Սերժ Սարգսյանը ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպես է մեկնաբանել ժամանակին սահմանադրական փոփոխությունների իր նախաձեռնությունը. «Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում հանրապետության նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է»: Ս. Սարգսյանը նաեւ ասել է, թե 2018-ից հետո հանրապետության վարչապետի լիազորությունները շատ ավելի լայն են լինելու, «քան այն, ինչ կիսանախագահական համակարգում վերապահված է այսօրվա նախագահին»։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ առնվազն 2005թ. հետո, երբ փոխվեց Սահմանադրությունն ու անցում կատարեցինք կիսանախագահական համակարգի, նախագահների ու վարչապետների միջեւ ընթացել է անառողջ մրցակցություն: Ընդ որում, այդ ողջ ընթացքում Հայաստանի վարչապետները եղել են ՀՀԿ անդամներ. Քոչարյանի նախագահության օրոք վարչապետ են եղել Անդրանիկ Մարգարյանն ու ինքը՝ Սերժ Սարգսյանը, իսկ իր նախագահության օրոք՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու հիմա էլ Կարեն Կարապետյանը: Եթե անկեղծ, ապա այդ հակամարտությունը շատ դեպքերում ցցուն է եղել: Ու հիմա սահմանադրական այս փոփոխություններից հետո Ս. Սարգսյանը որոշել է 2018թ. ապրիլից իր ձեռքը վերցնել ողջ իշխանությունն արդեն որպես վարչապետ. հո իզուր չի գնացել այս քայլին ու վարչապետին ավելի լայն լիազորություններ ընձեռել, քան այսօրվա նախագահինն է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ռեյտինգային ընտրակարգը նմանեցրել է գլադիատորական մարտերի: «Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի այլանդակ բնույթը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերիս հաջողվեց գոնե մի քանի սկզբունքային դրույթ ֆիքսել ԸՕ-ում, որը հնարավորություն կտա որոշակի վերահսկողություն իրականացնել ընտրական գործընթացի նկատմամբ։ Հակառակ դեպքում՝ մեզ սպասվում էր Պոմպեյի կործանմանը հավասարազոր ընտրական ցնցում»,- «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել է նա: Իսկ երկու առանցքային դրույթները ընտրական ողջ գործընթացի տեսանկարահանման եւ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջներն են եղել: «Հիշե՛ք, ռեյտինգային այս դեֆորմացված ընտրակարգը հենց ՀՀԿ ներսում է բերելու գլադիատորական մարտերի։ Ռեյտինգայինով առաջադրված գլադիատորներն իրար դեմ կյանքի-մահու պայքար են մղելու, եւ հաղթելու է նա, ով վերջում «ողջ» կմնա։ Սա է այս համակարգի փիլիսոփայությունը»,- ասել է նա։
ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, լուրջ խնդրի առաջ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա չի համապատասխանում ԸՕ 80-րդ հոդվածի պահանջներին. վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլ գտնվել է ՌԴ-ում, նաեւ Եվրոպայում: Ու հիմա մեծ է հավանականությունը, որ Արզաքանցյանին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը պարզապես չտրամադրի տեղեկանքը, եթե, իհարկե, իշխանության ամենավերին օղակի մակարդակով հակառակ հրահանգ չտրվի: Արզաքանցյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելով՝ շտապեց հերքել այդ լուրերը: «Ոչ, ոչ»,- ասաց նա: Հարցին՝ այսինքն՝ նման խնդրի չեք բախվել, ամեն ինչ նորմա՞լ է, պատգամավորի թեկնածուն նշեց. «Այո, նորմալ է»:
Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Քրեական գործով պարզվել էր, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներից մեկը պարբերաբար շահագործել է նրան: Եւ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շ. Գալստյանը տան միակ զավակն է եղել, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ նրա հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից իրավունք ունեն օգտվելու նաեւ միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր: Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում, վկայակոչելով օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը, կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում Շ. Գալստյանը պետք է զորակոչվեր իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս: Մինչդեռ Աբովյանում բնակվող երիտասարդին զորակոչել են Տավուշի մարզ: Տես էջ 4
ԱՆՍՊԱՌԱԶԵՆ
Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI) նախօրեին հրապարակել է տարեկան զեկույցը, որի արդյունքները մեզ համար, մեղմ ասած, մտահոգիչ են: Ըստ այս հեղինակավոր կառույցի տվյալների՝ վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Եվ որ ուշագրավ է՝ զենքի մեծ մասը՝ ավելի քան 80%, Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին, իհարկե, զենք են մատակարարել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը եւ Թուրքիան:
Առհասարակ, Ադրբեջանը ՌԴ-ից ամենից շատ զենք ձեռք բերած երկրների հնգյակում է՝ զիջելով Ալժիրին, Չինաստանին, Վիետնամին եւ առաջատար Հնդկաստանին, որը ռուսական զենքի 38 տոկոսի գնորդն է: Իսկ ահա մեր հակառակորդ երկրին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ծավալների չորս տոկոսը:
Ընդ որում, նկատենք, որ իր առաջատար դիրքերը Ադրբեջանը պահպանում է վերջին ութ տարիներին: Մասնավորապես 2009-2013թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել էր: Ավելին՝ 2014թ. տվյալներով՝ եվրոպական երկրների մեջ /Ադրբեջանը դասված էր իբրեւ այդպիսին/ մեր հակառակորդ երկիրը հանդիսանում էր երկրորդ զենք ներմուծող երկիրը՝ Մեծ Բրիտանիայից հետո, որին հաջորդում էր Հունաստանը:
Ելնելով այն փաստից, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը անգամ ապրիլյան պատերազմի օրերին չվարանեց հայտարարել, որ Մոսկվան շարունակելու է Բաքվին զենք վաճառել, առաջիկա տարիներին նմանատիպ զեկույցներում Ադրբեջանն էլ ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցնելու՝ թքած ունենալով սպառազինությունների մրցավազքը սահմանափակող բոլոր միջազգային կոնվենցիաների վրա:
Իսկ ինչ է անում Հայաստանն ի պատասխան: Կամ ինչ կարող է անել: Իրականում Հայաստանը չունենալով նավթագազային ռեսուրսներ՝ ուներ եւ ունի այլ՝ ոչ պակաս կարեւոր ռեսուրս՝ սփյուռքի ռեսուրսը: Սակայն անկախության քսանհինգ տարիներին մեր ապաշնորհ իշխանությունների հետեւողական ջանքերով այս ռեսուրսը մանրացվել է՝ հասցվելով ընդամենը Հայաստան հիմնադրամի՝ տարեցտարի ավելի ու ավելի քիչ հավաքվող դրամաշնորհների մակարդակին:
Հատուկ ընդգծենք, որ սփյուռքի ռեսուրս ասելով՝ նկատի ունենք ոչ այնքան ֆինանսական, որքան մտավոր ռեսուրսը: Այսօր աշխարհը առաջ են տանում տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հաճախ փոխվում է փոքրի ու մեծի հարաբերակցությունն, ու տրամագծորեն վերանայվում ուժեղի ու թույլի մասին պատկերացումները: Ու փոխանակ օգտագործելու համայն հայության մտավոր անգին ռեսուրսը, փոխանակ այդ ամենը համախմբելու եւ ուղղորդելու մեկ՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության մեծացման նպատակին, մեր իշխանավորները ՀՀ ինքնիշխանության վերջին փշրանքներն են նվիրում Ադրբեջանին զինող Ռուսաստանին, ինչ է, թե իրենց աթոռները պահեն: