1972 թվականին ծնված Աթիկ Խուրշուդյանը չարորակ ուռուցքի երկու վիրահատություն է տարել: Վերջինը նախորդ տարվա դեկտեմբերին. Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում հեռացվել է լեզվի վրա սերտաճած և ճյուղավորված ուռուցքը:
Աթիկ Խուրշուդյանը չի կարողանում խոսել, ինքնուրույն տեղաշարժվել: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է:
ArmLur.am-ի հետ զրույցում Խուրշուդյանի կինը՝ Ժանետան՝ վշտացած ու հուսալքված, սարսափելի տեսարան ներկայացրեց. ամուսնու՝ ամիսներ շարունակ չլավացող սպին վիրակապելու համար անգամ բամբակ չունեն. զուգարանի թուղթ են դնում սպիի վրա. «Հաշմանդամության թոշակն ու նպաստը, որ ստանում ենք անգամ վարկերն ու տոկոսները մարելուն չի բավականացնում: Ամուսնուս վերքերը չեն լավանում, որովհետև «պերեվյազկաներ» անելու համար գումար չունենք, որպեսզի հիվանդանոց գնանք: Երկու ամիս է անցել, բայց վերքերը նույն վիճակում են գտնվում: Նոր վիրահատված մարդուն սնվել է անհրաժեշտ, բայց գումար չունենք, հազիվ գոյատևում ենք»,- լացակումած ներկայացրեց կինը:
Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին վիրահատությունից հետո ամուսինը կարողանում էր աշխատել, ինչը հոգսը թեթևացնում էր, սակայն հիմա, երբ անկողնային վիճակում է, ընտանիքի սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է:
Խուրշուդյան ամուսինները սոցիալապես անապահով վիճակում են ապրում՝ Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում: Մի փոքրիկ, անմխիթար տարածք են վարձակալել, որտեղ էլ բնակվում են: Տանտերը օրերս տեսնելով Աթիկ Խուրշուդյանի վիճակը՝ թույլատրել է, որպեսզի տան հարակից տարածքի ծառերից կտրեն, կարողանան ջեռուցել:
Աթիկ և Ժանետա Խուրշուդյանները 2 տարեկան փոքրիկ ունեն. «Ուզածս մեծ բան չէ: Միայն օգնեք, որ երեխայիս նրա հայրը մեծացնի»,- ասում է տիկին Ժանետան:
Այս երիտասարդ ընտանիքը բարի ու սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի: