Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակում ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու և ապահովելու համար ՄԻՊը ստեղծել է աշխատանքային խումբ: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այդ աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման սկզբունքով անընդհատ ուսումնասիրել զանազան լրատվամիջոցների հրապարակումները, ապահովել բողոքների և գանգատների պատշաճ քննարկումը ու լուծումը: Խումբը պատասխանատու է լինելու նաև քաղաքացիների ընդունելության, իրավական խորհրդատվության, արագ արձագանքման այցելությունների համար», ընդգծեց Թաթոյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքային խմբի վրա հատուկ խնդիր է դրված լինելու ուշադիր լինել՝ հատկապես դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիների պաշտպանությունը ապահովելու հարցում, և, խախտում նկատելու դեպքում, անհապաղ արձագանքել: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրեց նաև, որ խումբը համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ: «ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավարի և պատվիրակության անդամների հետ ունեցել ենք հանդիպում: Պայմանավորվածություն ունենք համատեղ աշխատելու և մշտապես տեղեկատվության առումով կապը պահպանելու», -նշեց Թաթոյանը: Ընտրական ողջ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմը գործելու է բացարձակ անաչառության, հրապարակայնության, թափանցիկության և սահմանադրությամբ հիմնված մյուս սկզբունքների հիման վրա:
«Աշխատանքային խմբին հանձնարարված է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ և բոլոր հրապարակումներին արագ արձագանքել: Խմբում ներգրավված են նաև ՄԻՊի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Այս ամենը կատարվելու է իմ անմիջական վերահսկողության ներքո: Եթե լինեն իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգեր խումբը պատրաստ է այցելություններ կատարել սկսած ընտրատեղամասերից վերջացած ոստիկանության բաժիններ»շեշտեց Թաթոյանը: