղջիկները կարողա տեսնեն, ճանաչեն: Չեմ ուզում, թող իրանք իրանց կյանքով ապրեն, ես` իմ: Ես չեմ ուզում, որ իրանք իմ պատճառով ամաչեն, ես էս կյանքից որ մի բան եմ ուզում, էտի էնա, որ իմ էրեխեքը գոնե երջանիկ լինեն»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԷՍՊԵՍ ՓՈՂ ԿՄՈՒՐԱՄ, ՄԻՆՉԵՎ ՄԵՌՆԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ