«ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՂՄ, ՈՒԺԵՂ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարուհի, պարուսույց, դերասանուհի Սոֆի Դեւոյանը աշխատում է նոր, ծավալուն նախագծի վրա, որը, ըստ նրա, հետաքրքիր անակնկալ կլինի հայրենակիցների համար: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է պարի նոր դպրոցներ հիմնելու անհրաժեշտության, այդ ճանապարհին իր կատարած ռիսկային քայլերի մասին: Տիկին Դեւոյանը խոսել է նաեւ թոռնուհու մասին, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակի տատիկի ճանապարհը: Հայտնի պարուհին տվել է հաջողակ կին լինելու իր բանաձեւը:

-Տիկի՛ն Դեւոյան, տեղյակ եմ, որ այս շրջանում տարբեր հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ եք ստացել, Ձեզ էլի սերիալում կտեսնե՞նք:
-Այո՛, առաջիկայում «Կենտրոն» հեռուստաընկերությամբ մեկնարկելու է նոր սերիալ, որտեղ խաղալու եմ նաեւ ես: Այդ նախագծի մասին մանրամասներ հայտնել չեմ կարող: Իսկ, առհասարակ, վերջին շրջանում Հայաստանում, ԱՄՆ-ում իրականացվող մի շարք հեռուստանախագծերից հրավերներ եմ ստանում, սակայն ժամանակի սղություն ունեմ, բացի այդ` չեմ կարող երկրից դուրս գալ: Պատճառն այն է, որ պարային ոլորտին առնչվող նոր, մեծ ու ծավալուն նախագիծ եմ իրականացնում, դրա մասին, սակայն, դեռեւս ոչինչ պատմել չեմ կարող, քանի որ գաղտնիք է: Թող դա լինի գեղեցիկ անակնկալ իմ ազգին:
-«Սոֆի Դեւոյան» մշակույթի կենտրոնն ի՞նչ ծրագրեր ունի: Ձեր մենապարը ակնդրելու առիթներ կլինե՞ն:
-Հիմա մշակույթի կենտրոնով պատրաստվում ենք երեխաների գալա-համերգին եւ այլ մենահամերգների: Իսկ ես պարային համարով կներկայանամ մարտին Փարիզում տեղի ունենալիք «Armenian Europe Music Awards»-ին:
-Դուք արդեն հասցրել եք պարի դպրոցներ բացել Աբովյանում, Էջմիածնում, ինչպես նաեւ` Երեւանի մի շարք վարչական շրջաններում: Սա, բնականաբար, կապված է մեծ ծախսերի հետ: Ինչպե՞ս եք դրանք հոգում, հովանավորներ ունե՞ք:
-Տարբեր տեղերում դպրոցներ եմ բացում, որովհետեւ զգում եմ, որ երեխաների համար դժվար է, օրինակ, ծայրամասից կենտրոն գալը. ուզում եմ ամեն վարչական շրջան իր դպրոցն ունենա: Հովանավորներ չունեմ, երեւի միակ մարդն եմ Հայաստանում, որ սեփական թատրոն ունի: Շատ դժվար է 25 տարի շարունակ աշխատակիցներին քո գրպանից վճարելը: Ես ինքս ինձ վրա զարմանում եմ, թե ոնց եմ կարողացել դա անել: Բանկից վարկ ենք վերցնում, հետո 5-7 տարվա ընթացքում մարում ենք: Պետք է անվախ լինես, որ ինչ-որ բանի հասնես:
-Ձեր թոռնուհին, կարծես, Ձեր ուղին է բռնել, այո՞:
-Այո՛, բայց նա նաեւ շատ լավ նկարում է: Տեսնենք` ինչ մասնագիտություն կընտրի: Համենայն դեպս, պարին շատ լուրջ է վերաբերվում:
-Նրա ազգանունը Պողոսյան է, բայց հանդես է գալիս տատիկի ազգանվամբ` Դեւոյան: Ինչ-որ հատուկ պատճառ կա՞:
-Դա իր ցանկությունն է: Ես չեմ խառնվել նույնիսկ նրա անվան ընտրությանը. ծնողներն են որոշել թոռնուհուս իմ անունով կոչել: Հետո, երբ արդեն Սոֆին երեք տարեկան էր, ասաց. «Ես պետք է լինեմ Սոֆի Դեւոյան»: Ուզում է 16 տարեկանում ազգանունը փոխել, դարձնել Սոֆի Դեւոյան-Պողոսյան:
-Ուզում է տատիկի հետ ասոցացվել, գուցե…
-Չեմ կարող ասել, բայց ինքն իրենով արդեն իսկ վառ անհատականություն է: Նա շատ անգամ մեր կոստյումների դիզայնով է զբաղվում, հետաքրքիր լուծումներ է գտնում: Այնպես որ, ես իր հետ հաշվի եմ նստում (ծիծաղում է):
-Տիկի՛ն Դեւոյան, կնոջն ի՞նչ է հարկավոր` հաջողակ լինելու համար:
-Կինը պետք է լինի մեղմ, ուժեղ եւ իմաստուն: Այս երեք որակը եթե ունենա, հաջողությունն անխուսափելի կլինի: Ես ինձ համարում եմ երջանիկ կին եւ շնորհակալություն եմ հայտնում Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ: Ամեն բան անում եմ Աստծո եւ իմ հաճույքի համար:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Փետրվարի 16-ին, կյանքի 89-րդ տարում մահացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Խաչատուրի Անդրանիկյանը:
Նշենք, որ Ս. Անդրանիկյանը այնպիսի հայտնի գեղարվեստական ֆիլմերի բեմադրող նկարիչն էր, ինչպիսիք են «Տժվժիկը», «Ճանապարհ դեպի կրկեսը», «Նռան գույնը», «Երկունքը» եւ այլն: Նա ձեւավորել է նաեւ մուլտֆիլմեր` «Արեւի հարսնացուն», «Վին պինգվինը», «Կար-չկար, մի ոզնի կար» եւ այլն: 1967-ին Ս. Անդրանիկյանն արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2011 թվականին` ժողովրդական նկարչի կոչման, 2010 թվականին` ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

 

 

ԼԵՆՈՆԻ ԱԿՆՈՑԸ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Անգլիայում աճուրդի են հանել բրիտանական The Beatles երաժշտական խմբի հիմնադիրներից մեկի` Ջոն Լենոնի արեւապաշտպան ակնոցը: Mirror թերթը տեղեկացնում է, որ կլոր ապակիներով ակնոցը գնահատված է 3,5 հազար ֆունտ (4,5 հազար դոլար):
Իսկ ակնոցը, պարզվում է, բավական հետաքրքիր պատմություն ունի: 1970¬ականներին Ջոն Լենոնը Լոնդոնում` իր հորեղբոր տանը, հեռախոսով խոսելիս է լինում եւ այնքան է զայրանում, որ վնասում է ակնոցը, ապա դեն նետում այն: Սակայն Լենոնի հորեղբայրը՝ Չառլի Լենոնը, ափսոսում է ակնոցը: Նա հանում է այն աղբամանից եւ նորոգում: Բացի այդ` այս պատմությունը հորեղբայրը գրի է առնում նամակում, որը նույնպես կպատկանի նրան, ով կգնի ակնոցը:

 

 

ՆՈՐ ՍԻՐԱՎԵՊ
Նախորդ տարվա դեկտեմբերին երգիչ Մարկ Էնթոնին հայտարարեց Շենոն դե Լիմայից ամուսնալուծվելու մասին։ Արդեն փետրվարին բոլոր փաստաթղթերը ձեւակերպված էին, եւ Էնթոնին դարձյալ միայնակ էր: Այժմ պարզվում է, որ երգիչը հանդիպում է 21-ամյա մոդել Մարիանա Դաունինգի հետ։ Արեւմտյան ԶԼՄ-ները գրում են, որ նրանք հանդիպել են մի քանի ամիս առաջ՝ երեկույթի ժամանակ։ «Մարկն իրեն պահում էր պատանու նման, քանի որ նրան շատ էր դուր գալիս այդ աղջիկը։ Այդ հանդիպումից հետո նրանք չեն բաժանվում։ Մարիանան արդեն եղել է նրա համերգներից մեկին, իսկ վերջերս նրանք միասին հանգստի էին մեկնել Կարիբյան կղզիներ»,- ասել է զույգի մտերիմ աղբյուրը։




Լրահոս