Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեկնարկեց Մեծ Պահքը, որը հաջորդում է Բուն Բարեկենդանի տոնին և տևում 48 օր: Qahana.am-ը հայտնում է, որ Պահք ասելով առաջին հերթին պատկերացնում ենք սննդի ու հոգևոր պահեցողության ընդհանուր դրույթները։ Իսկ գործնականում այն ենթադրում է հսկել, պահպանել։ Պահքն այն ժամանակն է, երբ մեր միտքը «պահակ» է կանգնում, հսկում է հոգուն՝ այնտեղ պահված գանձը պահպանելու համար։

Մարդը հանուն շահի, սեփականության, դրամի պատրաստ է ցանկացած քայլի։ Եվ որքան ագրեսիվ է արտաքնապես, ակտիվ՝ նյութական արժեքները պահպանելու առումով, այնքան պասիվ է հոգևոր արժեքների պահպանման հարցում։

Եվ ահա պահքը հնարավորություն է՝ փոխել իրավիճակը և նախանձախնդիր լինել հոգևոր արժեքների պահպանմանը։

Ժամանակի մեջ իր հետքը թողնելու համար մարդը ստեղծել է օրացույց, որի ամեն օրն իր «անունն» ու խորհուրդն ունի։ Եկեղեցին էլ ունի իր օրացույցը, որը մարդուն հիշեցնում է, որ ինքը ոչ միայն աշխատուժ է, այլ նաև՝ Աստծո զավակ, ոչ միայն հասարակության անդամ է, այլև՝ երկնքի քաղաքացի։ Իսկ եկեղեցական օրացույցի մեջ առանձնահատուկ է Մեծ Պահքի շրջանն իր կիրակիների խորհրդով։

Պահքի ժամանակ ամենատարածված հարցերը վերաբերում են կանոններին. ի՞նչ անել, ի՞նչ չանել, ի՞նչ ուտել և այլն։

Շատերն անդրադառնալով սննդի ու հոգևոր պահքի համադրությանը՝ պնդում են, որ կարևորը հոգևոր պահքն է. եթե Ավետարանն ասում է, թե ուտելիքով մարդը չի պղծվում, ապա ինչո՞ւ է սննդի պահքը կարևոր։

Հստակ է որ արտաքին կեցությունն անդրադառնում է հոգևոր կեցությանը։ Օրինակ՝ երբ մարդը փոխում է հագուստը, փոխվում է նաև կեցվածքը։ Եթե հագնում ենք սպորտային ոճի հագուստ, մեր կեցվածքն ավելի ազատ է, իսկ երբ հագնում ենք դասական ոճի հագուստ, կեցվածքը դառնում է ավելի զուսպ ու ձգված։ Եթե հագուստը կարող է փոխել մարդու կեցվածքը, ապա որքան ավելի՝ մարմինը։

Պահքի շնորհիվ մարդը եկեղեցական–ծիսական ռիթմի մեջ է մտնում, որտեղ կարևոր են որոշ կանոններ։
ա. Ուտել բուսական ծագմամբ կերակուրներ։ (Մեղրը համարվում է պահքի կերակուր, իսկ ձուկը՝ ոչ)։
բ. Սնվել չափավոր։ Թյուրիմացություն է, երբ պահքի ընթացքում սնվում ենք միայն բուսական կերակուրներով, սակայն ագահաբար ենք վերաբերում ուտելիքին։ Պետք է լինել ժուժկալ։
գ. Հրաժարվել կախվածությունից։ Պահքը տալիս է հնարավորություն և ժամանակ՝ հոգու ազատության համար։ Այդ ազատությունը պայմանավորված է մոլություններից, կախվածություններից ու պարապ զբաղմունքներից հրաժարվելով (համակարգչային խաղեր, սոց. ցանցերում ժամանակի վատնում, խաղամոլություն, սերիալների դիտում, պարապ զբաղմունքներ, դատարկախոսություն)։
դ. Աղոթել կանոնավոր։ Պահքի ընթացքում կարևոր է աղոթական կյանքը։ Աղոթքը երկու տեսակ է՝ անհատական և ընդհանրական։ Պետք է փորձենք անհատական աղոթքի միջոցով բացահայտել Աստծո ներկայությունը մեր ամենօրյա կյանքում։ Կարևոր է նաև կանոնավոր ընդհանրական աղոթքը՝ ամեն կիրակի մասնակցել Ս. Պատարագների, հնարավորության դեպքում՝ առավոտյան և երեկոյան ժամերգություններին։
ե. Կարդալ Աստվածաշունչ։ Պահքի ընթացքում և առհասարակ քրիստոնյայի կարևոր պարտականություններից է Ս. Գրքի ընթերցանությունը։ Հատկապես Պահքի ընթացքում նախընտրելի է ամեն օր ընթերցել Ավետարանից առնվազն մեկ գլուխ։ Եթե աղոթքով մարդն է զրուցում Աստծո հետ, ապա Աստվածաշնչի ընթերցանությամբ Աստված է խոսում մեզ հետ։
զ. Բարի գործեր անել։ Իհարկե, բարեգործությունը միայն Պահքին հատուկ չէ, այն պետք է ուղեկցի մեզ ամեն օր։ Սակայն Ս. Հովհան Ոսկեբերանը սովորեցնում է Պահքին կենդանական կերակուրներ չուտելու իմաստը. ասում է՝ հաշվիր, թե ինչքան ես ծախսում կենդանական կերակուրների համար ու համադրիր տարբերությունը, երբ բուսական մթերքներով ես սնվում, տարբերությունը բաժանիր աղքատներին։ Այսինքն չուտելու նպատակն այդ չկերածը բարեգործության ուղղելն է։
է. Անել այն, ինչը վաղուց պետք է անեիր։ Պահքի ժամանակ առկա բոլոր սահամանափակումներն իմաստ ունեն, եթե դրանք օգնում են միտքը ազատել ոչ կարևոր զբաղմունքներից և կենտրոնանալ կարևորի վրա։ Այլ կերպ՝ վերարժևորել կյանքը, որի արդյունքում մենք լրացնում ենք կիսատ թողածը։


Այս կանոններն ընդհանուր են բոլորի համար, սակայն կան նաև կանոններ, որոնք մարդն անհատապես ինքն իր համար է հաստատում՝ հաշվի առնելով սեփական տկարությունները։ Այդ կանոնները անհատական են և պարտադիր չեն բոլորի համար, թեև կարող են օրինակ լինել յուրաքանչյուրին։

Կան մարդիկ, ովքեր պահքի ժամանակ իրենց զրկում են՝

1. սուրճ խմելուց, թեև սուրճը բուսական է, սակայն հաշվի առնելով, որ ունեն կախվածություն, որոշում են հրաժարվել դրանից,թեկուզ բուսական, սակայն որոշ ուտեստներից, որոնց նկատմամբ ունեն հատուկ թուլություն,

2. քաղցր ուտեստներից, որոնք կարող են բուսական ծագում ունենալ, բայց հաշվի առնելով սերը քաղցրավենիքի նկատմամբ՝ որոշում են հրաժարվել քաղցրավենիքից,

3. հեռուստացույց նայելուց,

4. սոց. ցանցեր մտնելուց,

5. ծխախոտից,

6. զվարճանքի վայրեր այցելությունից և այլն։




Լրահոս