ՀԻՄԱ ԷԼ ՆԱՎԹՈՎ ՈՒ ԳԱԶՈՎ Է ԽԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանն ու նրա գլխավորած «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցությունը տեւական ժամանակ է` փորձում են իրենց քարոզարշավը կազմակերպել՝ քաղաքացիներին մոլորեցնելով եւ սուտ խոստումներ տալով: Սկզբում ՀՎԿ-ն կազմակերպել էր ԽՍՀՄ խնայբանկերում ավանդների վերադարձի գործընթաց, եւ մարդկանց փորձում էին համոզել, թե իշխանության գալու դեպքում իրենք կվերադարձնեն փողերը, ու դրա համար ընդամենը պետք է ցուցակագրվել ՀՎԿ-ում ու ընտրություններին ընտրել այդ կուսակցությանը: Երբ բլեֆը պայթեց, Ա. Բաղդասարյանը նոր բան է հորինել. «Ուզում եմ պատասխանատու ամբիոնից, որպես 10 տարի բարձր պետական պաշտոններ զբաղեցրած մարդ ասել, որ Հայաստանում ե՛ւ նավթի պաշարներ կան, ե՛ւ գազի պաշարներ կան, սա կարող է ձեզ համար արտառոց թվալ, բայց այդ նավթի եւ գազի պաշարները, որոնք բավականին խորը հեռավորության վրա են գտնվում, այդ նավթի եւ գազի պաշարները լրջագույն ուսումնասիրության կարիք ունեն»,- մի քանի անգամ ասել է նա` հավելելով, որ այդ գործընթացը իրենք կկազմակերպեն իշխանության գալու դեպքում:
Թե ինչու Ա. Բաղդասարյանն այս ամենի մասին չէր խոսում իշխանության մեջ գտնվելու տարիներին, մնում է միայն ենթադրել:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից ճշտել՝ իսկապե՞ս Հայաստանի ընդերքը նավթի եւ գազի պաշարներով հարուստ է: Ընդերքի գործակալությունից անմիջապես հերքեցին ՀՀ-ում նավթի եւ գազի պաշարների առկայության մասին լուրերը: «ՀՀ ընդերքում նավթի եւ գազի պաշարների ուսումնասիրություններ կատարվել են դեռ ԽՍՀՄ տարիներից, սակայն հայտնաբերված պաշարներ չկան»,- փոխանցեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ընդերքի գործակալության ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման բաժնի պետ Գագիկ Հարոյանը:

 

 

 
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: «Ժողովուրդ» օրաթերթը նախարարից հետաքրքրվեց` երբ սկսի քարոզչությունը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին հրահանգելո՞ւ է սատարել ՀՀԿ-ին: «Երբեւէ, ամենեւին, չի կարող նման հորդորներ ասվել, պարզապես ես իսկապես ակնկալում եմ մեր հասարակության աջակցությունը»,- ասել է Ամիրյանը: Նախարարը նաեւ հայտարարել է, թե ՀՀԿ-ն ոչ միայն մշակույթի գործիչների, այլեւ շատ շատերի վստահությունն է վայելում: Թե ինչու, նա չի մեկնաբանել: Նկատենք, որ այսօր քիչ չեն մտավորականները, մշակույթի գործիչները, որոնք ամենեւին էլ ՀՀԿ-ի հետ չեն եւ ընդգրկված են այլ կուսակցությունների ցուցակներում:

 

 

 
Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործերը` օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով: Ընդ որում, ՀՔԾ ուղարկված գործերի մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ էության, ՀՔԾ-ում կարող էին չքննվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հետ չմնալ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանից եւ պատերազմ է հայտարարել քննչական կոմիտեին: Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ միայն 2016 թվականին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով օբյեկտիվ քննության համար 83 քրեական գործ է հանձնվել ՀՔԾ-ին: Ի՞նչ արդյունք կտա Արթուր Դավթյանի պայքարը, արդյո՞ք նա կկարողանա բարձրացնել «ծանրաձողը» եւ պայքարել արդար քննության համար, ժամանակը ցույց կտա:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը երեկ հանդիպել է Սերժ Սարգսյանին: Թե ինչ են զրուցել եւ ինչ որոշման հանգել հանդիպման ընթացքում, պարզել չհաջողվեց: Միայն նկատելի է եղել, որ Սեդրակյանը նախագահի նստավայրից դուրս է եկել բավականին բարձր տրամադրությամբ: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային թեկնածուների ցուցակներում Մհեր Սեդրակյանի կամ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունը չկար: Ու տեւական ժամանակ է, ինչ լուրեր էին շրջանառվում, թե Սեդրակյանը նեղացած է ՀՀԿ-ից եւ որոշել էր սատարել «Ծառուկյան» դաշինքին, պետք է ռեյտինգային թեկնածուներից լիներ Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Սակայն Դավիթ Սեդրակյանը չառաջադրվեց նաեւ «Ծառուկյան» դաշինքով: Հաշվի առնելով այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցուցակներում 48 ժամ ճշգրտումներ անելու հնարավորություն է տալիս, եւ այդ ժամկետն էլ դեռ չի սպառվել, ապա կարող ենք հետաքրքիր զարգացումների սպասել. պատգամավորի բարձր տրամադրությունը թերեւս դրա ապացույցն է:

 

 

 
ԱՄՆԵԶԻԿ
Խոսքը արծաթ է, լռությունը՝ ոսկի. ասում է հին իմաստությունը: Երեկ մամլո ասուլիս հրավիրած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդների դեպքում, սակայն, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ոսկու հարգը, կարծես, հասկացող չեղավ:
Մասնավորապես նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լրագրողների բազմաթիվ հարցերին այնպիսի պատասխաններ տվեցին, որ մնում է միայն նրանց խորհուրդ տալ՝ հնարավորինս քիչ խոսել:
Վարդան Օսկանյանը, օրինակ, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, թե ԼՂՀ բանակցային գործընթացից դուրս գալու հարցում մեղավոր է Ադրբեջանը: «Ադրբեջանը եկավ, պայմաններ դրեց, որովհետեւ լիսաբոնյան հայտարարություն էր եղել: Այնպես որ, մեղադրել որեւէ մեկին ճիշտ չի լինի»: Նախկին բարձրաստիճան դիվանագետի կողմից նման հայտարարությունն ուղղակի զավեշտալի է հնչում: Առհասարակ, Ադրբեջանը մեղավոր է ղարաբաղյան հակամարտության ծագման հարցում, ուստի հայկական դիվանագիտության խայտառակ բացթողումների համար Ադրբեջանին մեղադրելը գուցե օրիգինալ մոտեցում է, բայց ամենեւին ոչ տրամաբանական:
Հաջորդիվ՝ Օսկանյանն ասում է, թե «Հազարամյակի մարտահրավերները» ՀՀ են բերվել իր արտգործնախարար եղած ժամանակ, սակայն, չգիտես ինչու, չի նշում, թե ում արտգործնախարարության ընթացքում իրականացված խայտառակ քաղաքական բռնաճնշումների հետեւանքով որոշվեց Հայաստանում կասեցնել «Հազարամյակների մարտահրավերները»:
Առհասարակ, քաղբանտարկյալների թեման շատ զգայուն է ինչպես Օսկանյանի, այնպես էլ Օհանյանի համար: Առաջինը, պարզվում է, չի հիշում իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին: Իսկ երկրորդն էլ, թեեւ նախօրեին հայտարարել էր, որ «Հայաստանում, իհարկե, քաղբանտարկյալներ կան», սակայն երեկ ամեն կերպ խուսափեց որեւէ կոնկրետ քաղբանտարկյալի անուն տալ:
Ս. Օհանյանը նաեւ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են սխալներ, թերացումներ՝ միեւնույն ժամանակ պնդելով, թե Ալիկ Միրզաբեկյանին իզուր են պաշտոնանկ արել: Եվ վերստին հարց է ծագում, եթե այդպես է՝ ինչու նախարար Օհանյանը չընդդիմացավ, թե՞ պաշտոնը կորցնելու խնդիր կարող էր ծագել:
Փոխարենը 2005թ. իր աշխատասենյակում Պավլիկ Մանուկյանին մի քանի հոգով դաժան ծեծի ենթարկելը Օհանյանը որակում է որպես ընդամենը «միջադեպ»:
Նա նաեւ հայտարարում է, թե անհրաժեշտության դեպքում կարելի է ապրիլին կորցրած տարածքները հետ բերել: Փաստորեն Օհանյանի նախարարության շրջանում այդպիսի անհրաժեշտություն չկար:
2005թ. Բ. Գրիզլովի կողմից պաշտոնապես «Ռուսաստանի ֆորպոստ» հռչակված ՀՀ արտգործնախարարն էլ միայն հիմա է մտահոգվում, որ Հայաստանը ընկալվում է որպես այլ երկրի կցորդ:
Միով բանիվ՝ ակնհայտ է, որ «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքի առանցքը իրենց բոլոր բացթողումներն օրվա իշխանությունների վրա բարդելու անխախտ սկզբունքն է:




Լրահոս