Վրաստանի պատրիարք Իլյա II-ի կնիքն ու ֆաքսիմիլեն գողացել են Գերմանիայում նրա բուժման ընթացքում: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է աստվածաբան Գեորգի Տիգինաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«Եթե պատրիարքը մահանար Գերմանիայում օպերացիայի ընթացքում, պատրիարքարանում պետք է անհապաղ հայտարարեին թագաժառանգին: Դա, իհարկե, կլիներ պատրիարքի կեղծ կտակը»,-պատմել է Տիգինաշվիլին:
Իլյա II-ը մեկնել էր Գերմանիա փետրվարի 2-ին, փետրվարի 13-ին նա Բեռլինում վիրահատվել էր՝ լեղապարկի բորբոքման պատճառով: Նույն օրը Վրաստանի դատախազությունը հայտնել էր, որ Թբիլիսիի օդանավակայանում սպանություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել էր պատրիարքի գույքի կառավարման հարցով ծառայության ղեկավարը: