ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՊԵՏԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն են ուղարկվում ՀՀ քննչական կոմիտեի, ոստիկանության գործերը` օբյեկտիվ քննություն իրականացնելու նպատակով: Նկատենք, որ ՀՔԾ ուղարկված գործերի մեջ կան այնպիսիք, որոնք, ըստ էության, ՀՔԾ-ում կարող էին չքննվել, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հետ չմնալ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանից եւ պատերազմ է հայտարարել կոմիտեին:

«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել օբյեկտիվ քննության հիմնավորմամբ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործերին եւ միջգերատեսչական հակամարտությանը: Ու երբ Գեւորգ Կոստանյանը լքեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, իրավական ոլորտում բախումները դադարեցին, սակայն 2017 թվականի սկզբին կրկին միջգերատեսչական բախումները նոր երանգ ստացան:
«Ժողովուրդ»-ը նկատեց, որ այս տարեսկզբից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրահանգով օբյեկտիվ քննության անվան տակ արդեն մոտ 5 գործ է ուղարկվել ՀՔԾ՝ քննությունը շարունակելու համար: Այստեղ ուշագրավն այն է, որ ՀՔԾ-ին են ուղարկվել այնպիսի գործեր, որոնք, ըստ օրենքի, կարող էր չքննել ՀՔԾ-ն:
Օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված մեկ քրեական գործը:
2016թ.-ի հուլիսի 13-ին «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին հաղորդում է ստացվել որ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներով բուժօգնություն է ստացել քաղաքացի Էդվարդ Ս.-ն: Վերջինս իր հերթին ոստիկաններին հայտնել է, թե, իբր, մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկվելուց խուսափելու համար փախուստի է դիմել եւ բարձրությունից անզգուշաբար վայր ընկնել, ինչի հետեւանքով էլ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Ուստի որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Սակայն հետագայում` 28.07.2016թ.-ին, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում Էդվարդ Ս.-ին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 42Ա տանից գողություն կատարելու մեջ կասկածելու պատճառով հիշյալ տան բնակիչ Ռազմիկ Հ.-ն ինքնությունը դեռեւս չպարզված անձանց հետ ծեծի է ենթարկել Էդվարդ Ս.-ին: Նրանք ձեռքերով եւ ոտքերով դիտավորությամբ հարվածներ են հասցրել Էդվարդ Ս.-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր վնաս:
Մեկ այլ գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երեւանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել «Տրանս Ունիվերսալ» շինարարական ընկերության տնօրեն Արտաշես Բ.-ին, որի անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի զննության ժամանակ հայտնաբերել են թղթե տոպրակի մեջ պահված թմրամիջոցներ, հոգեմետ դեղորայք, ինչպես նաեւ՝ պայթուցիկ նյութ: Մասնավորապես փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ հայտնաբերվածի մեջ առկա են եղել 93.3 գրամ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութ, հաշիշի յուղ տեսակի թմրամիջոց, թմրակտիվ բաղադրատարրեր պարունակող ավելի քան 65 գրամ տարբեր զանգվածներ, ինչպես նաեւ՝ ֆենազեպամ եւ տրամադոլ տեսակի հոգեմետ դեղորայքի 15 դեղահատ:
Քննության ընթացքում, սակայն, շինարարական ընկերության 54-ամյա տնօրեն Արտաշես Բ.-ն վստահեցրել է, որ ինքը որեւէ առնչություն չունի հայտնաբերված թմրամիջոցների եւ պայթուցիկ նյութի հետ: Վերջինս համոզված է, որ դրանք իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը` իրեն վնասելու եւ քրեական պատասխանատվության հիմքեր ստեղծելու դիտավորությամբ:
Ստացվում է այնպես, որ դեռեւս 8 ամիս առաջ արձանագրված դեպքերը այնպիսի հունով են ընթացել, որ իրավական ոլորտի ներկայացուցիչները քննության ընթացքում տարօրինակ դրսեւորումներ են նկատել եւ օբյեկտիվ քննության համար 2017 թվականին հանձնել են ՀՔԾ-ին: Ավելին՝ նկատենք, որ ՀՔԾ ուղարկված գործերը հիմնականում քննվել են մարզերում, այս դեպքում Կոտայքի եւ Լոռու մարզերում: Ավելին՝ գաղտնիք չէ, որ մարզերում շատ դեպքեր մարզային պատասխանատուների թեթեւ ձեռքով «ծածկադմփոց» է արվում, եւ վերեւներում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում: Նշենք, որ օբյեկտիվ քննության պատճառաբանությամբ ՀՔԾ ուղարկված մյուս գործերը կապված են ոստիկանների հետ, որն ըստ էության ՀՔԾ-ի ներքո քննվող գործեր են, սակայն դատելով նախորդ դեպքերից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այստեղ եւս կասկածներ ունի, ուստի որոշել է այդ գործերը նույնպես օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության անվան տակ ՀՔԾ ուղարկել: Հավելենք, որ միայն 2016 թվականին ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով օբյեկտիվ քննության համար 83 քրեական գործ է հանձնվել ՀՔԾ-ին: Ի՞նչ արդյունք կտա Արթուր Դավթյանի պայքարը, արդյո՞ք նա կկարողանա բարձրացնել «ծանրաձողը» եւ պայքարել արդարացի քննության համար, ժամանակը ցույց կտա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԴԻՄՈՒՄ ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՐՑՈՎ
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը արդեն տեւական ժամանակ է, ինչ դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռեւս չի գնում աշխատանքի: 2017թ. հունվարի 28-ին գրել էինք, որ Սահմանադրական դատարանի անդամներից Կիմ Բալայանի որդին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը, հրազենային վիրավորումով տեղափոխվել էր առաջին համալսարանական հիվանդանոց: Վերջինս հայտնել էր, թե վիրավորումը ստացել է պատահական` որսի ժամանակ: Եվ ահա տեւական ժամանակ է, ինչ դատավորի նախագահությամբ քննվող գործերով դատական նիստերը չեն կայանում, ինչը քննարկումների առիթ է տվել: Վերջինիս նախագահությամբ քննվող գործերով տուժողները եւ մեղադրյալները մտահոգված են, թե ինչքան ժամանակ դեռ Բալայանը չի կարողանա ներկայանալ աշխատանքի, եւ եթե երկար ձգվի նրա ապաքինումը, ինչ է լինելու իրենց գործերի ճակատագիրը: Ասել է, թե քաղաքացիները չեն պատրաստվում ամիսներով նստել եւ սպասել, թե երբ դատավորը կներկայանա դատարան, եւ առաջիկայում չի բացառվում, որ այդ խնդրով դիմեն ՀՀ դատական դեպարտամենտ եւ պահանջեն, որ խնդրին լուծում տրվի:

 

 

708 ՀԱԶԱՐ ԴՐԱՄՈՎ «ՊՐԾԱՎ»
Բուհեր ընդունելու դիմաց գումար պահանջելու դեպքերով հարուցված քրեական գործերով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. հոկտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում մի աղջկա ընդունելության համար կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործ: Տեղեկացանք, որ Նվարդ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա քաղաքացի Վլադիկ Ղազարյանի դստերը՝ Անուշ Ղազարյանին, Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժին ընդունելու գործընթացը կազմակերպելու պատրվակով Վ. Ղազարյանից պահանջել է 708 հազար դրամ, սակայն խոստումը այդպես էլ չի կատարել: Տեղեկացանք, որ Ն. Օսիպյանը բուհում բավականին մտերմիկ կապեր է ունեցել եւ ցանկացել է կլորիկ գումարի դիմաց գործը գլուխ բերել, սակայն չի հաջողել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017թ. փետրվարի 9-ին այս գործով Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է վճիռ, եւ Ն. Օսիպյանը խաբեությամբ գումար վերցնելու համար ենթարկվել է պատասխանատվության կես միլիոն դրամով:

 

 
ՇՆՈՐՀԱԿԱԼ Է
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ է գտնվում, հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ «Ժառանգություն» կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում իմ թեկնածությունը առաջադրելու համար: Չորս տարի առաջ ես միացա մեր ժողովրդի հիմնարար իրավունքների համար պայքարին, որպես նախագահի անկախ թեկնածու: Այսօր նույնպես միանում եմ ընդդիմադիր կուսակցությունների պայքարին՝ որպես անկախ, ոչ կուսակցական թեկնածու, նպատակ դնելով իմ առջեւ ամրացնել ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հանրության կապերը Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու գործում»:

 

 

1539 ԹԵԿՆԱԾՈՒ
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ամփոփելով փետրվարի 16-ին ներկայացված քաղաքական ուժերի ցուցակները, հայտնել է, որ ընդհանուր առմամբ առաջադրվել է 1539 պատգամավորության թեկնածու, որոնցից գերակշիռ մասը՝ 1191-ը, տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներ են: Ընդ որում, Մուկուչյանի փոխանցմամբ՝ տարածքային ցուցակներով ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են Կոտայքի մարզում, ամենաքիչը՝ Արագածոտնում եւ Տավուշում: «Ուսումնասիրվելու են բոլոր ներկայացված փաստաթղթերը, եւ արդյունքում մինչեւ ամսի 26-ը իրականացվելու է ընտրություններին մասնակցող կուսակցությունների գրանցման գործընթացը», – նշել է Մուկուչյանը։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՃ
Փետրվարի 16-ին եւ լույս 17-ի գիշերը ԼՂ եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտումների աճ: ԼՂՀ ՊՆ փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: Արեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ:




Լրահոս